Լրահոս
Օրվա լրահոսը

Սոչիի եռակողմ հայտարարության մեջ արտացոլված չեն հայկական կողմի համար խիստ կարևորություն ունեցող առանցքային արձանագրումներ. Ստեփան Հասան-Ջալալյան

Նոյեմբեր 01,2022 16:13

ՁԱԽՈՂՎԱԾ ՄԱՐԴՈւ ՀԵՐԹԱԿԱՆ ՁԱԽՈՂՎԱԾ ՀԱՆԴԻՊՈւՄԸ

2022թ. հոկտեմբերի 31-ին Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և օկուպանտ Ադրբեջանի սուլթան Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դատելով եռակողմ հանդիպման արդյունքներով հրապարակված հայտարարությունից՝ հանդիպումը կարող ենք գնահատել ձախողված հայկական շահերի սպասարկման տեսանկյունից:

Հայտարարության մեջ խոսք անգամ չկա Արցախի, ադրբեջանաարցախյան չկարգավորված հակամարտության, այդ հակամարտությունը կարգավորելու նպատակով ստեղծված միջազգային միակ մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափի, դրա վերագործարկման հնարավորությունների մասին: Ավելին՝ Արցախը, որտեղ տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը, հայտարարության մեջ անվանված է «տեղակայման գոտի»:

Հայտարարության մեջ անիրավացիորեն և անարդարացիորեն արտացոլված չեն հայկական կողմի համար խիստ կարևորություն ունեցող հետևյալ առանցքային արձանագրումները՝

  • ադրբեջանաարցախյան հակամարտությունը կարգավորված չէ, այն պետք է կարգավորվի հակամարտության կարգավորման նպատակով ստեղծված միջազգային միակ մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափի շրջանակներում՝ հիմնված միջազգային իրավունքի երեք սկզբունքների այն է՝ ազգերի ինքնորոշման, ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու և տարածքային ամբողջականության, վրա: Դեռևս 2022թ. փետրվարի 17-ին և հունիսի 8-ին Եվրոպական խորհրդարանն ընդունել է բանաձևեր, որտեղ արձանագրել է, որ ադրբեջանաարցախյան հակամարտությունը կարգավորված չէ և ԵԱՀԿ Մինսկի խումբը մնում է այս հակամարտության կարգավորման միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչափը՝ տարածքային ամբողջականության, ուժի չկիրառման, ինքնորոշման և հավասար իրավունքների և հակամարտությունների խաղաղ կարգավորման սկզբունքների հիման վրա. կոչ է անում արագ վերադառնալ իր միջնորդական դերին:
  • Արցախի հայությունն իրացրել է միջազգային իրավական ակտերով և ԽՍՀՄ օրենսդրությամբ, մասնավորապես՝ ՄԱԿ-ի կանոնադրությամբ և «ԽՍՀՄ-ից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» ԽՍՀՄ 1990թ. ապրիլի 3-ի օրենքով սահմանված ինքնորոշման իր իրավունքը, և դրա իրացման փաստը պետք է ստանա միջազգային ճանաչում:
  • 2020թ. դեկտեմբերի 12-ին օկուպանտ Ադրբեջանի զինված կազմավորման ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 1-ին կետը (ըստ որի Հայաստանը և Ադրբեջանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում), օկուպացրել են Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերը, մինչ օրս գտնվում են այնտեղ և պետք է անհապաղ, առանց նախապայմանների դուրս գան նշված տարածքներից ու վերադառնան ելման դիրքեր:
  • 2021թ. մայիսի 12-ին Ադրբեջանի զինված կազմավորման ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով ՄԱԿ-ի կանոնադրությունը, մասնավորապես՝ 2-րդ հոդվածի 4-րդ մասը՝ ըստ որի բոլոր անդամները միջազգային հարաբերություններում ձեռնպահ են ցանկացած պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության նկատմամբ և/կամ Միավորված ազգերի նպատակներին անհարիր որևէ այլ ձևով ուժի գործադրումից կամ դրա սպառնալիքից, ներխուժել են ՀՀ ինքնիշխան տարածք, օկուպացրել են ՀՀ Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի որոշ հատվածներ, մինչ օրս գտնվում են այնտեղ և պետք է անհապաղ, առանց նախապայմանների դուրս գան նշված տարածքներից ու վերադառնան ելման դիրքեր:
  • 2022թ. մարտի 24-ին օկուպանտ Ադրբեջանի զինված կազմավորման ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 1-ին կետը (ըստ որի Հայաստանը և Ադրբեջանը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում), օկուպացրել են Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Փառուխ գյուղը, գյուղի շրջակայքը, Քարագլուխ նախկին բնակավայրը, համանուն բարձունքը և հարակից տարածքները, մինչ օրս գտնվում են այնտեղ և պետք է անհապաղ, առանց նախապայմանների դուրս գան նշված տարածքներից ու վերադառնան ելման դիրքեր:
  • Օկուպանտ Ադրբեջանում ապօրինաբար պահվող բոլոր հայ գերիները, պատանդները և պահվող այլ անձինք պետք է անհապաղ, առանց նախապայմանների ազատ արձակվեն և վերադարձվեն Հայաստանի Հանրապետություն:                         Դեռևս 2021թ. մայիսի 19-ին Եվրոպական խորհրդարանն ընդունել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին հակամարտությունից հետո ռազմագերիների մասին» բանաձև, որով պահանջել է անհապաղ և անվերապահ ազատ արձակել բոլոր հայ գերիներին՝ զինվորական և քաղաքացիական, որոնք կալանավորվել են հակամարտության ընթացքում և դրանից հետո, և որ Ադրբեջանը հետագայում ձեռնպահ մնա կամայական ձերբակալություններից, կոչ է արել կողմերին ամբողջությամբ կատարել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի հայտարարությունը, որը նախատեսում է ռազմագերիների, պատանդների և այլ կալանավորների, ինչպես նաև ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների աճյունների փոխանակում:

Հարկ է նկատել, որ ՌԴ նախագահի հետ երկկողմ հանդիպման ժամանակ օկուպանտ Ադրբեջանի սուլթան Իլհամ Ալիևը մասնավորապես հայտարարել է հետևյալը. «Ղարաբաղյան հակամարտությունն արդեն պատմություն է, այն լուծվել է երկու տարի առաջ, ուստի այս համատեքստում գործնականում քննարկելու բան չկա։»:

Ադրբեջանաարցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ նման կարծիք ունեցող Իլհամ Ալիևի հետ միասին ստորագրելով վերոհիշյալ եռակողմ հայտարարությունը՝ Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, իր համախոհությունն է հայտնել օկուպանտ Ադրբեջանի սուլթանին, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը ևս կարծում է, որ ադրբեջանաարցախյան հակամարտությունը կարգավորվել է:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ կարող ենք պնդել, որ Նիկոլ Փաշինյանի նման մոտեցումն իր էությամբ հակաարցախյան մոտեցում է և կատարելապես հակասում է Արցախի ամբողջ, իսկ Հայաստանի հայության մեծ մասի դիրքորոշմանը, դեմ է Արցախի ու Հայաստանի Հանրապետությունների ազգային, պետական շահերին:

Արցախի Հանրապետությունում, Հայաստանի Հանրապետությունում և Սփյուռքում բնակվող հայ ժողովուրդն այս պահին ունի մեկ կենսական կարևորության ազգային խնդիր. համազգային ուժերի գերլարմամբ իշխանությունից հեռացնել Նիկոլ Փաշինյանին: Իշխանությամբ օժտված Նիկոլ Փաշինյանը գոյութենական կամ էքզիստենցիալ սպառնալիք է Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում բնակվող հայության համար:

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆՋԱԼԱԼՅԱՆ
քաղաքագետ  
                                                               

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930