«Եվրախորհրդարանի պատգամավորները այցելել են Հայաստան, որ իրենց աչքով տեսնեն ինչ է կատարվում սահմանին: Նրանք մեկնելու են Սյունիք, որ պատկերացում կազմեն, վերադառնան իրենց երկրները՝ ներկայացուցիչներ են Իտալիայից, Հոլանդիայից եւ Գերմանիայից; Կներկայացնեն իրավիճակը, ադրբեջանական ագրեսիան ԼՂ-ի եւ ՀՀ-ի դեմ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
Վարչապետ Փաշինյանն ասել էր, որ պատրաստ է Սոչիում ստորագրել փաստաթուղթ, որով երկարացվի ռուս խաղաղապահների ներկայությունն Արցախում 10, 15 տարով, բայց Սոչիի հանդիպումից հիասթափություն եղավ, անգամ Ղարաբաղի անունը չկար տեքստում: Այս առնչությամբ Արթուր Խաչատրյանն ասաց. «Նիկոլ Փաշինյանը միակ ղեկավարն է՝ Սովետական Հայաստանի ղեկավարներից սկսած, որը ստորագրում է մի փաստաթղթի տակ, որտեղ գրված չէ, որ Ղարաբաղի հարցը պետք է կարգավորվի իրավահավասարության եւ ազատ ինքնորոշման սկզբունքի հիման վրա: ՀՀ բոլոր ղեկավարները, անկախ ՀՅԴ-ի վերաբերմունքը նրանց նկատմամբ հստակ նշել էին, որ խնդիրը պետք է կարգավորվի Հելսինկյան եզրափակիչ ակտի 3 սկզբունքների հիման վրա՝ ազգերի իրավահավասարություն, ազատ ինքնորոշում, ուժի կիրառման եւ կիրառման սպառնալիքից հրաժարում, տարածքային ամբողջականություն: Հիմա զարմանում եմ, թե ինչու է Փաշինյանը ադրբեջանական թեզի փաստաբանը դարձել, ի՞նչ ունի ինքը դրանից, որովհետեւ փաստաբանի ծառայությունները, որ մատուցում են, միշտ ինչ-որ բանի դիմաց են մատուցում; Հավանաբար իշխանության դիմաց է: Այդ հայտարարությունը ցույց է տալիս, որ Փաշինյանը եւս մի միջազգային ասպարեզում չկարողացավ ՀՀ իրավունքներն առաջ տանել»:
Արթուր Խաչատրյանը նաեւ ասաց, որ իրենց համար անհասկանալի են ՔՊ-ականների մուննաթները, թե խաղաղապահները լավ չեն անում իրենց գործը, չէ՞ որ Փաշինյանն է զինված ուժերը հանել տվել Արցախից. «Դա միանձնյա, կամավոր է արել, պարտադրանքի տակ է արել, թե բանավոր համաձայնությամբ՝ չգիտեմ: Բայց փաստ է, որ Փաշինյանը հանել է հայկական զինված ուժերը Արցախից՝ առանց միջազգային փաստաթուղթ ստորագրելու: Հիմա իրենք դուրս են հանել, ռուսների վրա մուննաթ են գալիս, թե լավ չեն անում, քեզ ո՞վ էր խնդրում սեփական զորքերը հանել»:
Կարդացեք նաև
Դիտարկմանը, որ գուցե բազմավեկտոր քաղաքականություն է վարում իշխանությունը՝ Արթուր Խաչատրյանը պատասխանեց,որ նախկինում ՀՀ իշխանությունը կոմպլեմենտար քաղաքականություն էին վարում ու հաջողում էին, բայց այս իշխանությունն իր բազմավեկտոր քաղաքականությամբ բոլոր վեկտորների վրա ձախողում է:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ