Հոկտեմբերի 31-ին Վարդենիսի համայնքապետարանում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը հանդիպեց ԵՄ առաքելության դիտորդական մեկ թիմին, որը ղեկավարում էր առաքելության ղեկավարի տեղակալ Էսբեն Ռիս Պետերսոնը։ Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար գնդապետ Վահրամ Գրիգորյանը, Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, զինվորականներ։
Եվրամիության դիտորդների՝ Գեղարքունիքի մարզում գործունեություն իրականացնող թիմի նպատակն է պարեկություն իրականացնել հայ – ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզով անցնող հատվածում։ Առաքելությունը կհետևի սահմանի հայկական կողմում տիրող իրավիճակին՝ վստահություն ձևավորելու և սահմանային հանձնաժողովներին աջակցելու համար։
Կարդացեք նաև
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ողջունեց ԵՄ առաքելության դիտորդների այցը Գեղարքունիքի մարզ, ապա հանգամանալից ներկայացրեց 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած ագրեսիայի հետևանքով Վարդենիսի՝ հրետակոծությունից տուժած 12 բնակավայերում ստեղծված իրավիճակի մասին, որն առնչվում էր տարհանված բնակչության վերադարձին, գյուղատնտեսական աշխատանքների ցածր ընթացքին, վնասված շենք-շինություններին, ենթակառուցվածքներին, դպրոցներին, նախադպրոցական հաստատություններին, քաղաքացիական այլ կառույցներին և այդ ուղղությամբ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ձեռնարկվող ու իրականացվող միջոցառումներին։
Մարզպետը հույս հայտնեց, որ ԵՄ դիտորդների մուտքը մարզ հնարավորություն կտա ավելի օբյեկտիվ գնահատել առկա իրավիճակը և նպաստել խնդիրների խաղաղ կարգավորմանը։
Գեղարքունիքի մարզի սահմանային տարբեր հատվածներում թշնամու սանձազերծած ագրեսիայի և դրա հետևանքով ստեղծված իրավիճակի մասին ԵՄ առաքելության դիտորդներին ներկայացրեց նաև ՀՀ ԶՈւ բանակային երկրորդ կորպուսի հրամանատար Վահրամ Գրիգորյանը։
Հայկական կողմի ներկայացուցիչները պատասխանեցին դիտորդներին հետաքրքրող տարատեսակ հարցերի։ Վերջիններս իրենց գոհունակությունը հայտնեցին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին և երկրորդ բանակային կորպուսի հրամանատար Վահրամ Գրիգորյանին՝ նման քննարկում ծավալելու, բովանդակալից և հագեցած տեղեկատվություն ներկայացնելու համար։
Այնուհետև Գեղարքունիքի մարզպետի, երկրորդ բանակային կորպուսի հրամանատարի և Վարդենիսի համայնքի ղեկավարի ուղեկցությամբ ԵՄ առաքելության դիտորդական խումբն այցելեց հակառակորդի հրետակոծությունից տուժած Կուտական, Սոթք և Կութ բնակավայրեր, տեղում դիտարկելու և արձանագրելու առկա վիճակը՝ իրենց հետագա գործունեության ուղղությունները նախատեսելու նպատակով։
Գեղարքունիքի մարզպետարան