Մենակություն բառից դողդողում է օդը իմ սենյակի:
Ու ես հասկանում եմ,
Որ աչքերն են մարդու ամենաթաց տեղը…
Պարույր Սևակ
Քովիդ 19-ի բռնկումից ի վեր սոցիալական մեկուսացման թեման շատ արդիական խնդիր դարձավ, որն ընդծեց սոցիալական կապերի կարևորությունն ու միայնության բացասական հետևանքները ինչպես հոգեկան, այնպես էլ ֆիզիկական առողջության վրա։ Սակայն միայնության թեման դեռևս համավարակից առաջ էլ գիտնականների ուշադրության կենտրոնում էր՝ որպես ոչ միայն հոգեկան, այլ մարդու ֆիզիկական առողջության վրա ազդող կարևոր գործոն։ Այդ մասին փաստում են ավելի ու ավելի շատ հետազոտություններ։ Դրանցից մեկը հրապարակվել էր դեռ 2018 թ․-ի հոկտեմբերին The Journals of Gerontology-ում։
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Պետական համալսարանի գիտնականների 10-ամյա հետազոտության արդյունքներով միայնությունը 40 տոկոսով կապվում է դեմենցիայի զարգացման վտանգի հետ։
Կարդացեք նաև
Հետազոտությանը մասնակցել են 12030 քաղաքացիներ, որոնց տարիքը 50-ից բարձր էր։
Հետազոտության արդյունքներով մարդիկ, որոնք ունեցել են միայնության զգացում, ավելի մեծ չափով են ենթարկվել դեմենցիայի վտանգին։ Ընդ որում, այդ կապը կախված չի եղել այլ գործոններից, ինչպիսիք են սեռը, կրթությունը, ռասսայական ու ազգային պատկանելիությունը և անգամ սոցիալական մեկուսացումը։ Իհարկե, նրանց մոտ առկա են եղել նաև ռիսկի այլ գործոններ, ինչպիսիք են զարկերակային բարձր ճնշումը, դիաբետը, ֆիզիկական ակտիվության պակասը, ծխախոտի օգտագործման հետևանքները և այլն։ Սակայն միայնություն-դեմենցիա կապը պահպանվել է անգամ այն ժամանակ, երբ այդ գործոնները նույնպես հաշվի են առնվել։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դեմենցիան սահմանում է որպես․ «Համախտանիշ, որի դեպքում վատթարանում են հիշողությունը, մտածողությունը, վարքը ու ամենօրյա գործողություններ կատարելու ունակությունները»։
Հետաքրքիր է, որ սոցիալական ամուր կապերը կարևորագույն դեր ունեն առողջության ընդհանուր վիճակի համար։ Դրանից բացի, սոցիալական կապերի տարատեսակները՝ ընկերների, երեխաների կամ այլ բարեկամների մասնակցությամբ, առողջության վրա կարող են տարբեր տիպի ազդեցություն ունենալ։
Մի հետազոտությամբ պարզվել է, որ լավ ընկերների առկայությունը մեծ տարիքում նշանակալի դրական ազդեցություն ունի հիշողության վրա, նաև նշվում է, որ ընկերները նպաստում են առողջ ապրելակերպին ու ֆիզիկական ակտիվությանը, ինչպես նաև ընկերների՝ առողջության վերաբերյալ տրված խորհուրդներն ավելի լավ են ընկալվում, քան ընտանիքի անդամների կողմից տրված խորհուրդները։
Ամուր ընկերությունը դրական է անդրադառնում գլխուղեղի առողջության վրա՝ օգնելով պայքարել դեպրեսիայի դեմ, նպաստելով ինքնավերահսկմանը, իսկ միայնությունն ազդում է առողջության վրա ամենատարբեր միջոցներով։
2017 թ․-ին Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի ամենամյա կոնֆերանսին ներկայացված երկու մետա անալիզները եզրահանգում են, որ միայնությունն ու սոցիալական մեկուսացումը մեծ վտանգ են ներկայացնում առողջության համար, որը համեմատելի է ճարպակալման վտանգի հետ։
Առաջին անալիզը՝ 300 000 մեծահասակների մասնակցությամբ, ցույց է տվել, որ սոցիալական մեկուսացումը 50 տոկոսով մեծացնում է վաղաժամ մահվան վտանգը։
Դեմենցիայից բացի միայնությունը կապվել է հոգեկան ու ֆիզիկական առողջության այնպիսի խնդիրների հետ, ինչպիսիք են մետաբոլիկ համախտանիշը, զարկերակային բարձր ճնշումը, ճարպակալումը, դեպրեսիան, սրտի իշեմիկ հիվանդությունը և այլն։
20 000 մեծահասակների շրջանում անցկացված հարցման շրջանակներում մարդկանց 46 տոկոսը հայտնել է, որ երբեմն կամ միշտ ունենում է միայնության զգացում։
Մտորելով, թե ինչը կարող է պատճառ լինել միայնության ու դեմենցիայի միջև կապի, հետազոտության հեղինակներից մեկը՝ դոկտոր Անջելինա Սուտինը նշում է, որ պատճառներից մեկը կարող է լինել բորբոքումը, վարքը՝ վնասակար սովորությունները կամ ֆիզիկական ակտիվության բացակայությունը։ Պատճառ կարող է լինել նաև այն, որ մտավոր գործառույթի վրա ազդում է սոցիալական անբավարար ներգործությունը, որը շատ կարևոր է մտքի «գործարկման» համար։
Ամեն դեպքում միայնությունը ցուցանիշ է, որ մեր կարիքները չեն բավարարվում, ու սա այն է, ինչը կարող ենք մենք փոխել։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ
Նյութը պատրաստելու համար օգտագործվել են տվյալներ հետևյալ աղբյուրներից՝ 1, 2, 3