Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրեն Պարսյան. Կենտրոնական բանկը պետք է փոխի իր դրամավարկային քաղաքականությունը, ԿԲ-ից պետք է առանձնացվեն որոշակի գործառույթներ. «Փաստ»

Նոյեմբեր 01,2022 11:53

ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հայտարարեց ԿԲ կանխատեսումների մասին՝ շեշտելով նաև, որ այս տարվա համար 12,9 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում, իսկ հաջորդ տարվա համար՝ 4,5 տոկոս: Թե ի՞նչ քաղաքականություն է վարում ԿԲ-ն ներկայիս պայմաններում, այդ քաղաքականությամբ ի՞նչ ազդեցություն է ունենում տնտեսության վրա, խոսել ենք տնտեսագետ Սուրեն Պարսյանի հետ: Սուրեն Պարսյանը կարծում է, որ ներկայիս պայմաններում Հայաստանի Կենտրոնական բանկը պետք է փոխի իր դրամավարկային քաղաքականությունը, ԿԲ-ից պետք է առանձնացվեն որոշակի գործառույթներ:

«Կենտրոնական բանկը տարիներ շարունակ խիստ պահպանողական քաղաքականություն էր վարում, հնարավորինս փորձում էր զսպել բանկերին առնչվող ռիսկերը: ԿԲ-ն, առհասարակ, խրախուսում է ավելի քիչ ռիսկային ակտիվներում ներդրում կատարելը: Ընդհանրապես, բանկային համակարգն իր ընդհանուր ակտիվների մոտ 35-40 տոկոսը ներդրել է պետական պարտատոմսերի մեջ, որոնք քիչ ռիսկային ակտիվներ են: Կան բանկեր, որոնք իրենց ակտիվների 50 տոկոսն են ներդրել պետական պարտատոմսերի մեջ, որը քիչ ռիսկային ակտիվ է, բայց բավականին բարձր՝ 10-11 տոկոս շահութաբերություն է ապահովում: Եվ սա այն դեպքում, երբ այս պահին տնտեսության իրական հատվածին վարկավորելու խիստ անհրաժեշտություն կա: Բանկերը հիմա դժկամությամբ են ֆինանսավորում բիզնեսին: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է արտադրական ծառայություններին, գյուղատնտեսությանը վերաբերող բիզնեսին: Բացի այդ, վերջին տարիներին բանկերը կենտրոնացել են հիպոթեքի շուկայի վրա, իրենք ֆինանսավորում են առաջարկը՝ շինարարներին, և պահանջարկը, այսինքն, ֆինանսավորում են մարդկանց, որ նրանք հիպոթեքային վարկերով բնակարաններ ձեռք բերեն: Արդյունքում վերջին տարիներին աճել է հիպոթեքի ցուցանիշը, ինչը բավականին ռիսկային է դարձնում բանկային համակարգը»,-«Փաստի» հետ զրույցում տնտեսագետը՝ շեշտելով, որ թեպետ բանկերը դեռևս շահում են այս հանգամանքից, բայց ռիսկեր կարող են լինել:

«Այս պահին ԿԲ-ի համար միևնույնն է՝ բանկը վարկը տրամադրում է հիպոթեքի ուղղությամբ, բիզնեսի, թե այն սպառողական վարկի տեսքով: ԿԲ-ն բոլորի դեպքում նույն չափորոշիչներն է կիրառում: Այստեղ վերանայումներ են անհրաժեշտ: ԿԲ-ն պետք է խրախուսի, որ բանկերը ֆինանսավորեն բիզնես հատվածին: Ավելի բարձր պահուստային գումարներ պետք է նախատեսվեն սպառողական վարկերի, հիպոթեքի, քան, օրինակ՝ բիզնես վարկերի համար, ինչը թույլ կտա ավելի շատ բզինես վարկեր տրամադրել: ԿԲ-ի ամենակարևոր խնդիրներից մեկը նաև այն է, որ դրամավարկային քաղաքականությունը պետք է լինի հստակ և արդյունավետ: Արդեն երկրորդ տարին է՝ ԿԲ-ն հայտարարում է նպատակային՝ 4 տոկոսանոց գնաճի մասին, բայց անընդհատ այն վերանայվում է, գնաճը գերազանցում է նախանշված թիրախային ցուցանիշին: Օրինակ՝ անցած տարի 7,7 գնաճ ունեինք, այս տարի ԿԲ-ն կանխատեսում է, որ տարին կփակենք 8,5 տոկոսով, բայց դա էլ չի ապահովվելու. 2022թ. 9 ամսվա հաշվարկով արդեն իսկ 8,6 տոկոս գնաճ ունենք, իսկ սեպտեմբերին նախորդ տարվա սեպտեմբերի համեմատությամբ 9,9 տոկոս գնաճ էր արձանագրվել: Այսինքն, ակնհայտ է, որ ԿԲ-ն ձախողել է դրամավարկային քաղաքականությունը»,-նշեց նա՝ շեշտելով, որ սա արդեն ոչ այդքան օրենսդրական, այլ կառավարման դաշտում է:

«ԿԲ-ի խորհուրդը պետք է արդյունավետ գործի: Շատ կարևոր եմ համարում նաև այն, որ ԿԲ-ն քայլեր պետք է իրականացնի ֆինանսական իրազեկվածության, մարդկանց գրագիտության բարձրացման ուղղությամբ, ինչը ևս բավարար չէ այս պահին: ԿԲ-ն պետք է դուրս գա արժեթղթերի վերահսկողության դաշտից: Այս պահին ԿԲ-ն է վերահսկում, ինչը ճիշտ չէ: Արդյունքում շահում է բանկային համակարգը, իսկ արժեթղթերի շուկան դեգրադացվում է, լճանում է, ու նոր կազմակերպություններ ի հայտ չեն գալիս: ԿԲ-ի գործառույթները պետք է առանձնացվեն նաև այս առումով, ինչը ֆինանսական համակարգի կայունության խնդիր կլուծի: ԿԲ-ի քաղաքականությունը պետք է ներդաշնակ լինի կառավարության քաղաքականության հետ: Եթե գնաճի թիրախային մակարդակը պետք է բարձրացվի, այն պետք է բարձրացվի: Չպետք է հայտարարվի, որ չեն շեղվելու թիրախային մակարդակից: Այս ամենի հետևանքով պետության համար խնդիր է առաջանում: Օրինակ՝ այս փուլում շատ երկրների ԿԲ-ներ վերանայում են իրենց դրամավարկային քաղաքականությունը, մինչդեռ մեր ԿԲ-ն քարացած մտածելակերպ ունի, ավելի շատ հետևում է միջազգային տարբեր ինստիտուտների հանձնարարականներին, քան տնտեսության իրական գործընթացներին»-եզրափակեց նա:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930