Լրահոս
Օրվա լրահոսը

Թվում էր՝ առաջնահերթությունը տրվելու է նախաձեռնողականությանը, բայց գագաթաժողովն ընդամենը իշխանությունների օրակարգը սպասարկելու խնդիր է լուծում, ենթատեքստում ուղերձներ հղելով արտաքին աշխարհին՝ մասնավորապես Անկարային. «Փաստ»

Նոյեմբեր 01,2022 10:19

Անկախությունից ի վեր Սփյուռքի հետ հարաբերությունները և Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգի ձևավորումը միշտ էլ առաջնահերթ նշանակություն են ունեցել։ Եվ Սփյուռքի հետ կապի ամրապնդման միջոցներից մեկն էլ Հայաստան-Սփյուռք ձևաչափով համաժողովների անցկացումն է եղել։ Իսկ երբ Փաշինյանը հայտնվեց իշխանության ղեկին, նմանատիպ համաժողովների անցկացումը դադարեց։ Այդպիսով, 2017 թվականին տեղի ունեցած Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովը դարձավ վերջինը։

Եվ ահա, չորս տարի անց հանկարծ զարմանալիորեն իշխանությունները որոշել են այս օրերին Հայաստան-Սփյուռք համաժողով անցկացնել՝ այն կոչելով Համաշխարհային հայկական գագաթաժողով։ Ի՞նչ պատահեց, մի՞թե իշխանությունները վերջապես խելքի են եկել: Վերջինս, իհարկե, ֆանտաստիկայի ժանրից է, և եթե մանրակրկիտ դիտարկենք իրադարձությունների շղթան, ապա դրա անցկացման մոտիվացիայի հարցում հետաքրքիր ենթատեքստեր կարող ենք գտնել։ Գաղտնիք չէ, որ ներկայումս շարունակում են քայլեր ձեռնարկվել Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ, իսկ Թուրքիան պարբերաբար բողոքում է, թե հայկական Սփյուռքը դեմ է հայթուրքական հարաբերությունների կարգավորմանը։

Անգամ Չավուշօղլուն հայտարարել էր, թե «Ֆրանսիայում հայկական սփյուռքի մի մասը դեմ է Ադրբեջանի ու Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը»։ Բնական է, որ Սփյուռքի մի գերակշիռ մասը ձևավորվել է Հայոց ցեղասպանության իրագործման արդյունքում ու պահանջատիրության դիրքերից է հանդես գալիս, և հիմա թուրքական կողմը խնդիր է դրել ՀՀ իշխանությունների առաջ՝ «աշխատել» Սփյուռքի հետ կամ չեզոքացնել սփյուռքահայության հակազդեցությունը։ Եվ ՀՀ իշխանություններն էլ լծվել են այդ գործին, որպեսզի թուրքական կողմին ցույց տան, թե իրենք աջակցություն ունեն Սփյուռքի կողմից։ Դրա համար էլ նախաձեռնեցին Համաշխարհային հայկական գագաթաժողովի անցկացումը, բայց ծիծաղելի կլինի այն որպես Սփյուռքի, առավել ևս՝ համահայկական աջակցության դրսևորում ներկայացնել։ Դրան չմասնակցեցին անգամ երկու կաթողիկոսները, իսկ բոլորս գիտենք, թե եկեղեցին ինչպիսի մեծ դերակատարություն ունի Սփյուռքի հայկական համայնքներում՝ հատկապես հայապահպանության գործում։

Մյուս կողմից էլ՝ չմասնակցեց նաև ՀՅԴ-ն, որը սփյուռքահայերի միջոցով հայկական դատի պաշտպանության հարցն է առաջ մղում։ Ու, ընդհանրապես, ներկայացուցչական առումով և ելույթների մասով համաժողովի պատկերը շատ խղճուկ էր։ Թվում էր, թե Հայաստանի և Արցախի համար այս ծանր օրերին առաջնահերթությունը տրվելու է նախաձեռնողականությանը, բայց գագաթաժողովն ընդամենը իշխանությունների օրակարգը սպասարկելու խնդիր է լուծում՝ իր ենթատեքստում ուղերձներ հղելով արտաքին աշխարհին՝ մասնավորապես Անկարային։

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ»  թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930