«Հաջորդ տարվա համար մենք որպես ցուցանիշ թիրախավորել ենք 7% տնտեսական աճը։ Կառավարության 21-26թթ․ ծրագրով այն մեր ժողովրդին խոստացած նվազագույն տնտեսական աճն է։ Բազմաթիվ միջոցառումներ ունենք, որոնք ուղղված են այդ աճն ապահովելուն։ Հաջորդ տարվա համար եւս կան նման ծրագրեր»,-ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր ՀՀ 2023թ․-ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Նա տեղեկացրեց, որ տնտեսության արդիականացման ծրագիրն արդեն իսկ լավ է աշխատում եւ սեպտեմբերի դրությամբ 320-ից ավելի ընկերություններ են շահառու դարձել․ «Հարյուրավոր այլ ընկերություններ են հիմա բանակցում՝ օգտվելու համար այս ծրագրից եւ ավելացնելու համար արտադրողականությունը։ Այս ծրագիրը հաջորդ տարվա համար կարեւորներից է լինելու եւ թույլ է տալու ավելի շատ արտադրանք թողարկել ու վաճառել։ Ծրագրի մյուս բաղադրիչը, որը դեռ կիրառություն չունի, բայց ունի շատ հայտեր, դա բարձր որակավորման մասնագետների վարձակալության սուբսիդավորումն է կառավարության կողմից՝ տեղական ընկերությունների համար։ 218 մասնագետի ներգրավում ենք նախատեսում հաջորդ տարվա համար հայկական ընկերությունների կողմից»։
Վահան Քերոբյանի խոսքով՝ չորս միլիարդ դրամ կուղղվի ներդրումների ֆինանսավորմանը․ «ՀՀ-ում ներդրումային ծրագրեր ունեցողներին խոստանում ենք ներդրման մի մասի չափով օժանդակել՝ ենթակառուցվածքային ձեւաչափով։ Եթե, օրինակ, ընկերությանը պետք է սարքել ջրագիծ կամ ճանապարհ, ապա կառավարությունը հաստատում է ծրագիրը եւ ֆինանսավորում։ Հարյուրից ավելի հայտ ունենք, թեեւ ծրագիրը դեռ այս պահին չի իրականացվում։ Ամեն ընկերություն ունի ենթակառուցվածքային խնդիր»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ