Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանը կաշկանդված է իր տված բանավոր խոստումներով». Հայկ Մամիջանյան

Նոյեմբեր 01,2022 15:52

«Այս պահին չկա որևէ փաստ ռազմաքաղաքական տեսանկյունից, որի վրա հիմնվելով հնարավոր լինի բացառել Ադրբեջանի կողմից պայմանավորված ագրեսիան ՀՀ-ի և Արցախի նկատմամբ: Դա բացառելու հիմք ես չեմ տեսնում»,-«Հենարան» մամուլի ակումբում հայտարարեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով Սոչիում ընդունված եռակողմ հայտարարությանը:

Պատգամավորն ասաց՝ անկախ ամեն ինչից՝ ինքը վստահում է հայոց բանակի տոկունությանը, հզորությանն ու ուժին:

Ըստ նրա՝ հայտարարության մեջ թեև կա ուժի չկիրառման մասին հիշատակումներ, բայց սա առաջին անգամ չէ, որ Ադրբեջանը դրժելու է իր՝ միջազգայնորեն տրված խոստումը:

Հայկ Մամիջանյանը անդրադարձավ նաև այն հայտարարություններին, թե 44-օրյա պատերազմից հետո փակվել էր Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման պատուհանը: Նա նշեց. «Բոլոր այն տարբեր տրամաչափի երեսփոխանները և ոչ միայն՝ ՔՊ-ական, որոնք նշում են՝ 44-օրյա պատերազմից հետո փակվել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի համար պատուհանը, ստում են: Պատերազմի ավարտից հետո ՌԴ նախագահն իր հարցազրույցի ժամանակ խոսել էր, որ հետագային է անհրաժեշտ թողնել Արցախի կարգավիճակի հարցի քննարկումը: Համանախագահները 2021-ի ապրիլին տարածել են հայտարարություն, որում նշվում էր ազգերի ինքնորոշման իրավունքը: Հայկական պաշտոնյաները դրա մասին չեն խոսել: Ուստի ակնկալել աշխարհից, որ կբարձրացնեն այդ իրավունքները, ինչի մասին ռիսկ չի անում խոսել մեր ապիկար իշխանությունը, նաիվություն է: Առաջին հերթին մենք ինքներս պիտի խոսենք դրա մասին: Նրանք անգամ վախենում են Երևանում ասել՝ Հադրութը, Շուշին և մեր հայրենիքի մնացած հատվածները օկուպացված են, էլ ուր մնաց Արցախի կարգավիճակի և ազգերի ինքնորոշման մասին խոսույթ լինի: Դրա համար էլ ծայրահեղ կարևոր է բանակցողի փոփոխությունը: Փաշինյանը կաշկանդված է իր տված բանավոր խոստումներով»:

Խաղաղության պայմանագրի ամերիկյան, ռուսական տարբերակների մասին հարցերին ի պատասխան՝ Հայկ Մամիջանյանն ասաց. «Մի հավաստի աղբյուրի մակարդակի գործիչ կա՝ Էդմոն Մարուքյանը, ասում է՝ առհասարակ գոյություն չունի վաշինգթոնյան տարբերակ, գոյություն ունի ռուսական ու թուրքական տարբերակ: Այսինքն՝ Էդմոն Մարուքյանը վաշինգթոնյան տարբերակն անվանում է թուրքական: Որ նա չլիներ, կհավատայի, բայց հաշվի առնելով նրա աշխարհաքաղաքական նախասիրությունները, նա նման բան չէր անի: Նիկոլ Փաշինյանն իր ստերում խճճվել է: ՀԺ-ով գրում են առաջարկներ արդեն գրեթե պատրաստ փաստաթղթի մասին, ՔՊ համագումարի ժամանակ կետերի մասին է խոսում, բայց ՌԴ նախագահն ասում է՝ որևէ պատրաստ փաստաթուղթ չկա: Բայց մինչ այդ Նիկոլ Փաշինյանն էլ էր դա ասում: Ամբողջ ՀՀ ներքաղաքական դիսկուրսը լցված է տարբերակների քննարկումներով: Թե ինչ կանի Նիկոլ Փաշինյանը, կանխատեսել չեմ կարող, ես քաղաքական վերլուծություններով եմ զբաղված, այլ ոչ թե ոչ համարժեք որոշումների կայացմամբ: Ինչ կստորագրի, չգիտեմ, բայց մենք կանենք ամեն ինչ՝ բացառելու այնպիսի փաստաթղթի ստորագրումը, որը չի ապահովի առնվազն հնարավորություն Արցախի հայերի ինքնորոշման համար: Չենք թույլ տալու: Ինքը չի կարողանա գրիչով ջնջել, խաչ քաշել մեր ժողովրդի, ազգի՝ տասնամյակների նվիրական իղձի վրա: Ինքն այդ իրավունքը չունի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930