Ա. Սպենդիարյանի անվան Ազգային Ակադեմիական Թատրոնի հարակից տարածքում այսօր թևածում էր կոմպոզիտորի «Ալմաստ» օպերայի երաժշտությունը, իսկ նրա շիրիմի մոտ հավաքվել էին Սպենդիարյանի արվեստի երկրպագուները, երաժշտական աշխարհի անվանի մարդիկ՝ հարգանքի տուրք մատուցելու և նրա շիրիմին ծաղիկներ խոնարհելու:
Սպենդիարյանի ստեղծագործական ուղին արժևորող և նրա անգնահատելի դերը հայ երաժշտարվեստի զարգացման գործում իրենց խոսքում նշեցին Հայաստանի Կոմպոզիտորների Միության նախագահ Արամ Սաթյանը, Ա. Սպենդիարյանի անվան Ազգային Ակադեմիական Թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսորներ Արմեն Բուդաղյանը և Դավիթ Ղազարյանը, կոմպոզիտորի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը:
Ա. Սպենդիարյանի «Օրորոցային» և «Հրապուրել են ինձ քո սև աչերը» ռոմանսները կատարեցին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհիներ Նարինե Անանիկյանը (մեցո-սոպրանո) և Օֆելյա Համբարձումյանը (սոպրանո): Միջոցառմանը իրենց մասնակցությունն էին բերել նաև Լ. Միրիջանյանի անվան թիվ 155 և Երևանի թիվ 154 դպրոցի սաները:
Կարդացեք նաև
Ա. Սպենդիարյանի ծննդյան օրվա միջոցառումը շարունակվեց կոմպոզիտորի տուն-թանգարանում: «Մեղեդի, երևակայություն, օրիգամի» խորագրի ներքո Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության Ազգային Կենտրոնի և «Հիկարի» հայ ճապոնական գիտական, կրթական մշակույթի կենտրոնի օրիգամիի խմբակների սաներն Ա. Սպենդիարյանի մանկության տարիների նախասիրած զբաղմունքի օրինակով
պատրաստեցին կենդանիների կերպարներ:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության 2-րդ քարտուղար Րիկա Օնոդերան և Մշակույթի բաժնի քարտուղար Լուսինե Ղանդիլյանը: Բացման խոսքով հանդես եկավ Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը, այնուհետև օրիգամի արվեստի ծագման և նշանակության մասին խոսեց «Հիկարի» կենտրոնի ղեկավար Կարինե Փիլիպոսյանը:
Պատրաստված կենդանիների կերպարներն իրենց տեղը կգտնեն Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի մշտական ցուցադրությունում:
Միջոցառումը նվիրված էր նաև Հայաստան-Ճապոնիա դիվանագիտական հարաբերությունների հաստատման երեսնամյակին:
Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի հանրահռչակման բաժին