Այսօր Տավուշի մարզկենտրոնում տեղի ունեցավ «Իջևանում տնտեսական զարգացում և նորարարության խթանում՝ պետություն-մասնավոր համագործակցության և համայնքային էկոհամակարգերի ստեղծման միջոցով» ծրագրով նախատեսված բութքեմփի պաշտոնական բացման արարողությունը։ Այն իրականացվում է Իջևանի համայնքապետարանի, ԱՏՁՄ-ի և COWO-ի կողմից՝ ԵՄ ֆինանսավորմամբ։
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը կարևորեց նախագծի իրականացումը Տավուշի մարզում։
«ԵՄ-ը մեծ կարևորություն է տալիս նմանատիպ ծրագրերի իրականացմանը։ Մենք միշտ պատրաստ ենք աջակցել մարզերում նոր աշխատատեղերի ստեղծմանը և համայնքների տնտեսական զարգացմանն ուղղված նախաձեռնություններին։ Մենք հավատում ենք, որ այս ծրագիրը իր դրական ազդեցությունը կունենա տնտեսվարողների գործունեության վրա»,- նշեց Հեսսը։
Նշենք, որ բութքեմփի շրջանակներում տեղի կունենան եռօրյա հանդիպումներ հետևյալ ոլորտների շահառուների հետ. զբոսաշրջություն, բարձրարժեք գյուղատնտեսություն և սննդի վերամշակում։
Կարդացեք նաև
Իջևանի համայնքապետ Արթուր Ճաղարյանն իր խոսքում հույս հայտնեց, որ զբոսաշրջության, գյուղատնտեսության, սննդի վերամշակման ոլորտներում տեղական ձեռնարկության և ճգնաժամային կառավարման լավագույն փորձի ներկայացումն ու ձեռներեցության հետ փոխառնչությունների վերաբերյալ գիտելիքների վերհանումը կօգնի բութքեմփի մասնակիցների բիզնեսի առաջխաղացմանը և ավելի ճիշտ դիրքորոշմանը շուկայում։
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ