«Ձեռնարկել ենք բոլոր քայլերը, որոնց մասին խոսվել է եւ որոնք փաստաթղթավորված են։ Այսինքն, կառավարության որոշումներ են դրվել հանրային քննարկման, հետո ուղարկվել գերատեսչություններին։ Բնականաբար, նշված բոլոր հատվածներում աշխատանքներ են պլանավորված կամ արդեն իսկ իրականացվում են»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։
Հիշեցնենք, որ դեռեւս օգոստոսից ԱԱԾ-ն վարչապետի հանձնարարականի հիման վրա եւ Ադրբեջանի քաղաքացիների՝ ՀՀ տարածքով անցումն ապահովելու համար պետական սահմանի անցման նոր կետեր տեղակայելու վերաբերյալ նախագիծ էր դրել հանրային քննարկման։ Ի դեպ, այս նախագիծն իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայքում 92% դեմ ձայների է արժանացել։
Ռուստամ Բադասյանը նշեց, որ անցման կետերն ու հսկողության ռեժիմներն արդեն իսկ սահմանված են։ Հարցին՝ վտանգ չեք տեսնո՞ւմ, նա պատասխանեց. «Ոչ, ի՞նչ վտանգի մասին է խոսքը։ Հայտարարել ենք, որ ապաշրջափակման օրակարգը կառավարության համար ընդունելի է, եւ դրանից բխող քայլեր ենք ձեռնարկել։ ՀՀ-ն, բնականաբար, կողմ է ապաշրջափակման օրակարգին, սովորական գործընթաց է, որը, կարելի է ասել, ավարտված է։ Մենք պատրաստ ենք, եթե մյուս կողմը պատրաստակամ կլինի օգտվել մատուցվող ծառայություններից»։
Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին ձմռանից այլեւս ուժը կորցրած՝ թուրքական ապրանքների ներկրման արգելքի մասին։ Ռուստամ Բադասյանն ասաց, որ առեւտուր անելը նորմալ է։ Հարցին՝ չեք կարծո՞ւմ, որ թուրքական շուկան կկլանի ՀՀ տնտեսությունը, նա պատասխանեց․ «Չեմ կարծում»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ