Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտին Գալստյան․ «Տարեվերջին կունենանք 10 % գնաճ՝ նույնիսկ զսպման մեխանիզմներով»

Նոյեմբեր 01,2022 17:51

Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել է 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 10․5%։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։ Նրա ներկայացմամբ՝ այս տարվա սեպտեմբերին 12-ամսյա գնաճն ավելացել է՝ կազմելով 9․9%, բնականոն գնաճը նույնպես ավելացել է՝ կազմելով 10․5%։

ԿԲ նախագահի խոսքով՝ համաշխարհային տնտեսության ակտիվության դանդաղման միտումներ են նկատվում, համաշխարհային տնտեսությունից ՀՀ տնտեսության վրա սպասվում են թույլ գնաճային ազդեցություններ։

Այս տարվա երրորդ եռամսյակում Հայաստանի տնտեսությունում բարձր ակտիվության միտումները պահպանվում են, եւ ինչպես Գալստյանը ներկայացրեց՝ տնտեսական աճը գերազանցապես կրում է արտաքին պահանջարկի դրական ազդեցությունը՝ արտահայտվելով ծառայությունների ոլորտի էական ավելացմամբ:

«Պահանջարկի ընդլայնմանը նպաստում է միջազգային այցելուների եւ ՌԴ-ից դրամական փոխանցումների ներհոսքի շարունակական աճը: Սա միաժամանակ արտահայտվում է արտաքին հաշվեկշռվածության դիրքի բարելավմամբ եւ դրամի փոխարժեքի արժեւորմամբ: Հարաբերականորեն խստացող դրամավարկային քաղաքականությունն ու դրամի արժեւորումը աստիճանաբար կնպաստեն պահանջարկի զսպմանը եւ գնաճային սպասումների նվազմանը»,-ասաց Գալստյանը։

12ամսյա գնաճն, ըստ ԿԲ նախագահի, աստիճանաբար կնվազի եւ կկայունանա 4%-ի շուրջ։

Մարտին Գալստյանը վստահեցրեց՝ եթե վերաֆինանսավորման տոկոսադրույքն համապատասխան չափով չբարձրացներ ԿԲ-ն, և դրամն էլ այս չափով չարժեւորվեր, ապա գնաճը Հայաստանում կլիներ առնվազն 15 %-ի շրջակայքում, իսկ հիմա 9.9% է, տարվա վերջում ակնկալում ենք, որ կունենանք 10 % գնաճ՝ նույնիսկ զսպման մեխանիզմներով:

Ըստ նրա, դրամի փոխարժեքը տնտեսությունում տեղի ունեցող գործողությունների հետեւանք է, միջազգային այցելուների մեծ թիվ կա, նրանք մարում են իրենց արտարժույթը, ձեռք են բերում դրամ։

Թե երբ կլինի գների նվազում, Մարտին Գալստյանն ասաց՝ ակնկալվում է, որ մյուս տարի համաշխարհային ապրանքային շուկաներում գների որոշակի նվազում կսկսի․ «Շատ դժվար է կանխատեսել տնտեսական հարթությունից դուրս գործընթացները; Օրինակ, օրերս ՌԴ-ն հայտարարեց, որ ինքը Սեւ ծովով ցորենի մատակարարումների պայմանավորվածությունից դուրս է գալիս։ Միաժամանակ ապրանքային շուկաներում պիտի որ ակնկալենք 2023 թվականին ավելի մեղմ սցենարներ, որովհետեւ համաշխարհային տնտեսությունների տնտեսական աճերն են նվազում՝ թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Չինաստանում, թե՛ եվրոգոտում։ ԱՀԿ-ի տվյալներով, գլոբալ տնտեսական աճը 3.6%-ից իջեցրել են 2.7%-ի։ Չինաստանը, որն ավանդաբար բարձր տնտեսական աճ է ունենում, այս տարի միանիշ աճ է գրանցում։ Այս ամենը պահանջարկը զսպող գործոններ են, որոնք պետք է հանգեցնեն ապրանքների գների նվազմանը։ Խնդիրն այն է, թե դա ինչպես կարտահայտվի ՀՀ-ի գներում, որովհետեւ մի կողմից տեսնում ենք, որ դրամն է արժեւորվում, նաեւ՝ եվրոյի նկատմամբ, որն իր գինը կորցնում է դոլարի նկատմամբ, ու բոլորիս ակնկալիքն այն է, որ տնտեսվարողները պետք է ճշգրտեն իրենց գները՝ ներքեւի ուղղությամբ։ Հիմնական գործոնը, որը կարող է այդ գործընթացը դանդաղեցնել՝ ահռելի պահանջարկն է, որը միջազգային այցելուների հետեւանք է»։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930