Նոյեմբերի 1-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց ԵՄ առաքելության դիտորդական թիմի անդամներին, գլխավորությամբ աշխատանքային թիմի ղեկավար Լինն Նետտելվիկի։
Հանդիպման սկզբում դիտորդների թիմի ղեկավարը շնորհակալություն հայտնեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին՝ նախորդ օրը՝ հոկտեմբեր 31-ին Վարդենիսում և հրետակոծությունից տուժած մի շարք բնակավայրերում տեղի ունեցած աշխատանքային քննարկումների և շրջայցի ընթացքում տրամադրած բավականաչափ տեղեկատվության համար։
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց ԵՄ առաքելության դիտորդական թիմի անդամներին և պատրաստակամություն հայտնեց անհրաժեշտության դեպքում ակտիվ համագործակցել և աջակցել թիմին՝ բոլոր ի հայտ եկող խնդիրների ընթացքում։
Գեղարքունիքի մարզպետը մանրամասներ ներկայացրեց 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի ռազմական գործողությունների ընթացքում թշնամու ագրեսիայի, ցուցաբերած վայրագությունների, հրետակոծությունից անմիջապես հետո տուժած բնակավայրերում ստեղծված վիճակի և այլնի մասին, դրանք առավել առարկայական դարձնելով լուսանկարների ցուցադրմամբ։
Կարդացեք նաև
Խոսելով հրետակոծված բնակավայրերում վնասված շենք- շինությունների մասին՝ մարզպետը նշեց, որ ՀՀ կառավարության աջակցությամբ այս պահին ընթանում են մասնակի վնասված բնակարանների վերանորոգման աշխատանքներ, իսկ ամբողջովին տուժած ութ բնակարանների խնդիրները կառավարությունը կլուծի նորի կառուցմամբ։
Այնուհետև Լինն Նետտելվիկը մարզպետ Կարեն Սարգսյանի հետ քննարկեց Արցախում տիրող իրավիճակի, մարզում առկա ռիսկերի, հրետակոծությունից տուժած բնակավայերին մատակարարվող ջրային ռեսուրսների սանիտարական վիճակի պահպանության, տեղահանվածներին և դպրոցականներին հոգեբանական աջակցության ցուցաբերման և այլ թեմաների մասին։
Կողմերը պայմանավորվեցին պարբերաբար հանդիպել, քանզի, նրանց կարծիքով, նման քննարկումները նպաստում են աշխատանքների ճիշտ և արդյունավետ կազմակերպմանը։
Գեղարքունիքի մարզպետարան