«Հայաստանում բանկային համակարգն աշխատում է բացառապես բաց եւ թափանցիկ, վճարում է բոլոր հարկերը, որոնք հնարավոր է վճարել այս երկրում․ դժվար իրողություններում օժանդակում են թե՛ տնտեսությանը, եւ թե՛ ֆիզիկական անձանց՝ պատերազմի ընթացքում ինչքան բան ներվեց զոհվածներին եւ նրանց ընտանիքներին, ինչքան անգամ վարկեր հետաձգվեցին՝ առանց սպառողի կամ վարկատուի վրա որոշակի բեռ դնելու»,-այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Անդրադառնալով բանկերի շահութաբերությանը, նա ասաց՝ վերջին տասը տարվա ընթացքում ՀՀ բանկերի շահութաբերությունը կազմել է 9%-ի շրջակայքում․ «Սա գերշահո՞ւյթ է, թե՞ ոչ»։
Ինչ վերաբերում է բանկերի միջնորդավճարներին, որոնցից քաղաքացիները մեծ դժգոհություններ ունեն, ԿԲ նախագահն ասաց՝ կան բանկեր, որոնք արտարժութային կանխիկ միջոցներ վերցնելու համար գանձում են մինչեւ 3% միջնորդավճար, եւ սա պայմանավորված է աշխարհաքաղաքական իրողություններով․ «ԱՄՆ դոլարի նկատմամբ հասանելիությունը բավական սահմանափակ է, ու բնականաբար մարդիկ, ովքեր ակնկալում են, որ ամեն ինչ լինելու է նույն կերպ, ինչպիսին էր մինչեւ կոնֆլիկտը, պետք ճշգրտեն սպասումները։ Ամեն հայկական բանկ չէ, որ այսօր կարող է գնալ ցանկացած արտասահմանյան բանկից անվճար վերցնել կանխիկ դոլար, տեղափոխել ՀՀ եւ տրամադրել իր հաճախորդներին։ Այդտեղ կան ավելացած էական ծախսեր։ Բացի այդ, ամերիկյան քաղաքականությամբ պայմանավորված՝ աշխարհում կանխիկի նկատմամբ կան որոշակի սահմանափակումներ»։ Գալստյանը հիշեցրեց՝ անկանխիկի դեպքում այս միջնորդավճարները չկան։
ԿԲ նախագահն ասաց, որ ՀՀ բանկերն այս տարի ունեն մեծ շահույթ, որը գալիս է ոչ տոկոսային եկամուտներից, այլ՝ միջնորդավճարներ, փոխանցումներ, արտարժութային փոխարկումներ, որոնց մոտ 90%-ը ոչ ռեզիդենտների հաշվին են․ «Այդ շահույթները գեներացնելու հաշվին՝ բանկերը շատ ավելի մեղմ են բարձրացրել տոկոսադրույքները, քան ԿԲ-ն բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Հիմա մի կողմից մեղադրում են բանկերին, որ իրենք հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները շատ չեն բարձրացնում, մյուս կողմից հակառակ ուղղությամբ են գալիս, երբ խոսում են բիզնես ու սպառողական վարկերի մասին։ Բիզնես եւ սպառողական վարկերի տոկոսադրույքների էական աճ Հայաստանում չկա։ Ինչը հաջողվել է անել պայմանավորված ոչ տոկոսային եկամուտներով։ ՀՀ ֆինանսական համակարգն իր ֆինանսական ռիսկերը ճիշտ է կառավարում եւ մեզ համար չափազանց կարեւոր է, որ մեր ֆինանսական համակարգը հանկարծ չստանձնի ռիսկեր հաճախորդների հետ պայմանավորված, որոնք կարող են սանկցիոն ռիսկեր պարունակել»։
Կարդացեք նաև
Մարտին Գալստյանն ասաց՝ նախկինում տնտեսական աճերը զուգակցվում էին վարկային պորտֆելի մեծ աճով, այսինքն, ինչպես ԿԲ նախագահը պարզաբանեց՝ աճի մի մասն ապահովվում էր վարկերի հաշվին․ «Վարկը վերցնում էին՝ տնտեսական ակտիվություն էին ապահովում։ Այս անգամվա աճն այդ ֆենոմենից զերծ է, ինչը մեր կարծիքով շատ դրական է։ Այսինքն, բանկերը բավականին կոնսերվատիվ են վարկեր տալու տեսանկյունից, որովհետեւ բոլորս հասկանում ենք, որ այս անորոշության հետ կապված որոշակի ռիսկեր կան, որոնք ապագայում կարող են ի հայտ գալ»։
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ