Հոկտեմբերի 27-ին, ժամը 15-ից 15.30-ն ընկած ժամանակահատվածում, Գյումրիի Թետչերի փողոցում գլխարկով ու բժշկական դիմակով ինչ-որ մեկը առանց համարանիշերի մեքենայով մոտենում է շենքին, կայանում մեքենան և, բառի բուն իմաստով, անշտապ գողություն անում։ Գողոնն էլ՝ վճարային տերմինալ։
Կրկին որևէ շտապողականություն չցուցաբերելով՝ գողոնը դնում է մեքենան ու հեռանում։
Երբ դեպքից շուրջ երկու ժամ անց նկատում են, որ վճարային տերմինալը չկա, զանգում են ոստիկանություն։
Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները սկսում են ձեռնարկել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Կային որոշ հանգամանքներ, որոնք դժվարացնում էին հանցագործությունը թարմ հետքերով բացահայտել. տղամարդու դեմքը ոչ ոք չէր տեսել, մեքենայի վրա չկային համարանիշեր։ Հստակ էր միայն մակնիշը։
Կարդացեք նաև
Նախ պարզվեց, թե մեքենան, որ փողոցներով է ընթացել, զուգահեռ ստացվեցին նաև օպերատիվ տեղեկություններ։ Պարզվեց նաև, որ մեքենան վարձակալած էր։ Ճշտվեց վարձակալողի ինքնությունը՝ Սարակապ գյուղի 25-ամյա մի բնակիչ էր։ Հոկտեմբերի 28-ին Մուշի ոստիկանները նրան հայտնաբերեցին Գյումրիում, ձերբակալեցին և, մեքենայով հանդերձ, տեղափոխեցին բաժին։
Պարզվեց, որ ձերբակալվածը վճարային տերմինալը տեղափոխել էր Սավոյան փողոցի դաշտամիջյան հատված, ապա դրամապահոցից հանել 252 հազարն ու հեռացել։ Տերմինալը հայտնաբերվել է։
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։
ՀՀ ոստիկանություն