Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ կարգավիճակի հարցը պետք է թողնել սերունդներին. Սերգեյ Կոպիրկինը համամիտ է Վլադիմիր Պուտինի հետ

Նոյեմբեր 01,2022 15:10

ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը միանգամայն կիսում է իր երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի այն տեսակետը, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն այն հարցն է, որն արժեր թողնել հաջորդ սերունդներին, երբ կձեւավորվեն բոլորին ընդունելի պայմաններ հարցի արդար լուծման համար։ Այս մասին այսօր Երեւանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն՝ անդրադառնալով երեկ Սոչիում կայացած եռակողմ հանդիպմանն ու ընդունված հայտարարությանը։

Սերգեյ Կոպիրկին

Նա կարեւոր է համարում Սոչիի եռակողմ հանդիպումը՝ ընդգծելով հատկապես այն փաստը, որ այդ հանդիպումը կայացել է ՌԴ-ում: Հանդիպման տեւողությունը, տարված նախապատրաստական աշխատանքները, դեսպանի գնահատմամբ, վկայում են այն մասին, որ եկել է կարգավորման բոլոր ամենաբարդ հարցերի առարկայական քննարկման ժամանակը։

Հիշեցնելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերն այն մասին, որ ոչ բոլոր հարցերի վերաբերյալ է պայմանավորվել, Սերգեյ Կոպիրկինն ասաց. «Բայց շատ կարեւոր է, որ քննարկումը կայացավ, շատ կարեւոր է, որ կողմերը պատրաստակամություն դրսեւորեցին առաջ շարժվելու կարգավորման ուղղությամբ։ Շատ կարեւոր է նաեւ այն, որ հանդիպումը տեղի ունեցավ Ռուսաստանում, եւ սա ակնհայտ վկայում է այն մասին, որ Ռուսաստանը, չնայած խնդիրներին, որոնք պետք է հիմա լուծել այլ տարածաշրջաններում, մեծ ուշադրություն է հատկացնում Հարավային Կովկասի իրավիճակին եւ չի թուլացնում ջանքերը կարգավորման ոլորտում»:

Երկրորդելով իր երկրի նախագահին, Սերգեյ Կոպիրկինն ասաց՝ կարգավորման ամբողջ համալիրը պետք է լինի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պայմանավորվածությունների արդյունք. «Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին եւ դրույթներին, որոնք պետք է մտնեն դրա մեջ, դատելով Սոչիի հանդիպման արդյունքներից՝ առայժմ կան հարցեր, որոնք չի հաջողվում համաձայնեցնել, բայց որոնց ուղղությամբ աշխատանքը կշարունակվի»:

Դեսպանը կարեւոր է համարում նաեւ ՌԴ նախագահի արձանագրումը, որ Հայաստանը շարունակում է մնալ ՌԴ ռազմավարական գործընկերը:

Անդրադառնալով տարածաշրջանում ապաշրջափակման հարցերին եւ արձագանքելով լրագրողի դիտարկմանը, թե Ադրբեջանը շարունակում է պնդել, որ Հայաստանը պետք է իրեն միջանցք տրամադրի՝ Սյունիքի մարզով, դեսպանն ասաց, որ ռուսական կողմը բազմիցս հստակ դիրքորոշում է հայտնել, որ հաղորդակցությունների ապաշրջափակման սկզբունքը հարգանքն է ինքնիշխանության նկատմամբ. «Այս դիրքորոշումը հայտնել է նաեւ Ռուսաստանի փոխվարչապետ, ռուսական կողմի համապատասխան եռակողմ աշխատանքային խմբի ղեկավար Օվերչուկը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930