Դոլարի արժեզրկման պատճառով տուժում են տնտեսավարողները, հատկապես՝ ՏՏ ոլորտը։ Փոխարժեքը դրամի նկատմամբ մոտեցել է 400-ին։ Մինչդեռ ԿԲ-ն հայտարարում է, որ միջամտում է, երբ շուկան խեղաթյուրվում է։ Ի՞նչ գործողություններ է անում կենտրոնական բանկը։ Այսօր հրավիրված ասուլիսում ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը պատասխանելով այս հարցին ասաց՝ կլինեն ընկերություններ, որոնք տուժում են։
«Մենք հանձնառություն էինք վերցրել, որ առեւտրային բանկերի գործընկերների հետ աշխատելու ենք ու փորձելու ենք ածանցյալների շուկան զարգացնել ու բերել ինչ-որ մակարդակի, որ կարողանայինք օգնել տնտեսվարողներին։ Պայմանավորվածության համաձայն, ԿԲ-ն իր նորմատիվային ակտերով թուլացումներն արել է, որը պիտի նպաստեր առեւտրային բանկերի մոտ ածանցյալների առաջարկով հանդես գալու այդ միտման մեծացմանը։ Այս պահին գրեթե բոլոր խոշոր բանկերն ածանցյալներ են առաջարկում։ Այսինքն՝ այսօր տնտեսվարողը կարող է ֆիքսել, որ երեք ամիս հետո ինքը կարող է արտարժույթն առնել կամ վաճառել։ Վեց ամիս հետո էլ ՝նույնը, մեկ տարի հետո էլ՝ նույնը։ Այսօր իրեն փոխարժեքը տալիս են մեկ տարի առաջվա պայմանների համար»,-ասաց Գալստյանը։
Նրա խոսքով՝ տնտեսվարողների հետ էլ հանդիպել են, բայց ոչ՝ ՏՏ ոլորտից, քանի որ ԲՏԱ նախարարությունը դա պետք է կազմակերպի։
ԿԲ-ն հանդիպել է կառուցապատողների, արտահանողների եւ այլ գործարարների հետ․«Առեւտրային բանկերը ներկայացրել են ածանցյալ գործիքների տրամաբանությունը՝ ինչպես օգտվել, ինչ է պետք անել։ Հույս ունեմ, որ այդ գործիքները որոշակիորեն կօգնեն բիզնեսներին կառավարելու իրենց ռիսկերը։ Ակնկալել, որ բիզնեսմենը զբաղվելու է միայն իր բուն գործունեությամբ իսկ արտարժույթային ռիսկը չի կառավարելու իր գործունեության ընթացքում,կարծում եմ դա սխալ կլինի։ Բիզնեսը համակողմանի պետք է կառավարի բոլոր ռիսկերը»։
Ինչ վերաբերում է փոխարժեքի 400 դրամ մակարդակին, Մարտին Գալստյանն ասաց՝ հասարակության տարբեր հատվածներ՝ բիզնեսը եւ այլն, մտացածին ինչ-որ մակարդակներ են ստեղծում՝ հոգեբանական․ «480, 450, 400, 500, 550, դարձնում ենք հոգեբանական մակարդակ, ու ենթադրում ենք, որ այդ մակարդակները ոչ մի կերպ չեն կարող ներքեւ կամ վերեւ իջնել։ Մեր մտքում չկա որեւէ մակարդակ, մեր գործողությունները, երբ նշում ենք շուկայի խեղաթյուրում, դա ոչ թե մակարդակի մասին է, որ ասենք՝ 400-ից ներքեւ չի կարող իջնել, այլ այն է, որ մեր խոսակցությունը ծավալների, միակողմանի գնանշումների, ասիմետրիկ, բանկերի գործառնությունների սահմանափակման դեպքերին են վերաբերում»։
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ