Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԺ խմբակցության` հարցապնդում ներկայացնելու իրավունքը որեւէ ձեւով սահմանափակելն արդարացված չէ». ՍԴ դատավոր

Նոյեմբեր 02,2022 13:30

Սահմանադրական դատարանը հոկտեմբերի 11-ի որոշմամբ արձանագրել էր, որ ՀՀ սահմանադրական մշակույթի զարգացման ընթացքում հարցապնդման իրավական ինստիտուտը պատգամավորական հարցի իրավական ընթացակարգից վերածվել է էական իրավական հետեւանքներ առաջացնող խորհրդարանական վերահսկողության վճռորոշ ձեւի, որն առանձնանում է նախաձեռնող սուբյեկտով, հարցապնդումների քննարկման արդյունքում ընդունվելիք որոշումների այլընտրանքայնությամբ, դրանցից ամեն մեկի բովանդակության որոշակիությամբ, ինչպես նաեւ դրանց իրավական հետեւանքների բնույթով: Ինչպես տեղեկացրել էինք («Ըստ ՍԴ դիմողի՝ սահմանափակվել է խմբակցությունների՝ հարցապնդումներ ներկայացնելու իրավունքը», հոկտեմբերի 19, «Առավոտ»), Սահմանադրական դատարանը որոշել էր, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 121-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում էր Սահմանադրությանը: ՍԴ նիստը նախագահողը տեղեկացրել էր, որ այս գործով Սահմանադրական դատարանի դատավոր Ա. Խաչատրյանը ներկայացնելու է Հատուկ կարծիք:

Հոկտեմբերի 21-ի Հատուկ կարծիքը երեկ արդեն ՍԴ պաշտոնական կայքում տեղադրված էր: Ըստ ՍԴ դատավորի հատուկ կարծիքի՝ ԱԺ խմբակցության հարցապնդումը կառավարության առանձին անդամի, այդ թվում` վարչապետի գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացման ձեւ է, խմբակցության հարցապնդման իրավունքն իրացվում է Կառավարության անդամի կողմից այդ հարցապնդմանը Սահմանադրությամբ նախատեսված ժամկետում պատասխան ներկայացնելու միջոցով, Ազգային ժողովի նիստում ներկայացվում է հարցապնդման պատասխանը, եւ այդ նիստում հարցապնդման պատասխանը կարող է քննարկվել միայն խմբակցության առաջարկությամբ, հարցապնդման պատասխանի քննարկման արդյունքով Ազգային ժողովը կարող է առաջարկել վարչապետին քննարկել Կառավարության առանձին անդամի հետագա պաշտոնավարման հարցը: Նաեւ՝ հարցապնդման պատասխանի քննարկման արդյունքով Սահմանադրությամբ սահմանված կարգով վարչապետին անվստահություն հայտնելու առաջարկ կարող է ներկայացվել պատգամավորների ընդհանուր թվի մեկ երրորդի կողմից: Դատավորը հակասություն էր տեսել, մասնավորապես, նկատելով. «Ազգային ժողովի կանոնակարգով սահմանվել են մի դեպքում` սահմանադրական նորմի բովանդակային նշանակությունը լրացնող, իսկ մեկ այլ դեպքում` այդ նորմի բովանդակային նշանակությունից տարբերվող իրավակարգավորումներ»:

Ըստ դատավոր Խաչատրյանի՝ օրենքով սահմանված է, որ նույն հերթական նստաշրջանի ընթացքում միեւնույն խմբակցությունը հարցապնդումով Կառավարության անդամներին կարող է դիմել մեկ անգամ (հոդվ. 121, մաս 2), կամ հերթական նստաշրջանում գումարվող յուրաքանչյուր շաբաթվա հերթական նիստերում կարող է ներկայացվել եւ քննարկվել մեկ հարցապնդման պատասխան (հոդվ. 121, մաս 6), կամ հարցապնդման քննարկման տեւողությունը 90 րոպե է (հոդվ. 121, մաս 12): Ընդհանրացնելով իր կարծիքը՝ դատավորը նշել է. «Կարծում եմ, որ խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում Ազգային ժողովի քաղաքական կամքի ձեւավորմանը նպաստող մարմնի` Ազգային ժողովի խմբակցության` հարցապնդում ներկայացնելու իրավունքը որեւէ ձեւով սահմանափակելն արդարացված չէ` իշխանությունների բաժանման եւ հավասարակշռման սահմանադրական սկզբունքի պահպանման եւ Ազգային ժողովի բնականոն գործունեության ապահովման տեսանկյունից»:

Այսինքն, հարցապնդումներով դիմելու իրավունքի պարբերականության մասով Ազգային ժողովի կանոնակարգի` սահմանափակում սահմանող «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 121-րդ հոդվածի 2-րդ եւ դրա հետ համակարգային առումով փոխկապակցված՝ նույն հոդվածի 6-րդ եւ 12-րդ մասերը խնդրահարույց են, ինչը նաեւ նշանակում է, որ վիճարկվող օրենքի համապատասխան դրույթները համակարգման ու հստակեցման կարիք ունեն։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.10.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930