Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Մեր երկրներն ունեն այդ առաջարկությունների կարիքը». ԳԱԱ-ում մեկնարկեց «Պրիմակովյան ընթերցումներ» համաժողովի արտագնա նստաշրջանը

Նոյեմբեր 01,2022 18:03

Սույն թվականի նոյեմբերի 1-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց «Պրիմակովյան ընթերցումներ» համաժողովի արտագնա նստաշրջանը՝ նվիրված Հարավային Կովկասի արդի խնդիրների վերլուծությանը: Այն կազմակերպվել է Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության ներկայացուցչության, Եվգենի Պրիմակովի անվան Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ազգային հետազոտական ինստիտուտի, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի հետ համատեղ՝ Ռազմավարական հետազոտությունների և նախաձեռնությունների վերլուծական կենտրոնի կազմակերպչական աջակցությամբ:

Նստաշրջանի մասնակիցներին ողջունեց Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո» դաշնային գործակալության ներկայացուցչության ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը և շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպմանն աջակցություն ցուցաբերած բոլոր կողմերին:

Իր ելույթում ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանն ասաց. «Մենք ողջունում ենք «Պրիմակովյան ընթերցումներ» համաժողովի կազմակերպչական կոմիտեի՝ համաժողովի արտագնա նստաշրջանը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում անցկացնելու որոշումը: Մեր ակադեմիաները, մեր գիտնականները պատմականորեն կապված են իրար հետ, և այս համաժողովը ևս մեկ քայլ է մեր երկու երկրների ակադեմիաների միջև համագործակցության զարգացման ուղղությամբ:

Համաժողովի ընթացքում կանցկացվեն կառուցողական քննարկումներ, տեղի կունենա բաց գիտական երկխոսություն խոշոր փորձագիտական, վերլուծական կենտրոնների գիտնականների, փորձագետների, մասնագետների միջև, կքննարկվեն գլոբալ և տարածաշրջանային հարցեր: Այսօր դա կարևոր և պահանջված է: Մաղթում եմ բոլորին բեղմնավոր աշխատանք»:

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը նշեց՝ «Պրիմակովյան ընթերցումներ» համաժողովի արտագնա նստաշրջանի ՀՀ ԳԱԱ-ում անցկացումը միջոցառմանը հաղորդում է նոր կշիռ և հեղինակություն: «Վստահ եմ, որ նստաշրջանի մասնակիցներն առարկայական և բեղմնավոր կքննարկեն սուր և արդիական հարցերը և կմշակեն առաջարկություններ դրանց լուծման համար: Մեր երկրներն ունեն այդ առաջարկությունների կարիքը», – ասաց Սերգեյ Կոպիրկինը: Դեսպանն ընթերցեց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի ուղերձը:

Սերգեյ Լավրովի ուղերձում նշված է. «Սրտանց ողջունում եմ Երևանում անցկացվող «Պրիմակովյան ընթերցումներ» համաժողովի կազմակերպիչներին և մասնակիցներին: Ներկայիս նստաշրջանն անցկացվում է Հայաստանում այն տարում, երբ մենք նշում ենք մեր եղբայրական երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Անցած տասնամյակների ընթացքում, հենվելով բարեկամության և փոխադարձ համակրանքի վրա, մեզ հաջողվել է ամուր հիմքեր դնել երկարաժամկետ ռազմավարական գործընկերության և դաշնակցության համար։ Այսօր դուք դիտարկելու եք հարցերի լայն շրջանակ՝ սկսած ռուս-հայկական կապերի հեռանկարների վիճակից մինչև ընդհանուր տարածաշրջանային համագործակցության առաջխաղացման ճանապարհներ: Վստահ եմ, որ քննարկումների արդյունքները թույլ կտան մշակել օգտակար և գործնական առաջարկություններ, կնպաստեն մեր ժողովուրդների միջև վստահության և փոխըմբռնման ամրապնդմանը: Մաղթում եմ ձեզ բեղմնավոր աշխատանք»:

«Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավարի տեղակալ Դմիտրի Պոլիկանովը նշեց. «Շատ կարևոր է, որ այս դժվարին ժամանակներում անցկացվում են նման բարդ քննարկումներ: Եթե մենք ուզում ենք այս մոլորակի վրա գոյատևել, պետք է ընդհանուր լեզու գտնենք: Եվ հենց գիտնականները կարող են օգնել մշակելու այդ ընդհանուր լեզուն»:

Եվգենի Պրիմակովի անվան Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ազգային հետազոտական ինստիտուտի Ֆյոդոր Վոյտոլովսկին ասաց. «Ինձ համար մեծ պատիվ է գտնվել Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում, որի հետ մեր ինստիտուտը երկար տարիների գիտական կապեր ունի: Հայ գործընկերների հետ մեր ինստիտուտն անցկացնում է սեմինարներ և գիտաժողովներ: Հույս ունեմ, որ այստեղ մենք կունենանք բաց, անկեղծ, երբեմն էլ բարդ քննարկում: Մենք դրան պատրաստ ենք»:

ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Յուրի Սուվարյանն անդրադարձավ Արցախի հարցին: «Արցախի հիմնախնդիրը լուծում չի ստանում երկու պատճառներով: Ադրբեջանն արհամարհում է Արցախի հիմնախնդրին առնչվող պատմական, ազգային, մշակութային և իրավական օբյեկտիվ իրողությունները՝ նպատակ հետապնդելով գրավել Արցախի տարածքը: Հաջորդ պատճառն այն է, որ Ադրբեջանը կեղծ դրույթ է պարտադրում աշխարհին՝ իբր Արցախն Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքն է, մինչդեռ այն 1300 տարի հանդիսացել է հայկական պետության բաղկացուցիչ մաս, 1813 թվականից ունեցել է անկախ պետականության զանազան կազմավորումներ, իսկ Ադրբեջանն ունի 100 տարվա պատմություն, այդ թվում 70-ը՝ Խորհրդային Միության կազմում: Այսօրվա խնդիրն է՝ մերժել թուրք-ադրբեջանական տանդեմի պնդումն այն մասին, որ Արցախն Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքն է, որովհետև այն չունի իրավական, աշխարհագրական և պատմամշակութային հենք, մշակել միջոցառումներ Արցախի Հանրապետության անվտանգության ամրապնդման համար՝ վերականգնելով Արցախի տարածքը և Ռուսաստանի Դաշնության ու այլ բարեկամ երկրների հետ միասին ապահովել Արցախի Հանրապետության անվտանգությունը»:

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը նշեց. «Կուտակվել են շատ հարցեր, և հնարավոր պատասխանները գտնելու համար կարևոր է լսել տարբեր երկրների վերլուծաբանների կարծիքը: Մեզ համար հատկապես կարևոր է քննարկել տարածաշրջանային և միջազգային հարցերը Ռուսաստանի առաջատար փորձագետների հետ: Մեզ համար հատուկ հետաքրքրություն են ներկայացնում Արցախի հարցով քննարկումները: Նաև շատ կարևոր է հաստատել և ամրապնդել նոր կապեր»:

«Պրիմակովյան ընթերցումներ» գիտական և փորձագիտական համաժողովը միջազգային հարաբերությունների և համաշխարհային տնտեսության ոլորտի փորձագետների ամենամյա միջազգային հանդիպում է: Այն առաջին անգամ անցկացվել է 2015 թվականին և անվանվել է գիտնական և պետական գործիչ Եվգենի Պրիմակովի անունով։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930