Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյանն այսօր՝ նոյեմբերի 1-ին, Կապանի բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում ներկայացրել է պոլիկլինիկայի նորանշանակ վարիչ Նարինե Գրիգորյանին։ Շնորհակալություն հայտնելով նախկին վարիչ Նարա Հարությունյանին, Սյունիքի փոխմարզպետը նորանշանակ վարիչին ու պոլիկլինիկայի անձնակազմին բեղմնավոր աշխատանք մաղթեց՝ ի շահ Կապանի բնակչության։
Իսկ ամեն ինչ սկսվեց նրանից, երբ անցած շաբաթ, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը երկու անգամ չնախատեսված անակնկալ այց կատարեց Կապանի պոլիկլինիկա։ Քաղաքացիների հետ շփվելու հմտություն, բարեկիրթ սպասարկում, ցուցանակների փոփոխություն, քարտադարանի աշխատանքի կարգավորում, նորմալ բուժսպասարկում․ մարզպետի դիտարկումներն էին սրանք։
Նարե Ղազարյանի խոսքով՝ հարկավոր է որդեգրել նոր աշխատաոճ՝ բողոքներից խուսափելու համար։ Բժիշկներից մեկը հակադարձելով՝ նշեց, որ շատ դեպքերում քաղաքացիների բողոքներն անհիմն են լինում։ Մարզային իշխանության ներկայացուցիչն էլ իր հերթին հիշեցրեց՝ «բուժառուն միշտ ճիշտ է» կարգախոսը եւ խնդրեց ապահովել նորմալ բուժսպասարկում։
Բուժաշխատողները չբացելով փակագծերը՝ դժգոհեցին, որ իրենց իրավունքները պաշտպանված չեն եւ խնդրեցին իշխանություններին այդ մասին չմոռանալ։ Կապանի բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Ասատուր Ասատրյանը զարմացավ՝ պոլիկլինիկայի աշխատակազմը տեղյակ չէր, որ բժշկական կենտրոնն ունի իրավաբան։ «Կարող եք ցանկացած հարցով դիմել ու իրավաբանը, ինչպես հարկն է՝ կզբաղվի ձեր ոտնահարված իրավունքների պաշտպանությամբ»,-ասաց նա։
Կարդացեք նաև
Նարինե Գրիգորյանը խոստացավ առաջիկայում անել ամեն ինչ՝ բժշկական ծառայության որակը բարձրացնելու համար, որպեսզի պոլիկլինիկա մտած ամեն քաղաքացի չդժգոհի։
Հանդիպման ընթացքում մարզպետի տեղակալն ու բժշկական անձնակազմը նաեւ պոլիկլինիկային առնչվող խնդիրներ են քննարկել, մասնավորապես շենքի նորոգման հարցը։ Նշվեց, որ 2023 թվականի ապրիլին նախատեսված է պոլիկլինիկայի շենքը հիմնանորոգել։ Բժշկական կենտրոնը նաեւ նեղ մասնագիտացված բժիշկների կարիք ունի։
Ի դեպ, նկատենք, որ այս տարվա հուլիսին նշանակված Կապանի բժշկական կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Ասատուր Ասատրյանը, ինչպես նաեւ պոլիկլինիկայի նորանշանակ վարիչ Նարինե Գրիգորյանը Կապան համայնքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ են։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ