Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախցու ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չի կարող ունենալ. «Հայաստանի Հանրապետություն»

Նոյեմբեր 01,2022 12:04

Արցախը հավատարիմ է Անկախության հռչակագրին, Արցախում ապրող եւ արարող հայը մեկ անգամ եւս բարձրաձայնում է, որ ունի ինքնորոշվելու, իր ապագան կերտելու եւ սեփական տեսակը հայրենիքում պահպանելու իրավունք։

1990 թ. օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի ընդունած Հայաստանի անկախության հռչակագիրը ոչ միայն իր անկախ պետությունը վերականգնելու հայ ժողովրդի դարավոր երազանքի արտահայտությունն էր, այլեւ նրա երկու հատվածների փաստացի միավորմանը իրավական տեսք տալու հայտ։ Հռչակագիրր հաստատում էր Հայաստանի վճռականությունը՝ Արցախն իր տարածքի անբաժանելի մասը ճանաչելու վերաբերյալ։ Անկախության հռչակագիրը հիմնվում էր Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի 1989 թ. դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» համատեղ որոշման վրա։

Մեր հայրենիքի բզկտված կտորները միավորելու պատմական հնարավորությունը մոռացվեց հետագա տարիների ընթացքում, ինչի համար այսօր ծանր գին ենք վճարում։ Բայց որոշումը կա, ուժի մեջ է, եւ այն պետք է միայն վեր հանել մոռացության, անտարբերության եւ վախերով ճնշված մեր գիտակցության միջից։

Կիրակի օրը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաքված բազմահազարանոց հավաքը վկայում է, որ արցախցին չի ուզում եւ չի էլ կարող համակերպվել Ադրբեջանի կողմից Արցախի ամբողջական եւ վերջնական բռնազավթման հետ։ Սրանք պարզապես զգայական, էմոցիոնալ խոսքեր չեն, սա գոյության կռիվ է, ապրելու կամքի դրսեւորում։ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը հայտարարեց, որ անընդունելի է ցանկացած առաջարկ, փաստաթուղթ, որտեղ Արցախը կդիտարկվի որպես Ադրբեջանի մաս. «Մենք մերժելու ենք ցանկացած նման առաջարկ, ու եթե այդպիսի առաջարկ տարբեր երկրներից մեզ ներկայացնեն, դիտարկելու ենք որպես միջազգային իրավունքի կոպտագույն խախտում: Հավատացե՛ք, որ ի վիճակի ենք պաշտպանել Արցախը, կա՛ այդ ներուժը, այն յուրաքանչյուրիս մեջ է»,- նշեց նա:

Ավելի վաղ տեղի էր ունեցել արտահերթ նիստ Արցախի Հանրապետության խորհրդարանի քաղաքական բոլոր ուժերի նախաձեռնությամբ։ Նիստը մեկնարկել է ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի՝ աշխարհի բոլոր երկրների առաջնորդներին ու ժողովուրդներին ուղղված ուղերձով. «Այս փոքրիկ աշխարհատարածքը վտանգ չի ներկայացնում, բայց վտանգված է Արցախի ժողովրդի լիարժեք ապրելու ու գոյատեւելու իրավունքը: Որպեսզի արցախցին ապրի, արարի, ստեղծագործի իր հայրենիքում, ճանաչե՛ք նրա ինքնորոշման իրավունքը»: Արցախի օրենսդիր մարմնի ընդունած հայտարարության մեջ շեշտվում է. «Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, արտահայտելով Արցախի ժողովրդի հավաքական կամքը, հարկ է համարում այս բախտորոշ ժամանակահատվածում ի լուր աշխարհի արձանագրել եւ փաստել հետեւյալը. Արցախը երբեք չի եղել եւ չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում։ Հենց այս գաղափարը պետք է լինի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում։ Ցանկացած փորձ՝ Արցախը բռնակցելու Ադրբեջանին, կհանդիսանա միջազգային իրավունքի կոպտագույն խախտում եւ հայ ժողովրդի նոր ցեղասպանության իրագործման պաշտոնական արտոնագիր, հետեւաբար նման բովանդակությամբ փաստաթղթերը Արցախի Հանրապետության համար անընդունելի են»։

Արցախի Հանրապետության խորհրդարանի հայտարարությունն ուղերձ է համայն հայությանը եւ աշխարհին, որ արցախցու ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չի կարող ունենալ։

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930