Լրահոս
Օրվա լրահոսը

Էլ ի՞նչ լինի, որ վերջապես հասկանանք՝ հայրենիքը ձեռից գնում է

Նոյեմբեր 02,2022 13:00

Թե վերջին 4 տարիներին ինչ ճանապարհ անցան Արցախը եւ Հայաստանը ու ինչ իրավիճակում են գտնվում նրանք այսօր, բոլորիս է հայտնի: Ճակատագրի հեգնանքով եւ ուղղակիորեն՝ ժողովրդի անտարբերության պատճառով, մեր երկու հայրենիքները համարյա հայտնվել են անդունդի եզրին եւ եւս մեկ սխալ՝ անզգույշ քայլ, նրանք իսկապես կհայտնվեն անդունդում, որտեղից փրկվելը համարյա անհնարին կլինի:

Զարմանալ կարելի է, որ անգամ Հայաստանի իշխանությունների կողմից արված հայտարարությունն առ այն, որ Հայաստանը ձեռքը քաշում է Արցախից ու նրան թողնում բախտի քմահաճույքին, Հայաստանի տարածքների մի մասը բավականին ժամանակ փաստացի թողել է Ադրբեջանի ենթակայության տակ, թշնամին հաստատապես ու մշտապես պահանջում է Սյունիքի միջանցքի բացումը ու որոշակի այլ տարածքների հանձնումն իրեն, շարունակաբար ահաբեկում ու հոխորտում է Հայաստանի իշխանությունների ու ժողովրդի վրա, որին, ցավոք, նրանք լռությամբ են արձագանքում ու այսքանից հետո մեր ժողովուրդը շարունակում է ապրել իր բնականոն կյանքով, որեւէ անհանգստություն չի ցուցաբերում իր վարքում, կարծես անհանգստանալու որեւէ պատճառ չունի:

Հետաքրքիր է, ի՞նչ պատահեց այս իմաստուն ժողովրդին, որ այնքան կորցրեց իր նամուսն ու թասիբը, որ պատրաստ է անգամ թուրքի ձեռքի տակ «նոքար» աշխատել, միայն թե հանկարծ նրանք նոր պատերազմ չսկսեն: Մի՞թե հայը միշտ այսքան վախկոտ է եղել, ուղղակի երբեմն-երբեմն նրա բախտը բերել է եւ մեկ-մեկ նաեւ հաղթանակներ է տարել: Էլ ի՞նչ լինի, որ վերջապես հասկանանք, ուր որ է հայրենիքը ձեռից գնում է, արդեն քիչ բան է մնացել՝ նաեւ Հայաստանն ամբողջապես կորցնելու համար: Լրիվ անհասկանալի է. հայ ժողովուրդն իսկապե՞ս ուզում է փրկել հայրենիքը, թե՞ քանի դեռ մինչ այս պահը թշնամին դեռ չի տիրել ողջ Հայաստանին, նրան թվում է, որ իրավիճակն այսպիսին էլ կմնա եւ թշնամին կհարգի մեր սուվերենությունն ու այլեւս չի փորձի ավելի խորանալ մեր տարածքների մեջ, քանզի Արեւմուտքն ու Եվրոպան կողմերին հորդորել են հարցերը լուծել առանց պատերազմի՝ կնքելով խաղաղության դարաշրջան ու ամեն ինչ լուծել դրա շրջանակներում: Այս պարագայում երկու հանգամանք է աշխատում. կամ մենք չենք հասկանում պահի լրջությունը, կամ՝ վախենում ենք թշնամուց ու համաձայն ենք, որ առանց պատերազմի, առանց նոր զոհերի հանձնել երկիրը, լավագույն դեպքում դառնալով նրանց վիլայեթներից մեկը, կամ նրանց մոտ ծառա աշխատել: Երկու դեպքում էլ մեր վիճակը ողբերգական է:

Մեծագույն հարցը, որը կախված է մեր գլխին, այն է, թե ինչպե՞ս եղավ եւ ինչո՞ւ մենք հայտնվեցինք նման աններելի ու ողբերգական վիճակում: Ո՞վ է պատասխան տալու այն բանի համար, որ մեր ապաշնորհության պատճառով հազարամյակների մաքառումներից, տառապանքներից, կոտորածներից մի կերպ փրկված, գոյատեւած եւ հրաշքով անկախ պետականություն կերտած մեր սուրբ հայրենիքը պատրաստվում ենք կամովին հանձնել մեր դարավոր ու նենգ թշնամուն: Այս պարագայում, հետագա նվաստացումներից զատ, թշնամին իրավունք ունի նաեւ ի լուր աշխարհի բարձրաձայնել. աշխարհ տեսա՞ր, որ մենք տարիներ շարունակ աղաղակում եւ մեզ պատռում էինք, որ հայերն ագրեսոր են, նենգաբար գրավել են Խանքենդիի (Արցախի) եւ մնացած մեր հողերը, որ Հայաստան երկիր երբեք չի եղել, դրանք Ադրբեջանի պատմական տարածքներն են, որին ժամանակավորապես՝ խաբեությամբ տիրել էին նրանք: Դա պատմության՝ ժամանակավոր եւ կեղծ հորինվածքն ու արհամարհանքն էր մեր սուրբ ժողովրդի նկատմամբ, որը նույն պատմությունն էլ մի գեղեցիկ օր պետք է հաստատ շտկեր: Եկել է պահը եւ հիմա հենց այդ գեղեցիկ օրվան ենք մոտենում եւ պատմությունը փորձում է սրբագրել իր մեծագույն սխալն ու արդարացիորեն մեզ վերադարձնել մեր պատմական հայրենիքի վտարանդի դարձած զավակին, որին հավատով ու անհամբերությամբ շատ երկար ենք սպասել:

Իհարկե, մենք միշտ էլ աղոթել ենք մեր հայ ծառաների իմաստնության համար, որ Տերը մի օր նրանց խելքի կբերի ու կհասկացնի, որ նվազագույնը բարոյական չէ մեծ հարեւանից՝ տիրոջից խլել նրա տարածքները եւ փորձել դրանք մշտապես դարձնել իրենը: Մի օր նրանց հաստատ կհասցնի մտածողության մի մակարդակի, որ իրենք կամովին մեզ կվերադարձնեն ապօրինաբար մեզնից զավթած բոլոր տարածքներն ու մեր կողմից նախաձեռնած խաղաղության դարաշրջանի անդրանիկ՝ խաղաղության թիվ մեկ համաձայնագրի համաձայն կվավերացվեն դրանք, իսկ մենք հանձն կառնենք սրբորեն կատարել Տիրոջ մեր հանձնառությունները՝ փորձելով շատ չնեղացնել մեր հոժար հայ ծառաներին …

Այժմ փորձեմ մի քանի բառով՝ եւս մեկ անգամ հիշեցնել, թե ինչ ասել է հայրենիք, որպեսզի մերօրյա հայերը վերջապես հասկանան, թե ինչ անփոխարինելի ու թանկ բան է հայրենիքը:

Հայրենիքը որոշակի է. այն սրբություն է, արժեք է, հոգի է, սեր է, արժանապատվություն է, կանչ է, հայր է, մայր է, եղբայր է, քույր է, զավակ է, մանուկ է: Հայրենիքը հավասարապես է սիրում իր զավակներին, մնում է՝ զավակները սիրեն նրան: Հայրենիքը տուն է, օջախ, որը մենք ենք կառուցում: Փորձենք լավը եւ հզորը կառուցել, ո՞վ է մեր ձեռքը բռնում: Հայրենիքը հողն է, օդը, գերեզմանները, ծառերը, ծաղիկները, բերք ու բարիքը, ճանապարհները, շենքերը, գետերը, լճերը … Նա մեր շնչառությունն է: Հայրենիքը մանկան նման չափազանց զգայուն է: Հայրենիքը մենք ենք, եւ ամեն մեկիս կորստով՝ մեկ շնչով թուլանում է այն…

Հայեր, վերջին՝ զգոնացման կոչ եմ հղում բոլորիս. եթե այսպես շարունակենք, խելքի չգանք, ապա քիչ ժամանակ է մնացել, հաստատ կորցնելու ենք մեր սուրբ հայրենիքը, մնալու ենք որբ ու անպաշտպան եւ մինչ վերջին հայը նվաստացնելու են մեզ, ոտքերը սրբելու են մեզ վրա:
Երանի նրանց, ովքեր հայրենիք ունեն: Աստված մի արասցե, որ մեր հայրենիքը դառնա կարոտի ենթակա :

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
ՀՀ Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ

«Առավոտ» օրաթերթ
30.10.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930