Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ռազմավարությունը պետք է ուղղված լիներ համաշխարհային «սևի» ու «սպիտակի» տրամաբանության ուղեծրում չհայտնվելու ջանքերին. «Հայացք Երեւանից»

Նոյեմբեր 01,2022 12:10

Աշխարհում ստեղծված ներկայիս բարդ իրավիճակում, երբ Ուկրաինայում դաժան պատերազմ է գնում Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ, բնականաբար, մյուս երկրների համար առաջանում է անսխալ դիրքավորման, այսինքն՝ սեփական տեղի ու դերի ճշգրտման խնդիր: Այն է՝ ինչպե՞ս վերաբերվել ընթացող առճակատմանը, ինչպիսի՞ մասնակցություն կամ չմասնակցություն ունենալ, որպեսզի «ոտքի տակ» չընկնել:

Նմանօրինակ իրավիճակից ելք գտնելը՝ մանավանդ փոքր պետությունների համար, այնքան էլ դյուրին չէ: Արդյունավետ լուծումը պայմանավորված է, նախեւառաջ, այդպիսի երկրների աշխարհագրական դիրքով եւ վտանգների ու օգուտների հարաբերակցության հաշվարկման կարողությամբ: Սխալ մոտեցումների դեպքում հաճախ երկրները հայտնվում են այս կամ այն հակամարտության թակարդում, որից հնարավոր էր խուսանավել, սակայն իրենց անխոհեմ գործողությունների կամ լիակատար անգործունեության պատճառով չհաջողվեց շրջանցել ծուղակը:

Հայաստանի քաղաքականության ռազմավարությունը պետք է նպատակաուղղված լիներ համաշխարհային այս «սեւի» ու «սպիտակի» տրամաբանության ուղեծրում չհայտնվելու ջանքերին, որովհետեւ դա հենց այն թակարդն է, որտեղ հուժկու ճնշումների միջոցով երկրներին պարտադրում են դառնալ հակամարտության կողմ: Հայաստանն ուներ նման պահանջներից հրաժարվելու լուրջ փաստարկներ՝ ծանր աշխարհագրական դիրքը, քաղաքական, սոցիալ-տնտեսական կախվածությունը Ռուսաստանից, մասամբ՝ նաեւ Իրանից, ինչպեսեւ Ադրբեջանից ու Թուրքիայից բխող մարտահրավերները:

Արտաքին քաղաքականությունը ներկայացնելով նման պարզ սխեմայի մեջ, որտեղ գոյություն չունի ազգային շահ, այլ կան զգացմունքներ, Հայաստանն արդեն ինքն է դրսի երկրների համար սկսում ընկալվել սեւի ու սպիտակի երանգներով: Մենք դառնում ենք «սեւ» գլխավոր խաղացողներից մի մասի համար, եւ «սպիտակ» (որ նույնն է, թե օգտագործվող խաղաքարտ) մյուսների համար: Տեսնում ենք, թե ինչի է դա հանգեցրել Ուկրաինայում, եւ թե ժամանակին ինչի հանգեցրեց Վրաստանում:

Հոդվածն ամբողջությամբ՝ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) ACNIS reView Հայացք Երեւանից կայքէջի acnis.am  2022թ.-ի 38-րդ համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930