«Այս պահին չկա երկիր, որը խնդիր չունի։ Բոլորն ունեն պարենային անվտանգության հարց։ Ցորենի միջանցքը փակվեց, աղքատ երկրներում խնդիրները սրվել են։ Մենք անում ենք ամեն ինչ, որ խնդիր չառաջանա»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով հարցին, թե ռուս-ուկրաինական հակամարտության հետեւանքով ՀՀ-ն այսօր հացահատիկի խնդիր ունի՞, հնարավո՞ր է առաջիկայում ալյուրի դեֆիցիտ լինի՝ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նա տեղեկացրեց, որ հիմա պարենային անվտանգության ռազմավարությունն է շրջանառվում․ «Գործողությունների ծրագիր կա, որպեսզի ՀՀ պարենային անվտանգության մակարդակը բարձրանա»։
Հարցին՝ ի՞նչ ենք անելու, եթե ՌԴ-ն որոշի հացահատիկ այլեւս չարտահանել, Վահան Քերոբյանը պատասխանեց․ «ՌԴ-ն մեր ռազմավարական գործընկերն է։ Չէի ուզենա, որ մենք հիմա իրար հետ նման սցենար դիտարկենք։ Գործընկերների հետ լավ աշխատանքային հարաբերություններ ունենք։ Կարծում եմ՝ ձեր ասած սցենարն անհնար է։ Մենք հիմա աշնանացանի ցորենի սուբսիդավորման աննախադեպ ծրագիր ունենք, որը խրախուսում է բոլորին՝ բացի Արարատից եւ Արմավիրից, որպեսզի մշակեն հողերն աշնանացան ցորենի համար։ Ծրագիրը սեպտեմբերին հետաձգվեց ագրեսիայի պատճառով, ֆերմերների ծրագրերը տուժեցին, բայց կարծում եմ՝ լավ տվյալներ ենք ունենալու, շուտով կհրապարակենք թվերը»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ