Երեւան այցելող եվրոպացի բարձրաստիճան հյուրերին Հայաստանը ներկայացնելով որպես Հարավային Կովկասում ժողովրդավարության բաստիոն, իսկ ժողովրդավարությունն՝ իբրեւ Հայաստանի միջազգային բրենդ, Փաշինյանը եւ նրան ձայնակցող ՔՊ-ական գործիչները ամեն առիթով եւ անառիթ ջանում են տպավորություն ստեղծել, որ ժողովրդավարությունը 2018-ին ՀՀ-ում իրականացված «թավշյա, ոչ բռնի հեղափոխության» ծնունդ է: Մինչդեռ շատ փորձագետների պնդմամբ՝ 2018թ. տեղի ունեցածն այնքան էլ հեղափոխություն չէր, էլ ուր մնաց լինի ժողովրդավարության աղբյուր:
Երկար ժամանակ չպահանջվեց այս տեսակետի ճշմարտացիության մեջ համոզվելու համար: Շուտով մարդիկ տեսան, որ երկրում, բնականաբար, իրենց կյանքում եւս, ոչինչ չի փոխվել, իսկ եթե ինչ-որ բան էլ փոխվել է, ապա՝ դեպի վատը: Եկեք ինքներս մեզ չխաբենք. խոսքով ժողովրդավարություն հռչակելով, իսկ գործնականապես դատարանների մուտքերը մի հրահանգով արգելափակելով, խաղաղ ցուցարարներին ասֆալտի վրա փռելով կամ ընդդիմադիր գործիչների նկատմամբ հալածանք ու հետապնդում ծավալելով՝ ոչ բաստիոն կկառուցես, ոչ էլ բրենդի համբավ ձեռք կբերես: Ընդհանրապես՝ որեւէ ոլորտում որեւէ դրական արդյունքի չես հասնի:
Երբ խոսքը պետության ժողովրդավար լինել-չլինելու մասին է, քարոզչական հնարքները հազիվ թե օգնեն՝ պարտակելու սուտը: Այստեղ համոզիչ են իրական փաստերն ու այն սկզբունքները, որոնք բնորոշ են ժողովրդավարական քաղաքական համակարգին: Այդ սկզբունքները հայտնի են, հիշեցնենք դրանցից մի քանիսը. 1/ մարդու իրավունքների եւ ազատությունների երաշխավորված պաշտպանություն; 2/ քաղաքական բազմակարծության առկայություն; 3/ իշխանությունների տարանջատման սկզբունքի կիրառում; 4/ օրենքի առջեւ բոլորի հավասարություն եւ այլն: Ընդ որում՝ ժողովրդավարական համակարգը գործում է հետեւյալ սկզբունքի համաձայն. «Թույլատրված է այն, ինչն արգելված չէ օրենքով»:
Բավական է հիշյալ հատկանիշներն արտապատկերել մեր կյանքի համապատասխան իրողությունների վրա, եւ պարզ կդառնա, թե որքանով ենք մենք հեռու դասական իմաստով ժողովրդավարությունից, որի չգոյությունը իշխանությունը փորձում է կոծկել, փոխարենը աշխարհին ու սեփական հանրությանը ներկայացնելով ցանկալին իրականության տեղ:
Կարդացեք նաև
Գեւորգ ԲՐՈՒՏԵՆՑ
Հոդվածն ամբողջությամբ՝ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) ACNIS reView Հայացք Երեւանից կայքէջի acnis.am 2022թ.-ի 38-րդ համարում: