«Խնդրում եմ՝ քիչ խոսեք այդ մեդալի մասին, իրար ծաղրելը ճիշտ չի, մանավանդ, երբ իմաստ չկա։ Հարցը լուծված է, խաղողը մթերված է։ Մի քանի անգամ գնացել եմ մի քանի մարզ, իրենք էլ են եկել, քննարկումներ են եղել, խնդիրը լուծված է։ Կարող է՝ դժգոհում են, որ ցածր գնով է մթերվել, բայց այս պահին խաղողը մթերված է ամբողջությամբ»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Հիշեցնենք, որ խաղողի մթերումից դժգոհ քաղաքացիներն օրերս Վահան Քերոբյանին «խաբեբայի մեդալ» էին հանձնել ու լքել հանդիպման դահլիճը։
Անդրադառնալով տարբեր ձեռքբերումներին՝ Վահան Քերոբյանը հայտնեց, որ աշխատատեղերի աննախադեպ աճ կա՝ 50 000․ «Նոր ընկերություններ են հիմնվել, հաստիքներ են ավելացվել։ Համարյա բոլոր ոլորտներում աճ կա։ 642 000 աշխատատեղ եղել է նախորդ տարվա սեպտեմբերին, իսկ այս տարի՝ 691 000։ Սա շատ բարձր ցուցանիշ է, որը երբեւէ չի եղել։ Ամենախոշոր աճը բարձր տեխնոլոգիաների ոլորտում է, որտեղ տարեսկզբի 16 000 աշխատատեղի փոխարեն այսօր ունենք 24 000-ը։ Ոլորտի միջին աշխատավարձը մեկ միլիոն 150 000 դրամ է։ Գուցե դուք չեք զգում, բայց հիսուն հազար մարդ հիմա աշխատանք ունի, նախորդ տարի չուներ։ Անկում կա մանրածախ առեւտրում»։
Կարդացեք նաև
Լրագրողները հետաքրքրվեցին սեպտեմբերին Ադրբեջանի հարձակման հետեւանքով տուժած Ջերմուկի ճակատագրով։ Նախարարի խոսքով՝ կառավարությունն ամեն ինչ անում է, որ անվտանգային միջավայրը բարելավվի, բայց պետք է նաեւ հաշվի առնել, որ ապրում ենք նոր՝ նորմալ միջավայրում։ Հարցին՝ այսինքն, ամենօրյա կրակոցները ձեր համար նորմալ բա՞ն են դարձել, Վահան Քերոբյանը պատասխանեց․ «Իսկ ձեր համար նորմալ բան չի դարձե՞լ»։
Նկատառմանն ի պատասխան, որ իշխանությունը ոչինչ չարեց, որպեսզի առողջարանային քաղաքը չդառնա ռազմադաշտ, Վահան Քերոբյանն ասաց․ «Կրակոցը նորմալ բան է նույնիսկ Իսրայելում, որի տնտեսությունը զարգանում է բարձր տեմպերով։ Եթե այդ կրակոցը պետք է չլինի մեր երկրի սուվերենության հաշվին, ապա պետք է փորձենք այնպես անել, որ կրակոցների միջավայրում զարգացնենք տնտեսությունը։ Ցավում եմ բոլոր զոհերի ընտանիքների համար, բայց վաղը կարող է ես լինեմ զոհ, եւ պատրաստ եմ դրան»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ