Նիկոլ Փաշինյանը Սոչիից մեկնել է Իրան: Այս պահին Հայաստանում են Եվրամիության դիտորդները, որոնք մոնիթորինգ են իրականացնում Ադրբեջանի հետ սահմանին: Իրանն ասում է, որ ինքը դեմ է տարածաշրջանում երրորդ ուժի ներկայությանը եւ հարյուր տոկոսանոց վստահությամբ չենք կարող հաստատել, թե դա նաեւ Ռուսաստանի՞ն է վերաբերո՞ւմ, թե ոչ: Հնարավո՞ր է, որ Իրանի նախագահը Հայաստանի վարչապետին հարց ուղղի, թե դիտորդներն ինչ են անում այստեղ:
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում ասաց. «Իրանը երբ ասում է, թե դեմ է արտատարածքային ուժերի ներկայությանն այստեղ, Ռուսաստանին այդպիսին չի համարում: Ավելին, Իրանը հիմա ի հակադրություն տարբեր այլ առաջարկների, բավականին ակտիվորեն առաջ է քաշում 3+3 ձեւաչափը, ինչը տարածաշրջանային երկրների ձեւաչափ է եւ որտեղ կա նաեւ Ռուսաստանը:
Այն, որ Հայաստանը դիտորդներ է բերում, Իրանում ոչ բոլորն են հավատում, որ դա սահմանափակվելու է զուտ քաղաքացիական անձանցով: Այսինքն, արտատարածքային ուժերի մասով այն մտահոգությունները, որ կան, կապված են առաջին հերթին Իսրայելի հետ: Իրանում Ադրբեջանի տարածքը դիտարկում են որպես Իսրայելի համար հենակետ, եւ իրենց վերաբերմունքը առանձնապես չեն էլ թաքցնում ամենաբարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով:
Իրենց մտահոգում է, որ Հայաստանը տարածաշրջան է բերում արեւմտյան էմիսարների: Եվ կարծում եմ, որ այս թեմայով զրույց Փաշինյանի հետ Իրանում տեղի ունենալու է: Բայց նաեւ կարծում եմ, որ Սոչիի բանակցություններից հետո Իրանին, այնուամենայնիվ, հետաքրքրելու են Սյունիքի շուրջ տեղի ունեցող գործընթացները, մասնավորապես, ճանապարհների, սահմանների հետ կապված խնդիրները: Դրանք Իրանին ամենից շատ են մտահոգում, եւ Իրանը բաց տեքստով ամենաբարձր մակարդակով հայտարարում է, որ իր համար Հայաստանի անվտանգությունը իր անվտանգությունն է: Նրանց արտգործնախարարը Կապանում օրեր առաջ հասկացրեց, որ հայ ժողովուրդ եւ իշխանություն, անկախ նրանից, թե դուք ձեր անվտանգության մասին մտածում եք, թե չէ, զբաղվելու եք, թե չէ, ձեր սահմանը մեր սահմանն էլ է, ձեր անվտանգությունը, անկախ նրանից, թե դուք դա ընկալում եք, թե չէ, մենք դրա կարեւորությունը ընկալում ենք, պահելու ենք մեր սահմանը եւ չենք թողնելու, որ որեւէ մեկը այդ սահմանը, ընդհանուր առմամբ, փոփոխի:
Կարդացեք նաև
Կարծում եմ նաեւ, որ Իրանը վերջին երաշխիքները պետք է ստանա, որ Հայաստանը տարածաշրջան եւ իր տարածք չի բերում այն ուժերին, որոնք անընդունելի են իր համար: Իրանը կտրուկ քայլեր անելու իր վճռականությունը ոչ երկիմաստ ցույց տվեց նաեւ Արաքսի երկայնքով խոշորամասշտաբ զորավարժություններով»,- ասաց Վիգեն Հակոբյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ