Ուրբաթ գիշեր գողություն է տեղի ունեցել Գյումրու Սլաբոդկա թաղամասում գտնվող Սերգեյ Մերկուրովի անվան նկարչական դպրոցում։
Դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ժակլին Սարգսյանը մեր զրույցում ասաց, որ գողացել են «Բաքսի» մակնիշի գազատաքացուցիչը՝ 320 հազար դրամ արժողությամբ։ Այն դպրոցում տեղադրվել էր 6 տարի առաջ՝ 2016 թվականին, Գերմանիայի Դաշնային Հանրապետության դրամաշնորհային ծրագրի շրջանակում։
Բացի այդ, ըստ տնօրենի ժ/պ-ի, փորձել են կոտրել տնօրենի աշխատասենյակի դուռը, որը չի հաջողվել։
«Ուրբաթ օրը գիշերը պատուհանից մտել են, ջրատաքացուցիչն են տարել, զուգարանի դուռն են կոտրել։ Անխնա կոտրել են խողովակները, այնպես են կոտրել, որ ջուրը լցվել է ներքևի ցուցասրահը՝ սենյակը կիսով չափ ջրով պատելով։ Մեծ մտահոգության մեջ եմ՝ ողջ ամառ չորացրել եմ ցուցասրահը։
Կարդացեք նաև
Իմ կաբինետի դուռն են փորձել բացել, վնասել են դուռը, բայց չեն կարողացել բացել», -ասաց Ժակլին Սարգսյանը։
Նա նշեց, որ դիմել է ոստիկանություն, գողություն կատարողները եղել են ձեռնոցներով, մատնահետքեր չկան։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ