Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Կյանքը փոխվում է Արցախում»․ ինչպես է «Ավրորա»-ի դափնեկրի որոշումն օգնում պատերազմից տուժած Արցախին

Նոյեմբեր 01,2022 16:57

Հասմիկի կյանքը 2020թ․-ի պատերազմից հետո բեկվել է, ինչպես եւ Արցախի տասնյակ հազարավոր աշակերտների առօրյան։ Պատերազմից ավելի քան 2 տարի անց նա Արցախի Մարտունի քաղաքում է ապրում, շարունակում է ուսումը։

Հասմիկն «Ավրորան՝ Արցախին» նախագծի երկու ծրագրերի շահառու է։ «Ավրորա»-ն աջակցել է Մարտունիում պատերազմից տուժած դպրոցի վերականգնմանն ու նորոգմանը։ Բացի այդ, նա հաճախում է նաեւ տեղի տեխնոդպրոց, մասնակցում «Ես» կրթական հիմնադրամի դասընթացներին՝ կրկին «Ավրորա»-ի աջակցությամբ։ Համոզված է, որ հայրենիքում ստացած գիտելիքները պետք է ծառայեցնի Արցախի զարգացմանը։

Փոքրիկ Արփին էլ Շուշիից է։ Նրա ընտանիքը հիմնել էր «Հեքիաթի տունը» եւ մինչեւ պատերազմն ապրում էին ակտիվ ստեղծագործական կյանքով։ Այսօր Արփին ժամանակավոր բնակվում է Երեւանում։ «Ավրորա»-ն նրա ընտանիքին փեթակներ է նվիրել, ինչպես եւ Շուշիից տեղահանված այլ ընտանիքների։ Ասում են, որ Արփին ընկերացել է մեղուների հետ, օգնում է ծնողներին, անգամ դպրոցում շարադրություններ է գրում մեղուների կյանքի մասին։ Աղջնակը նաեւ խաղալիք է ստեղծել, որը կոչվում է «ստվերների թատրոն»։

Հասմիկն ու Արփին օրերս Երեւանում էին՝ մասնակցելու «Ավրորա» մրցանակի 2021թ․-ի դափնեկիր Ջուլիեն Լուսենգեին նվիրված նամականիշի թողարկման շնորհանդեսին։

Ջուլիեն Լուսենգեն մարդու իրավունքների պաշտպան է, «Կանանց համերաշխություն՝ հանուն ներառական խաղաղության եւ զարգացման» կազմակերպության, «Կոնգոյացի կանանց հիմնադրամի» համահիմնադիր․ տարիներ շարունակ նա համառ պայքար է մղել Կոնգոյի կանանց իրավունքների համար, բարձրաձայնել Կոնգոյում քաղաքացիական պատերազմի ընթացքում սարսափելի սեռական բռնության ենթարկված հազարավոր կանանց վիճակի մասին:

Որպես 2021 թ.-ի «Ավրորա» մրցանակի դափնեկիր՝ Ջուլիեն Լուսենգեն ստացել է 1.000.000 ԱՄՆ դոլար պարգեւ եւ հնարավորություն՝ շարունակելու նվիրատվության շղթան՝ աջակցելով կազմակերպությունների, որոնք օգնում են կարիքավորներին։ Ջուլիեն Լուսենգեն որոշել է օգնել նաեւ պատերազմից տուժած Արցախին։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության Արցախի ծրագրերի ղեկավար Նարինե Աղաբալյանն ասում է․ «Ինչպես հայտնի է, «Ավրորա» մրցանակն ամեն տարի շնորհվում է որեւէ գործչի, որը մարդասիրական մեծ առաքելության կրող է աշխարհում։ Մրցանակը ստեղծվել է՝ խրախուսելու համար շարունակել մարդասիրության շղթան, օգնություն հասցնել նրանց, ովքեր ունեն դրա կարիքը։ Ճակատագրի բերումով Արցախի ժողովուրդը եւս հայտնվեց այդպիսի իրավիճակում՝ հումանիտար աղետի մեջ։ 2020թ-ի պատերազմի պատճառով Արցախից հազարավոր ընտանիքներ տեղահանվեցին՝ թողնելով ողջ ունեցվածքը, կանգնած լինելով ֆիզիկական ոչնչացման վտանգի առաջ։ Մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրների որոշմամբ «Ավրորան՝ Արցախին» նախաձեռնությունը մեկնարկեց՝ արագ արձագանքելու համար այդ ճգնաժամին։ Շատ ուրախ ենք, որ 2021թ-ի «Ավրորա» մրցանակի դափնեկիր Ջուլիեն Լուսենգեն որոշել է իր մրցանակից 250 000 դոլար հատկացնել «Ավրորան՝ Արցախին» նախաձեռնությանը։ Այդ ծրագրերի շնորհիվ հազարավոր մարդիկ կկարողանան եւ արդեն իսկ Արցախում ստանում են բժշկական ծառայություններ, լուծում են առողջական խնդիրները, իսկ երեխաների համար կրթական նոր հնարավորություններ են ստեղծվում։ Այդ ծրագրերն օգնում են մարդկանց կյանքի որակը փոխել։ «Ավրորա»-ի հիմնադիրները որոշել են կրկնապատկել նշյալ գումարը, եւ արդյունքում «Ավրորան՝ Արցախին» նախաձեռնության այս փուլում կարողացանք Արցախի ծրագրերին ուղղել եւս 500 000 դոլար։ Ջուլիեն Լուսենգեն օգնեց մեզ ընտրել Արցախում իրականացվող 14 ծրագրերը։ Շնորհակալ ենք, որ նա օգնեց մեզ ընտրել թիրախային ծրագրեր, որոնց արդյունքն արդեն իսկ ակնհայտ է մեր կյանքում»։

«Ավրորան՝ Արցախին» նախաձեռնությունը մեկնարկել է 2020թ․-ի պատերազմից անմիջապես հետո․ «Արարատ» չելենջի միջոցով եղան նվիրատվություններ, հազարավոր մարդիկ ներդրում ունեցան Արցախի համար նախագծերի իրագործմանը։

Նարինե Աղաբալյանը շեշտում է, որ շարժման հանգանակությունները մինչեւ օրս էլ շարունակվում են եւ ցանկացած քաղաքացի կարող է մասնակցել կամ ծանոթանալ արդեն իսկ իրականացված ծրագրերին․ «Վերջին 14 նախագծերը, որոնք իրականացվել են «Ավրորան՝ Արցախին» նախաձեռնության շրջանակում, կյանքի են կոչվում Ջուլիեն Լուսենգեի ընտրությամբ։ Ստացել ենք մոտ 75 նոր նախագիծ՝ Արցախին օգնելու համար։ Սա կարեւոր է, որովհետեւ ունեինք գաղափարներ, որոնք նախագիծ դարձնելու համար պահանջվում էր օգնություն։ Մենք կարողացանք ընտրել առավել երկարաժամկետները, որոնք ապահովելու են կայուն զարգացում։ Այդ ծրագրերն առանձնանում են նրանով, որ միանվագ չեն, դրանց արդյունքը շատ երկար է լինելու։ Խոսքը հատկապես առողջապահական, կրթական ենթակառուցվածքների վերականգնման մասին է։ Օրինակ՝ տեխնոդպրոցի նախագիծը, որն իրականացվել է Մարտունու շրջանի Հաղորտի գյուղում։ Տարիներ շարունակ երեխաները հնարավորություն են ունենալու այդ դպրոցում ձեռք բերել ժամանակակից տեխնոլոգիական գիտելիքներ։ Աշակերտները շատ չեն, բայց սա խթան է, որ Մարտունու շրջանի բոլոր գյուղերից, ինչու չէ նաեւ մայրաքաղաքից երեխաները գան գիտելիքներ ստանալու։ Երեխաների միջեւ շփումն ապահովելու, նրանց համար զարգացման հնարավորություններ ստեղծելու տեսանկյունից շատ կարեւոր է սա։ Մեկ այլ ծրագրով սարքավորումներ ենք նվիրել վերականգնողական կենտրոնին, որոնք կօգնեն պատերազմում հաշմանդամություն ձեռքբերած անձանց վերականգնմանը»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930