Sputnik Արմենիա մուլտիմեդիոն կենտրոնում քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը վերլուծեց վերջին շաբաթում Հայաստանում ընթացող ներքին եւ արտաքին բուռն քաղաքական զարգացումները:
«Հայաստանյան ներքին եւ արտաքին քաղաքական զարգացումների ներկապնակում ամենաառաջնայինը, թերեւս, երեկ Սոչիում կայացած Պուտին-Ալիեւ-Փաշինյան եռակողմ հանդիպումն էր: Դրան նախորդած Ստեփանակերտում կիրակի օրվա հզոր հանրահավաքի հիմնական մեսիջներն ուղղված էին այդ հանդիպմանը: Դա, ըստ էության, դիմում էր Ռուսաստանին, որպեսզի նա նոր մեխանիզմներ գտնի իր խաղաղապահ առաքելությունը Արցախում երկարաձգելու համար, ու կարծես, ակնարկ կար, որ Արցախում դեմ չեն, եթե լինի քաղաքական եւ ռազմաքաղաքական ավելի սերտ համագործակցություն: Այսինքն, Արցախը իր գոյաբանական խնդրի լուծումը տեսնում է Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ավելի ակտիվ ներգրավման մեջ: Արցախը նաեւ ուղղակիորեն մեսիջ հղեց Հայաստանին, որ ամեն դեպքում հայաստանյան որեւէ իշխանություն իրավունք չունի Արցախը դիտարկել Ադրբեջանի կազմում, քանի որ դա վտանգում է ոչ միայն որպես միավոր Արցախի, այլեւ այնտեղի բնակչության ֆիզիկական գոյությունը», ասաց պարոն Հակոբյանը:
Նրա կարծիքով հզոր հանրահավաքը եւ հղված մեսիջները կարող էին դառնալ բանակցային ռեսուրս: «Ես կարեւորում եմ Սոչիում Պուտինի հետ երկկողմ հանդիպումները, որտեղ, ըստ էության, հնչեցին հիմնական ուղերձները: Հայաստանի ղեկավարը միանգամից հայտարարեց, որ Հայաստանը դեմ չէ փաստաթղթի սկզբունքների ռուսական կոնցեպտուալ տարբերակին, եթե, իհարկե, ՌԴ ղեկավարը կկարողանա պնդել իր առաջարկը: Ես որքան հասկացա, խոսքը այդ տարբերակի 15-րդ կետին էր վերաբերում, որով առաջարկվում էր, որպեսզի Արցախի կարգավիճակը առայժմ առկախվի եւ հայ-ադրբեջանական գործընթացները իմպլեմենտացվեն առանց կարգավիճակի հստակեցման: Սակայն Ալիեւը ուղղակիորեն հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հարց այլեւս գոյություն չունի, ինքը երկու տարի առաջ այդ հարցը լուծել է եւ խոսելու բան առանձնապես չկա:
Իրար հակասող այս մեսիջներով հասկանալի դարձավ, որ վաշինգթոնյան տարբերվող ռուսաստանյան փաստաթղթի օրակարգը, որը կարող էր բեկումնային լինել, կսահմանափակվի ընդամենը ինչ-որ հայտարարությամբ:
Կարդացեք նաև
Անգամ ասուլիսը ցույց տվեց, որ կար որոշակի հիասթափություն: Վլադիմիր Պուտինն էլ խոստովանեց, որ կան լուրջ անհամաձայնություններ եւ անգամ ստիպված են եղել նախօրոք կազմված փաստաթղթից որոշ պարբերություններ հանել: Ամենայն հավանականությամբ ակնհայտ է, որ այդ հանված հատվածները վերաբերում են Լեռնային Ղարաբաղ եզրույթին: Սակայն, որքան հասկանում եմ, ոչինչ դեռ վերջնականապես լուծված չէ, գործընթացները շարունակվելու են:
Դատելով մամուլի ասուլիսից, Ռուսաստանին մտահոգում է իր խաղաղապահ առաքելությունը: Պուտինը չթաքցրեց, որ դա պայմանավորված է բանակցային գործընթացով, սակայն առաջին անգամ խաղաղապահ առաքելությունը պայմանավորեց ոչ թե Արցախում կամ Արցախի շուրջ տեղի ունեցող զարգացումներով, այլ բուն հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայով ու դելիմիտացիայով: Սա ցույց է տալիս, որ Արցախի շուրջ խնդիրներն այնքան են խորացել, այնքան թույլ են Հայաստանի դիքերը եւ Հայաստանի իշխանությունները այնքան թույլ եւ զիջողական են նաեւ Ադրբեջանի հետ հարաբերություններում, որ Ռուսաստանը նույնիսկ, կարծես, աստիճանաբար արձանագրում է, որ Արցախի շուրջ բանակցային գործընթացը հիմա բավականին դժվար է լինելու: Եթե Ադրբեջանի դիրքորոշումը հստակ եւ հասկանալի է, ապա Հայաստանի դիրքորոշումն առնվազն զիջողական է եւ առանձնապես չի տարբերվում Ադրբեջանի դիրքորոշումից»,- ասաց բանախոսը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ