Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն տարի խաղողի մթերման ժամանակ փոթորիկի միջով ենք անցնում»․ Վահան Քերոբյան

Նոյեմբեր 01,2022 12:49

«Լուրջ, կարեւոր հարց է։ Ամեն տարի որոշակի մրրիկի միջով ենք անցնում խաղողի մթերման փուլում։ Այս տարի խաղողի մթերումն ավարտվել է։ Ողջ խաղողը մթերվել է։ Մենք չմթերված խաղողի մասին չգիտենք»,- ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր ՀՀ 2023թ․-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նա տեղեկացրեց, որ մթերման գինը եղել է 120 դրամ՝ ավելի ցածր, քան նախորդ տարի։

«Մեր պատկերացմամբ խնդիրը պետք է լուծել հետեւյալ կերպ՝ էժան կոնյակի սպիրտից անցնելով միջին գնի գինի արտադրելուն։ Ո՞նց անել։ Առաջնահերթ, վստահ ենք, որ փոքր գյուղատնտեսությունը մրցունակ չի, պետք է գնալ խոշորացման։ Խաղողի այգիների հետ կապված կառավարության ծրագրերը միտված են նրան, որ մարդկանց օգնենք խոշորանալ, խաղողի այգիներ տնկել, ոչ թե կոնյակի փոքր սորտեր։ Նաեւ հողային բարեփոխումներ ենք նախաձեռնել։ Գինու հետ կապված կառուցվածքային լուրջ խնդիր կա։ Գինեգործության նոր ռազմավարությունը գրեցինք, բայց չկարողացանք կառավարությանը համոզել, որ այն պետք է ընդունել եւ իրագործել։ Առանց դրա չենք կարողանա կառուցվածքային ամբողջական փոփոխություններ անել»,-նշեց նախարարը։

ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն ասաց՝ ամեն տարի խաղողի մթերման ժամանակ փոթորիկի միջով անցնելու պատճառներից մեկն այն է, որ ունենք տեսանելիության խնդիր․ «Եթե նայենք, թե ՀՀ-ում ինչքան կոնյակի սպիրտ է արտադրվում եւ արտահանվում, կստացվեր, որ ՀՀ-ում այնքա՜ն խաղող է մթերվում, որ պահանջարկը չի բավարարվում։ Պետք է հասկանանք՝ մեր նպատակը ո՞րն է, իրական կոնյակագործությա՞մբ զբաղվելը, թե նրանով, ինչով հիմա որոշ ընկերություններ են զբաղվում։ Իսկ գինեգործության ռազմավարությունում տարբեր մոտեցումներ կան»։

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն էլ իր հերթին նկատեց՝ եթե գիտեք, Մերձավան գյուղում խաղողագործության ինստիտուտ կա, որը ԳԱԱ-ին է հավանաբար պատկանում․ «Տեղի հողերը մեծ մասամբ սեփականաշնորհվել են, բայց ինստիտուտը գործում է։ Եթե նման հարց կա, առաջինը պետք է դիմել գիտությանը։ Եթե, օրինակ, խաղողի սորտերի կամ գենետիկայի խնդիր կա, արժի ակտիվացնել գիտության հետ համագործակցությունը»։

Վահան Քերոբյանը պատասխանեց, որ գիտության եւ տնտեսության կապը կարիք ունի ուժեղացման․ «ԳԱԱ-ի հետ ամեն ամիս հանդիպումներ ենք ունենում եւ ընդլայնում համագործակցությունը։ Խոստանում եմ, որ խաղողագործության ինստիտուտի հետ կապված էլ քայլեր կանենք, որպեսզի ընդգրկենք զարգացման ծրագրում»։

Հակոբ Արշակյանը նաեւ հարցրեց՝ Ճապոնիայում, Վիետնամում, Չինաստանում հայկական գինի վաճառելու ռազմավարություն ունե՞նք, դրանք նոր շուկաներ են եւ կբերեն պահանջարկի աճի։ Վահան Քերոբյանն արձագանքեց, որ առաջնային թիրախներնե ն ԱՄՆ-ն, ՌԴ-ն, Մեծ Բրիտանիան․ «ԱՄՆ-ն ամենաշատ գինի ներմուծողն է եւ կարեւոր շուկա է, որի ուղղությամբ պետք է աշխատենք․ ներուժը մեծ է, քան Ճապոնիայի դեպքում»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930