Լրահոս
Օրվա լրահոսը

«Հրավերը ընդունելով արդեն գիտեմ՝ ուր եմ գնում եւ որ դիրիժորի հետ եմ աշխատելու»

Նոյեմբեր 02,2022 12:30

Սերգեյ Կռիլովի ելույթով ավարտվեց Երեւանյան 14-րդ միջազգային երաժշտական փառատոնը

Ռուսաստան, ԱՄՆ, Կանադա, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Դանիա, Իռլանդիա, Իտալիա… սա ոչ ամբողջական ցանկն է այն երկրների, որոնց երաժիշտները փաստորեն արհամարհելով իրական վտանգը՝ կապված մեր երկրի նկատմամբ Ադրբեջանի հերթական պատերազմական գործողությունների հետ, եկան եւ մեր երաժիշտների հետ մասնակցեցին «Արամ Խաչատրյան» համերգասրահում սեպտեմբերի 8-ից հոկտեմբերի 30-ը անցկացված Երեւանյան 14-րդ միջազգային երաժշտական փառատոնին (գեղարվեստական ղեկավարներ՝ Էդուարդ Թոփչյան եւ Ալեքսանդր Չաուշյան)՝ նվիրված մեծանուն Օհան Դուրյանի ծննդյան 100-ամյակին։ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կողմից անցկացված փառատոնին աջակցել էին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, Երեւանի քաղաքապետարանը, Ֆիլհարմոնիկի Բարեկամների միությունը։

«Առավոտը» ներկայացրել է հարցազրույցներ մեր եւ հյուրախաղորդ երաժիշտներից մի քանիսի հետ։ Նրանք հասկանալով, որ մեր երկիրը գտնվում է պատերազմական վիճակում, այդուհանդերձ կարեւորում էին փառատոնի անցկացումը եւ իրենց խոսքում ընդգծում այն միտքը, թե մշակույթը յուրաքանչյուր երկրի անկախության ու պետականության ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող բաղադրիչներից մեկն է։ Փառատոնը եզրափակվեց ջութակահար Սերգեյ Կռիլովի (Իտալիա) ելույթով, որը ֆիլարմոնիկի ընկերակցությամբ եւ մաեստրո Թոփչյանի ղեկավարությամբ հանդես եկավ Բրուխի Ջութակի կոնցերտի մեկնաբանությամբ։

Սերգեյ Կռիլովը (Լուսանկարը՝ Մարի Սլեպկովա)

Սա ճանաչված ջութակահարի առաջին այցը չէ մեր երկիր։ Անվանի ջութակահարը համագործակցել է հեղինակավոր նվագախմբերի հետ՝ Վալերի Գերգիեւի, Միխայիլ Պլետնյովի, Ռոբերտո Աբբադոյի, Յուրի Դեմիրկանովի, Ֆաբիո Լուիզիի եւ այլ հանրաճանաչ դիրիժորների ղեկավարությամբ։ 2008-ից նա Լիտվայի պետական կամերային նվագախմբի գլխավոր դիրիժորն է։ Մեզ հետ զրույցում էլ հավաստիացրեց, որ ապահովում է այդ նվագախմբի ընդարձակ երկացանկը՝ բարոկկոյից մինչեւ ժամանակակից երաժշտություն։ Կեսկատակ-կեսլուրջ հարցին, թե՝ դժվար չէ՞ իրեն՝ իբրեւ դիրիժոր, «ենթարկվել» այլ դիրիժորների, թեեւ հասկանալի է, որ յուրաքանչյուր ստեղծագործության կատարումը, ըստ էության, դիրիժորի եւ մենակատարի փոխհամաձայնության դրսեւորում է, մեր զրուցակիցը պատասխանեց. «Հրավերը ընդունելով արդեն գիտեմ՝ ուր եմ գնում եւ որ դիրիժորի հետ եմ աշխատելու»։

Հավելեց նաեւ, թե երեւանյան համերգից հետո ծրագրված են իր՝ իբրեւ մենակատարի ելույթները Մոնտե Կառլոյի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, Յուկկա-Պեկկա Սարասատեի ղեկավարությամբ, Միքայիլ Պլետնյովի ղեկավարությամբ՝ Ռուսաստանի ազգային նվագախմբի հետ, Բուդապեշտի ռադիոյի նվագախմբի ընկերակցությամբ՝ Միշա Մայսկիի հետ եւ այլն։ Խնդրեցինք բարձրաձայնել մեկ-երկու նվագախմբերի անուններ, որոնց հետ իր բեմելները առավել տպավորիչ են եղել։ «Անկեղծ ասած՝ այդ ուղղությամբ մտածելու ժամանակ չեմ ունեցել, բայց այս պահին կհիշատակեմ Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Լոնդոնի, Դրեզդենի, Սլովակիայի ֆիլհարմոնիկ նվագախմբերի անունները։ Կարող եմ շարունակել թվարկումը… Առանց մանրամասնելու ուզում եմ բարձրաձայնել ձեր ֆիլհարմոնիկի անունը, որի հետ Բրուխի կոնցերտի մեկնաբանությունը, կոնկրետ ինձ համար, հաճելիորեն տարբերվում էր նախորդ կատարումներից»,- հայտնեց ջութակահարը։

Զրույցի ընթացքում Կռիլովը անդրադարձավ նաեւ փառատոնային համերգներին հրավիրված երաժիշտների ընտրությանը, նշելով, որ նրանցից յուրաքանչյուրը ոչ միայն անհատականություն է, այլեւ իր սերնդի ամենավառ ներկայացուցիչը. «Օրինակ՝ նախորդ փառատոնային համերգին Չայկովսկու ջութակի կոնցերտի կատարմամբ հանդես է եկել Գրեմմիի մրցանակակիր Ագուստին Հադելիխը (ԱՄՆ), որը փառատոնի հուշամատյանում գրառում է թողել, թե կուզենար հայ հանդիսատեսի հետ շատ շուտով նորից հանդիպել…»։ Ժպիտով էլ ասաց, թե ինքն էլ դեմ չէր լինի, որ հաջորդ այցը Հայաստան շուտով կայանար, բայց ափսոս, որ առաջիկա մեկ տարվա գրաֆիկը արդեն կազմված է։

Հադելիխի գրառումը փառատոնային հուշամատյանում։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Գլխավոր լուսանկարում՝ Կռիլովը, Թոփչյանն ու նվագախումբը վայելում են հանդիսատեսի բրավոները:

«Առավոտ» օրաթերթ
30.10.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930