Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լոլիկը՝ առողջություն պարգևող «ոսկե խնձոր»

Նոյեմբեր 02,2022 09:30

15 տարեկանում՝ ամառային մի շոգ օր ես ինձ համար բացահայտեցի գասպաչոն՝ իսպանական խոհանոցը զարդարող սառը ապուրը, որը դարձավ իմ ամենասիրելի կերակուրն ամառվա շոգ եղանակին, և քանի որ գասպաչոյի կարևորագույն բաղադրիչը թարմ ու համեղ լոլիկն է, ապա իմ կողմից պարզապես հանցագործություն կլիներ լոլիկի մասին չգրելը, մանավանդ որ այդ հյութեղ բանջարեղենը կարող է պարծենալ ոչ միայն համային հրաշալի հատկանիշներով ու սքանչելի տեսքով, այլև առողջության համար այնքան անհրաժեշտ սննդանյութերով։

Լոլիկը կալիումի, մանգանի, ֆոսֆորի, C, А, Е և В վիտամինների, ֆլավոնոլների (ռուտին, կեմպֆերոլ, կվերցետին), Ֆլավոնոնների (նարինգենին), գլիկոզիդների հարուստ աղբյուր է, սակայն այն հատկապես արժեքավոր է լիկոպինի՝ կենսականորեն կարևոր հակաօքսիդանտի շնորհիվ, քանի որ վերջինս նախ և առաջ իր հակաքաղցկեղային ազդեցությամբ է հայտնի։ Հենց այդ միացությունն էլ հաղորդում է լոլիկին հագեցած կարմիր գույն և պաշտպանում բանջարեղենը արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից, և նմանատիպ ազդեցություն էլ այն գործում է մարդու բջիջների վրա։

Լիկոպինն օրգանիզմի կողմից չի արտադրվում և շատ կարևոր է այն սննդի միջոցով ստանալը։ Այլ մրգերն ու բանջարեղենի տեսակներն էլ են լիկոպին պարունակում, սակայն ոչ այդպիսի բարձր խտությամբ, ինչպես լոլիկը։

Հետաքրքիր է, որ խոհարարական մշակումը ոչ թե նվազեցնում, այլ ավելացնում է լիկոպինի կենսահասանելիությունը, ի տարբերություն շատ սննդանյութերի, որոնք ջերմային մշակման ենթարկվելիս կորցնում են իրենց արժեքավոր հատկանիշները։

Ազատ ռադիկալները չեզոքացնող հատկության շնորհիվ լիկոպինով հարուստ մթերքները կարող են նպաստել թոքերի, ստամոքսի ու շագանակագեղձի քաղցկեղի կանխարգելմանը։ Լիկոպինը նաև օգնում է նվազեցնել զարկերակային ճնշումն ու վատ խոլեսթերինի մակարդակն արյան մեջ՝ նպաստելով սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման վտանգի կանխարգելմանը։ Լիկոպինը հակաօքսիդանտային ավելի ընդգծված ազդեցություն ունի, քան այլ կարոտինոիդները, օրինակ՝ բետա-կարոտինը, իսկ վերջին հետազոտությունները փաստում են, որ լիկոպինը նվազեցնում է նաև կաթվածի վտանգը։ Ինչպես պարզվել է, արյան մեջ լիկոպինի ավելի բարձր մակարդակ ունեցող տղամարդիկ 55 տոկոսով ավելի քիչ են հակված եղել կաթվածի վտանգին, քան նրանք, որոնց արյան մեջ լիկոպինի մակարդակը պակաս է եղել։

Լոլիկի հայրենիքը Հարավային Ամերիկան է՝ Պերուն, Բոլիվիան և Էկվադորը

Լոլիկը նաև հարուստ է լյուտեին ու զեաքսանտին սննդանյութերով, որոնք օգնում են պաշտպանել աչքերը թվային սարքավորումների՝ սմարթֆոնների ու համակարգիչների կապույտ լուսարձակումից։ Այս նյութերը նաև օգնում են աչքերի հոգնածության ու ծանրաբեռնվածությունից առաջացած անհարմարության զգացումների կանխարգելման հարցում։

Լոլիկը Եվրոպա է բերվել 16-րդ դարի առաջին կեսերին՝ տարածվելով Իսպանիայում, Պորտուգալիայում և Իտալիայում։ Եվրոպացիները բույսն անավանել են pommo d’ oro («ոսկե խնձոր»)։

Ինչպես արդեն նշվեց, լոլիկն օգտակար է թե՛ թարմ, թե՛ եփված ու պահածոյացված վիճակում, սակայն ցանկալի է խուսափել մետաղական տարաներում պահածոյացված լոլիկից և տոմատի մածուկներից՝ նախապատվությունը տալով տնական եղանակով պատրաստված կամ ապակյա տարաներում վաճառվող տարբերակներին, քանի որ մետաղական տարաների ներքին շերտը պարունակում է թունավոր միացություններ, որոնք կարող են ներզատական համակարգի խանգարումներ առաջացնել։

Նաև նշենք, որ լոլիկն ավելի լավ է յուրացվում օրգանիզմի կողմից, երբ համադրվում է ճարպերի հետ, քանի որ լոլիկում պարունակվող լիկոպին հակաօքսիդանտը ճարպալույծ սննդանյութ է։ Ձիթապտղի յուղով համեմված թարմ լոլիկը կամ լոլիկի եփված խյուսն առողջությանը «ձեռք մեկնող» հիանալի ուտեստներ են, դե իսկ գասպաչոն՝ ամառային ջերմ օրերը հիշելու շատ համեղ առիթ։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Նյութում օգտագործվել են տեղեկություններ հետևյալ աղբյուրից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930