Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ նպատակով էին գրվում «խոստովանությունները»

Նոյեմբեր 02,2022 14:00

Եվ որոնք են այն մեղքերը, որոնք հետապնդում են մարդկությանը դարեր շարունակ

Մշակույթի պատմության մեջ մի քանի մեծություններ, այդ թվում՝ Օգոստինոս Երանելին, Ժան-Ժակ Ռուսսոն, Լեւ Տոլստոյը գրել են «Խոստովանություն» անվանումը կրող գործեր: Որքան հասկանում եմ, նրանք ոչ այնքան ցանկանում էին խոստովանել սեփական մեղքերը, որքան՝ պատկերացում տալ ընթերցողին այն մասին, թե որոնք էին իրենց ժամանակի ամենատարածված եւ, իրենց կարծիքով, ամենավտանգավոր արատները:

Երբ կարդում ես Օգոստինոսի «Խոստովանությունները», համոզվում ես, որ արատներն, ըստ էության, դարերի ընթացքում չեն փոխվել: Նկարագրելով հինգերորդ դարի հեթանոսական Կարթագենը՝ նա, որպես ամենամեծ գայթակղություն, ներկայացնում է թատրոնը, որն այն ժամանակվա կարեւորագույն «մեդիան» էր, եւ 17 դար առաջ իրեն դրսեւորում էր մոտավորապես այնպես, ինչպես ժամանակակից մեդիան: Երկու դեպքում էլ նպատակը նույն տեսակի կրքեր բորբոքելն էր:

Գրելով թատրոնի մասին, որի մշտական այցելուն էր ինքը՝ Օգոստինոսը հարցնում է՝ ինչո՞ւ մարդիկ այդքան մեծ ձգտում ունեն վշտալի, ողբերգական իրադարձությունների պատկերները դիտելու, չնայած իրական վիշտ ապրելու ոչ մի ձգտում չունեն: «Մարդկային վիշտը նրանց բավականություն է պատճառում,- գրում է մտածողը,- ինչպիսի խելագարություն»: Արդյո՞ք այսօր նույն վիճակը չէ, եւ հեռուստատեսության եւ համացանցի ամենավաճառվող «ապրանքը» աղետները, վթարները, արյունահեղությունը չեն: Մարդիկ ցանկանում են տեսնել այդ պատկերները, բայց բացարձակապես չեն ուզում ունենալ այն ծանր ապրումները, որոնք ունեն էկրանից երեւացող անձինք:
Շարունակելով թվարկել իր երիտասարդության մեղքերը՝ Օգոստինոսը հիշում է, որ երազում էր ֆորումների մասին՝ իրենց կրքոտ վեճերով: «Այնտեղ ես ուզում էի փայլել եւ գովասանքներ ստանալ»,-հիշում է հեղինակը: Նա նաեւ ավելացնում է. «Որքան վարպետորեն է ասված սուտը, այնքան շատ են գովասանքները»: Այն ժամանակվա ֆորումն այսօրվա սոցցանցերն են, որոնք եւ ձեւավորում են ներկայիս «պոստմոդեռնիստական» իրականությունը, երբ այն, ինչ ասվում է, շատ ավելի կարեւոր է, քան այն, ինչ իրականության մեջ է կատարվում: Բայց արդյո՞ք դա նոր երեւույթ է, եւ արդյո՞ք Օգոստինոսի ժամանակ վիճակը նույնը չէր: Տարբերությունը, թերեւս, այն է, որ մինչեւ 2010-ականները՝ կային ֆորումում բանավիճողներ եւ ունկնդիրներ, բեմում խաղացողներ եւ հանդիսատեսներ, գրողներ եւ ընթերցողներ, իսկ այսօր՝ բոլորն են գրող, եւ հետաբար՝ ճչացող հիմարություններ գրելու եւ դրա համար գովասանքի արժանանալու հավանականությունը հազարապատիկ ավելի մեծ է դարձել:

Օգոստինոսը ելքը տեսավ աշխարհիկ կյանքից հեռանալու եւ հոգեւորական միաբան դառնալու մեջ: Դա լուծում է՝ մտածող մարդու համար, բայց այդ ճանապարհով կարող են գնալ շատ քչերը: Իսկ մե՞նք: Վստահ եմ, որ հնարավոր է ապրել աղմկոտ քաղաքում, օգտվել համացանցից, եւ, այնուամենայնիվ, հոգու խորքում ունենալ միաբանի ինչ-որ կարեւոր հատկանիշներ: Եվ այդ հատկանիշներից մեկն է, կարծում եմ, սեփական առաքելության գիտակցությունը, որը պահանջում է ներքին հոգեկան հանգստություն եւ փառասիրությունից հրաժարում:

…Մարդիկ խոստովանություններ են գրել, որպես կանոն, հասուն տարիքում, երբ մի կողմից կուտակել են բավականաչափ փորձ՝ կյանքն իմաստավորելու համար, իսկ մյուս կողմից՝ նրանց առանձնապես չի հուզել, թե ով ինչ է իրենց մասին ասում կամ մտածում: Այսպիսով, կարելի է ասել, որ խոստովանությունները հաջորդում են կամ գուցե զուգորդվում են կենտրոնացված լռությամբ: Բայց, ինձ թվում է, մենք էլ՝ սովորական մահկանացուներս, կարիք ունենք որոշակի օրերի կամ գոնե ժամերի, երբ հեռու կմնանք «ֆորումներից» ու դրանց հատուկ վեճերից: Թերեւս, խոստովանություններ չենք գրի, բայց, բացառված չէ, որ ինչ-որ բաներ ինքներս մեզ խոստովանենք:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.10.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930