Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Լուկաշենկոյի՝ Հայաստանի «թիկունքում» ոչ ոք չպետք է լինի, Մոսկվայից բացի. «Հայաստանի Հանրապետություն»

Նոյեմբեր 01,2022 11:27

ՀԱՊԿ ԱԽ արտահերթ նիստում, իհարկե, որեւէ սպասում չկար, որ Լուկաշենկոն, ում կյանքի իմաստը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին դուր գալն է, կխոստովանի, որ քաղաքական հեռատեսության հարցում լրջորեն կաղում է, որովհետեւ իրադարձությունների զարգացումը վկայում է Հայաստանի կարեւոր տեղի ու դերի մասին, որ մեր երկիրն ունի այլընտրանքային տարբերակներ՝ իր ապագան կառուցելու համար:

Եվ այսպես՝ Հայաստանը, դիմելով այն ռազմաքաղաքական կազմակերպությանը, որի անդամ է, ակնկալում էր, որ ՀԱՊԿ-ն ռազմական աջակցություն կցուցաբերի ՀՀ-ին՝ իր պատասխանատվության գոտում թշնամական ներխուժումը հետ մղելու համար: ՀԱՊԿ-ն սեփական պարտականությունները չկատարեց, ուղարկեց ինչ-որ առաքելություն, արձանագրեց, որ Ադրբեջանը զինված ներխուժում է կատարել իր անդամ Հայաստանի տարածք, այնուհետեւ նվազագույնը պետք է քաղաքական գնահատական տար իրավիճակին եւ հաստատեր ճանապարհային քարտեզ, որի համաձայն՝ պետք է իրականացվեր Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնումը: Սա օրինական ճանապարհն է: Բայց…

«Դուք մեր առջեւ երկու հարց եք բարձրացրել: Առաջինը կարդում եմ՝ «Իրադարձությունների գնահատականը եւ ՀԱՊԿ-ի դիրքորոշումը: «Դուք մեզանից պահանջում եք կողմնորոշվել մեր դիրքորոշման հարցում: Դուք, ինչ է, մեր դիրքորոշումը չգիտե՞ք: Մենք ուզում ենք, որ հարեւան պետությունների միջեւ հակամարտությունը լուծվի խաղաղ ճանապարհով: Եվ ի՞նչ ճանապարհային քարտեզ: Ես ձեզ միանգամից կպատասխանեմ՝ նստեք Իլհամ Ալիեւի հետ, եթե պետք է, խնդրեք Ռուսաստանի նախագահին եւ որոշում կայացրեք: Այսօր չկայացնեք, ավելի վատ կլինի, դուք ինքներդ դա հասկանում եք (միտք՝ «Նիկոլ Վովաեւիչն էլ գիտի այդ մասին» իրեն չարդարացրած տրամաբանության շրջանակներում-հեղ.): Ահա երկու հարց եք բարձրացրել, դրանք առավել քան տարօրինակ են, Նիկոլ Վովաեւիչ…

… Տղաներ, դուք ինչի համար եք կռվում այդ լեռներում… Երեք հարյուր մարդ զոհվեց այնտեղ, որտեղ ոչ ոք չի ապրում, ուր այծերը չեն բարձրանում: Ինչո՞ւ եք կռվում: Պարզապես նստեք ու պայմանավորվեք, եւ թող Ռուսաստանը լուսավորի այդ պայմանագիրը:

…Սա շատ զգայուն եւ նուրբ հարց է: Սա այն չէ, որ, ահա, մի կողմից՝ ՀԱՊԿ-ն է եւ մենք, իսկ մյուս կողմից՝ Ադրբեջանը: Սրանք մեր բարեկամ երկրներն են: Այո, իրոք, նրանք նույն պետության կազմում էին: Բացի այն, որ մենք Ադրբեջանի ու Հայաստանի հետ ԱՊՀ անդամներ ենք, նաեւ սերտ կապեր ունենք… Դա հատկապես զգայուն է ՀԱՊԿ-ի մյուս անդամների համար, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության, որտեղ 30 մլն մահմեդականներ կան: Այսինքն՝ բոլոր նրբերանգներն ու գործոնները հարկ է հաշվի առնել: Եվ հետո՝ մի՞թե Ադրբեջանն այստեղ գտնվող պետությունների առաջնորդների համար ինչ-որ թշնամի է կամ հակառակորդ: Ոչ: Ես ասում եմ այն, ինչը հաստատվել է նախագահ Պուտինի կողմից, որ Հայաստանն ու Ադրբեջանը մեզ հարազատ պետություններ են: Եվ դա է իրավիճակի յուրահատկությունը: Դա մենք չենք կարող հաշվի չառնել:

… Ադրբեջանը գլխավորում է մեր մարդը՝ Իլհամ Ալիեւը: Ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի վաղը: Ուստի այդ սուր հարցերը, որոնց մասին խոսում է Նիկոլ Վովաեւիչը, պետք է, իրոք, լուծել հենց հիմա՝ Ադրբեջանի այժմյան ղեկավարության օրոք: Ով էլ որ կանգնած լինի Ադրբեջանի թիկունքում: Ասում են՝ Թուրքիան այնտեղ է եւ այլն: Եվ ի՞նչ: Սա քաղաքականություն է: Թուրքերն աջակցում են Ադրբեջանին այն պատճառով, որ նրանք մերձավորներ են եւ հարազատներ…»:

Ըստ Լուկաշենկոյի «անգերազանցելի իմաստության»՝ Հայաստանի «թիկունքում» ոչ ոք չպետք է լինի, Մոսկվայից բացի: «Պատերազմն ավարտվել է Ռուսաստանի օգնությամբ, էլ ի՞նչ այլ եւ նոր ձեւաչափեր: Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստան եռյակը պետք է պայմանավորվի: Եվ Բելառուսը կաջակցի նրանց բոլոր որոշումներին»,-ասել է նա:

ՀԱՊԿ-ում փոստատարների իրականացրած «պատմական առաքելությանը», ի դեպ, մենք լավ ծանոթ ենք: Ժամանակին Ղազախստանի նախկին նախագահ Նազարբաեւն էր գրպանից հանում Ալիեւի նամակն ու կարդում այն ռազմաքաղաքական այս կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների առջեւ: Այնպիսի տպավորություն է, որ ՀԱՊԿ-ն ոչ թե հավաքական անվտանգության, այլ հավաքական կեղծիքի փոստատարության պայմանագրի կազմակերպություն է: Փոստատար Նազարբաեւն էլ էր իրեն կարեւոր համարում, բայց շատ վատ վերջ ունեցավ: Կեղծիքի փոստատարներն այլ վերջ չեն ունենում:

Բելառուսի նախագահը, որը վաղուց է ստանձնել փոստատարի պարտականությունները եւ դա, իհարկե, անում է ընդգծված հաճույքով, մի ժամանակ էլ մեր իշխանություններին էր փոխանցում Իլհամ Ալիեւի «գաղափարը»՝ 5 մլրդ դոլար վճարելու Լեռնային Ղարաբաղի համար: Հայտնի չէ, սակայն, թե «կոլխոզային» տրամաբանությամբ եւ «տրակտորային» փիլիսոփայությամբ օժտված այս գործիչը, ում խելքահան անելու չափ գերում են Բաքվից, ավելի կոնկրետ՝ Ալիեւի պալատից տարածվող բույրերը, որքան գումար էր պլանավորում ստանալ այդ գործարքից…

Եթե Պուտինի բարեկամն այսպիսի Լուկաշենկոն է, ապա նրան հաստատ թշնամիներ պետք չեն: Բելառուսի ղեկավարն իր՝ վերը նշված հայտարարությամբ բացահայտեց այն սցենարները, որոնք մշակվում են Մոսկվայում եւ հնչեցվում պատրաստակամ «փոստատարների» միջոցով:

Մ. ԻՇԽԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930