Խաղաղության պայմանագիր առայժմ չկա, և դեռ վաղ է խոսել խաղաղության պայմանագրի հիմնական բաղադրիչների մասին: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում:
«Այստեղ դեռ վաղ է խոսել այդ փաստաթղթի հիմնական բաղադրիչների մասին, քանի որ դա այնուամենայնիվ, թերևս փոխզիջման առարկա է, որին պետք է հասնեն երկու կողմերը միջնորդությամբ, եթե պայմանավորվող կողմերը ցանկանան, այդ թվում մեր երկրի միջնորդությամբ»,- ասել է Պուտինը:
Անդրադառնալով, սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ հարցին, Պուտինն ասել է, որ դրանք կարևորագույն հարցեր են: «Մենք այսօր, իսկապես, այդ մասին շատ ենք խոսել: Կան որոշակի նախադրյալներ, որ ընդհանուր առմամբ ճանապարհը գտնվել է: Եթե ուշադիր կարդաք նաև այսօրվա հայտարարությունը, ապա այնտեղ կգտնեք նախնական գնահատականներ, նախնական եթե ոչ պայմանավորվածություններ, ապա նախադրյալներ, որ այդ պայմանավորվածությունները ձեռք կբերվեն»,- ասել է Պուտինը:
Նա նշել է, որ իրենք պատրաստ են տրամադրել իրենց տրամադրության տակ եղած խորհրդային բանակի Գլխավոր շտաբի քարտեզները: «Դրանք, որքանով մենք ենք հասկանում, ամենաճշգրիտ քարտեզներն են: Եվ պատրաստ ենք այդ հիմքի վրա, քննարկելով երկու կողմերի հետ, առաջ շարժվել: Մենք պայմանավորվել ենք, որ այս շփումները, այս բանակցությունները, այս խոհրդակցությունները կշարունակվեն»,- ասել է նա:
Կարդացեք նաև
Պատասխանելով Արցախում ռուս խաղաղապահ զորամիավորման ճակատագրի մասին հարցին՝ Պուտինն ասել է, որ դա արձանագրված է 2020թ. նոյեմբերի հայտարարության մեջ: «Այստեղ ավելացնելու բան չկա»,- ասել է նա:
Լրացուցիչ հարցին, թե արդյոք Նիկոլ Փաշինյանն իրեն առաջարկել է խաղաղապահների մանդատը երկարաձգել 20 տարով, Պուտինն ասել է, որ այդ մասին խոսել են, բայց «դրա համար անհրաժեշտ են մեր համատեղ պայմանավորվածությունները»:
Նրա խոսքով՝ այդ հարցը կախված կլինի այլ հարցերից, մասնավորապես, խաղաղության պայմանագրից և սահմանազատման/սահմանագծման հարցերից:
«Եթե այդ հարցերը լուծվեն, խաղաղապահների հարցն այլ կերպ կդրվի: Եթե չլուծվեն կամ լուծվեն որոշակի ծավալով, ապա դրանից կախված կլինի նաև մեր խաղաղապահ զորամիավորման ճակատագիրը: Բայց ամեն դեպքում և՛ մեկ, և՛ մյուս կողմերը իրենց երախտագիտությունն են հայտնել Ռուսաստանին այն աշխատանքի համար, որ մենք այնտեղ կատարում ենք»,- ասել է Պուտինը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ