Լրահոս
Օրվա լրահոսը

«Նույնիսկ ֆորմալ բնույթի հարգանք չկա»

Նոյեմբեր 02,2022 12:00

Ասում է երիտասարդ գրող Վարդան Սմբատյանը

– Վարդան, գեղարվեստական գրականության բանալիները բազմազան են, որով կարելի է «բացել» գրական հերոսի ներսը։ Համաձա՞յն ես, եւ եթե այո, որպես գրական հերոս` ո՞վ է քեզ համար լինում հետաքրքիր, ի՞նչ բնավորություն ես նախընտրում։

– Գրողը մշտապես փնտրտուքի մեջ է, եւ ժամանակակից գրականության մասին խոսելիս պարտադիր պետք է նշել, որ անթիվ են կերպարները, սյուժեները, հետաքրքիր իրադարձությունները, բայց կա երկու խնդիր. առաջինը` գեղարվեստական արձակն անընդհատ պտտվում է կրկնության առանցքի շուրջը, երկրորդ խնդիրն էլ կապված է լեզվի հետ։ Գրողը գտնում է յուրատիպ հերոսի, որը պատմվածքի թեմա է ոտքից-գլուխ, բայց արտահայտչամիջոցները, տեքստը, ոչ մի կերպ չեն ընդունում վերջինիս սպեցիֆիկան, չես կարողանում հաջող պատում կառուցել:

Ոճական բոլոր հնարքները կարծես սպառվել են, կամ մենք` գրողներս, թռիչքի կարիք ունենք: Մեր գրականությունը վերջին տասնամյակում տեղային է, իհարկե, կան բացառիկ օրինակներ, բայց ժամանակակից գրականությունը ռեստարտի կարիք ունի։ Ուրախալի է, որ որոշ հեղինակներ, գրական կայքեր, գրական գործակալներ ջանքեր են գործադրում եւ արդեն ունենք շոշափելի հաջողություններ: Ինքս սիրում եմ չհիշվող հերոսներին, իրենք էլ ինձ։ Զարմանալի բան է` դետեկտիվի համառությամբ փնտրում ենք իրար: Իմ պատմվածքների գրեթե բոլոր հերոսներն անհիշելի ու չերեւացող մարդիկ են` փողով թաղմանը լացող կին, բանակում զուգարան մաքրող զինվոր եւ այլն: Միտումնավոր չեմ ընտրում այսպիսի կերպարների։ Կրկնվեմ` զարմանալի է, բայց ես ու իմ պերսոնաժները գտնում ենք իրար, իսկ տեքստը հարաբերվելու, իրար հասկանալու միակ տարբերակն է այս դեպքում: Սիրում եմ չհիշվող մարդկանց, ժամանակը նրանց չի խեղաթյուրում, այնպիսի հետաքրքիր բացահայտումներ եմ արել նրանց շնորհիվ, որ շշմել եմ:

– Նկատենք, որ հիմա, առավել քան երբեւէ, ե՛ւ գրականության, ե՛ւ արվեստի բնագավառում անխաղաղ վիճակ է. անհանդուրժողականությունը հանգեցնում է վատագույնին։

– Համամիտ եմ: Անհանդուրժողականության, ներքին խարանի եւ ծաղրի դրսեւորումներն այնքան շատ են, որ նույնիսկ ֆորմալ բնույթի հարգանք չկա: Մի օր ուզում եմ համերաշխության երեկո կազմակերպել, հրավիրել բոլորին ու հարցնել՝ ի՞նչ եք ուզում իրարից, մեզանից առաջ այնքան պրոդուկտիվ ու լավ են գրել, եկեք գոնե իրար հարգել սովորենք: Ժամանակակից գրականությունը եւ, առհասարակ, ժամանակակից արվեստը քաոտիկ է եւ նեգատիվ: Ոմանք իրենց քրոնիկ նեգատիվն այսպես են մեկնաբանում` դե գրականությունը պիտի կոնֆլիկտ հարուցի, ընդվզող լինի եւ այլն: Այո, ընկերներ, բայց գրականությունը պիտի նաեւ ուղղորդի կամ գոնե հուշի կոնֆլիկտի հանգուցալուծման հնարավոր տարբերակներ: Ոմանք ինքնահաստատվում, կայանում են գրական «այդլների» ու թայֆաների «գրող- կնքահայրերի» շնորհիվ: Հենց այնպես օդում կրակող, չստացված ընդվզողներ, բառեր ու նյարդեր փչացնողներ, ցավոք, շատ կան: Այս մասով անձնական վատ փորձառություն ունեմ։ Անցած բան է, բնավ չեմ չարանում։ Ներելը, թողնելը մարդկանց պատժելու լավագույն տարբերակն է:

– Փոշմանե՞լ ես, արդյոք, գրված ինչ-որ ստեղծագործության համար։

– Ես փոշմանել եմ, որ գրում եմ, բայց արդեն ուշ է. գրականությունը լռեցրեց իմ ներսում ապրող երաժիշտին, քանի՜-քանի անգամ եմ որոշել թողնել գրելը, նույնիսկ երկու գրքի նյութ եմ ոչնչացրել, բայց ապարդյուն։ Ես պաշարված եմ բառերով, ռիթմիկ պատկերներով ու մետաֆորներով, որոնցից ազատվելու միակ տարբերակը գրելն է:

– Բնության, ժամանակի, վերջապես` արվեստի ստեղծած հնարավորությունների մասին խոսենք…

– Բնությունը մի քիչ խռոված է մեզնից, հաճախ եմ տխրում սրա մասին մտածելիս: Մենք ագահորեն սպառում ենք բնության պարգեւները, աղտոտում ենք, վնասում հողը, ջուրը, օդը: Բնությունն ու տիեզերքը, նկատե՞լ եք, մեզ պատասխանում են։ Եվ գերժամանակակից աշխարհում դժվար է հասցնել ժամանակի հետեւից: Իսկ խնդիրները մեզնից արագ են բազմանում ու շարժվում:

– Ի՞նչ է «խուժանական» գրականությունը եւ ինչո՞վ է տարբերվում խուժանությունից, ինչպե՞ս եք դիտում այն արդի հայ գրականության մեջ, որո՞նք են թույլատրելիի եւ ոչ թույլատրելիի սահմանները։

– Խուժանությունը՝ լավ իմաստով, պակասում է մեր գրականությանը: Իհարկե, կան տեքստեր, որտեղ կան խուժան-սիրուն դրսեւորումներ` համեմված կատակային արտահայտություններով, սատիրայով, էրոտիկ մետաֆորներով, բայց պոետական` էսթետիկ, զարմացնող խուժանություն գրեթե չկա։ Չարենցի խուժանությունը հիշեցի… չկա, էլ չկա, կամ էլ կա` սակավ է, ես չեմ ֆիքսել։ Չափազանց շատ տեքստեր են գրվում, հնարավոր չէ ամեն ինչ կարդալ: Բայց ասեմ, որ շատացել են գռեհիկ-խուժան հեղինակները, որոնք բառի ընտրության, բառի հետ մերձենալու կարիք ունեն։ Նրանք չունեն գեղագիտական ընկալումներ, խնդիրն ամենեւին հայհոյախոսությունը չէ, ոչ էլ փողոցային լեքսիկոնը, այլ բառը որպես արժեք գիտակցելն է: Նույնիսկ հայհոյախոսությունը պիտի լինի նպատակային ու տեղին: Հուսով եմ, որ այս խոսքերի համար ինձ չեք հայհոյի, իսկ եթե հայհոյեք, ուրեմն խոսքս տեղ է հասել։

Զրուցեց

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ

Լուսանկարը՝
Աշոտ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
30.10.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930