«Ապրելու երկիր» կուսակցությունն արձանագրում է՝ Սոչիում կայացած եռակողմ հայտարարությունը ոչ մի կերպ չի բխում հայկական կողմի շահերից։ Որևէ խոսք չկա այն մասին, որ ադրբեջանական զորքերը պետք է հետ քաշվեն Հայաստանի սուվերեն տարածքից։
Չկան առարկայական պայմանավորվածություններ հայ ռազմագերիների վերադարձի մասին։ Փոխարենը, խոսվում է սահմանների անձեռնմխելիությունից, և դա արվում է այն պայմաններում, երբ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանները արդեն մեկ տարուց ավելի է՝ գտնվում են ադրբեջանական օկուպացիայի ներքո։
Այս փաստաթուղթը չի արտահայտում նաև արցախահայության կամքը։ Մասնավորապես տեքստի մեջ տեղ գտած «տեղակայման գոտի» արտահայտությունն ամբողջովին ներկայացնում է ադրբեջանական դիրքորոշումը։ Որևէ փաստաթուղթ, որը չի արտահայտում տեղաբնիկ ժողովրդի՝ իր հողում ապրելու իրավունքը, դուրս է որևէ միջազգային նորմից։
Ադրբեջանի նախագահի երազանքը՝ տեսնել Արցախն առանց հայերի, դեռ երկար է բախվելու Արցախի ժողովրդի դիմադրությանը։ Հողը, որտեղ ապրում է Արցախի ժողովուրդը, «տեղակայման գոտի» չի կարող լինել որևէ մեկի համար։ Արցախի՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը ոչ միայն չի լուծվել, այլև չի կարող լուծվել առանց Արցախի ժողովրդի անմիջական ներգրավվածության։
Կարդացեք նաև
«Ապրելու երկիր» կուսակցություն