Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինի յուրօրինակ, բայց ոչ անսպասելի սուտը միակը չէ

Նոյեմբեր 01,2022 11:00

Ի՞նչ են ձգտում ռուսներն անտաղանդ մեղադրանքով հասկացնել… Որ իրենք պաշտոնական Երեւանին հորդորե՞լ են ճանաչել Արցախը ու խոստացե՞լ են, որ Երեւանի ճանաչումից հետո իրենք էլ կճանաչե՞ն…

Ռուսաստան-Արեւմուտք դիմակայությունը դրսեւորվում է ոչ միայն Ուկրաինայում ծավալված պատերազմում, այլեւ՝ մեր տարածաշրջանում ազդեցության հաստատման ուղղությամբ: Ռուսաստանի տեղը Հարավային Կովկասում լրացնելու հարցում ակտիվ է ե՛ւ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն, ե՛ւ Թուրքիան:

Պուտինի հովանու ներքո դարձյալ նոր եռակողմ հանդիպում կազմակերպելու փաստը վկայում է այն մասին, որ Մոսկվան չի ցանկանում զիջել տարածաշրջանն Արեւմուտքին: Թուրքիայի հավակնությունների նկատմամբ ռուսական չեզոքությունն առայժմ վկայում է այն մասին, որ Մոսկվան ու Անկարան համաձայնեցված են գործում, չնայած այն հանգամանքին, որ ՌԴ-ում բազմաթիվ փորձագետներ խոսում են, որ Թուրքիայի ակտիվությունը հետխորհրդային պետություններում ուղիղ սպառնալիք է նախեւառաջ Ռուսաստանի համար:

Օրեր առաջ Փաշինյանը հաստատեց Սոչիի եռակողմ հանդիպմանն իր մասնակցությունը: Նախորդ եռակողմ՝ Պուտինի մասնակցությամբ, անց էր կացվել նախորդ տարվա նոյեմբերին։ Դրանից հետո Փաշինյանն ու Ալիեւը եվրոպական միջնորդությամբ մի քանի անգամ բանակցեցին։ Հնարավոր հայտարարության կամ օրակարգի մասին փակագծեր Փաշինյանն անցյալ շաբաթ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում չբացեց. «Կարծում եմ, որ շատ կուտակված հարցեր կան, որոնց վերաբերյալ որոշակի մտքերի փոխանակում, պարզաբանումներ, հարցադրումներ պետք է հնչեն»։

Փաշինյանը հարկ համարեց հիշեցնել ռուսական կողմից ունեցած եւ այդպես էլ չարդարացած սպասելիքների մասին. «Չեմ թաքցրել, որ մեզ այդքան էլ հասկանալի չէ խաղաղապահների կողմից արձագանքի բացակայությունը։ Եվ ինչ-որ միջանցքների մասին հայտարարություններ են տեղի ունենում, ընդ որում՝ ոչ միայն ադրբեջանական կողմից։ Ռուսական կողմում էլ ինչ-որ անհասկանալի մարդիկ կան, ովքեր փորձում են էդ նարատիվը զարգացնել՝ ի հեճուկս ՌԴ նախագահի կողմից արված հայտարարությունների, ստորագրած փաստաթղթերի»։

Ապա Փաշինյանը ուշագրավ բացահայտում արեց։ Պարզվեց, նախորդ տարվա նոյեմբերի 26-ի եռակողմ՝ Փաշինյան-Պուտին-Ալիեւ հանդիպմանն ընդունված հայտարարությունն այդքան էլ ընդունելի չի եղել Հայաստանի համար, բայց համաձայնել են ռուս գործընկերների հետ ու ընդունել այն. «Այն ժամանակ մեր մի շարք գործընկերներ, այդ թվում ՌԴ մեր գործընկերները, ասում էին, որ դելիմիտացիայի հանձնաժողովի գործունեությունը ինքնին անվտանգության մեխանիզմ կլինի։ Մենք էն ժամանակ չէինք կիսում այդ տեսակետը, բայց նաեւ որոշեցինք ճկունություն ցուցաբերել՝ փակուղի չմտցնելու համար գործընթացը, եւ գնալ այդ քայլին»։ «Ցանկանում եմ, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը կնքվի մինչեւ այս տարեվերջ», – նշեց Փաշինյանը՝ մանրամասնելով, որ Հայաստանի կառավարությունը բոլոր ջանքերը գործադրելու է, որ դա իրականություն դառնա. «Մենք հույս ունենք, եւ դա կարեւոր նրբություն է, որ մինչեւ խաղաղության պայմանագրի ստորագրումը ավարտված լինեն դելիմիտացիայի աշխատանքները։ Ինչքանո՞վ է դա իրատեսական։ Եթե հաշվի առնենք, որ Պրագայում մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ ըստ էության դա տեղի է ունենալու 1991թ. սահմանների հիման վրա, դա կարող է լինել իրատեսական։ Որովհետեւ այդ սահմանները, ըստ էության, հայտնի են։ Շատ կարեւոր է նաեւ հետեւյալ հանգամանքը, որ պետք է, ինչպես նախկինում նշել ենք, պետք է միջազգայնորեն տեսանելի երկխոսություն սկսվի Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ։ Եվ սա շատ կարեւոր հանգամանք է»։

Անցյալ շաբաթ Ռուսաստանի ղեկավարը մասնակցեց «Վալդայան ակումբի» քննարկումներին, անդրադարձավ նաեւ հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի մասին հայ փորձագետ Ալեքսանդր Իսկանդարյանի հարցին, նշելով, որ Ռուսաստանը հավանություն կտա Հայաստանի համար ընդունելի ցանկացած տարբերակին, սակայն իր կողմից որեւէ ճնշում չի բանեցնի:

Պուտինի խոսքով, Ռուսաստանը տարիներ շարունակ երկխոսություն է վարել հայկական կողմի հետ եւ առաջարկել է Ղարաբաղի խնդիրը կարգավորել մի տարբերակով, ըստ որի՝ Հայաստանը պետք է Ադրբեջանին վերադարձներ 7 շրջաններից 5-ը: «Հայաստանը հսկողություն ուներ Ադրբեջանի 7 շրջանների նկատմամբ: Մենք ասում էինք՝ գնանք հարաբերությունների բարելավման: Կան երկու խոշոր շրջաններ՝ Քելբաջարը եւ Լաչինը, ինչ-որ փուլում վերադարձրեք Ադրբեջանին մնացած 5 շրջանները, դրանք պետք չեն, դատարկ են, մարդիկ հեռացել են, նրանց փաստորեն վտարել են այնտեղից: Ինչո՞ւ պահել, ոչ մի իմաստ չկա: Իսկ Ղարաբաղի հետ կապի համար այդ երկու շրջանները՝ հսկայական, ի դեպ, միանգամայն բավական են, դա նաեւ արդար կլիներ՝ փախստականները կվերադառնային: Դա լավ քայլ կլիներ նաեւ ընդհանուր առմամբ տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու համար: Բայց հայկական ղեկավարությունը գնաց իր ճանապարհով, եւ դա հանգեցրեց այն վիճակին, որն այսօր է հաստատվել»,- նշեց ՌԴ նախագահը:

Նախ, խիստ բացասական երեւույթ է, որ ռուսական կողմը, որը տարիներ շարունակ եղել է ղարաբաղյան բանակցային գործընթացի հիմնական «մրցավարը», քաջատեղյակ լինելով այդ բանակցությունների մանրամասներին բավական խորությամբ, այսօր հայկական կողմի վրա է գցում պատասխանատվությունը նաեւ այս հարցում: Մինչդեռ հայկական կողմը մշտապես պատրաստ է եղել այդ «հինգ շրջանները» վերադարձնել, սակայն ԼՂ-ի կարգավիճակի հստակեցման դիմաց, եւ դա Պուտինը շատ լավ գիտի:

Հետեւաբար, անընդունելի ու դատապարտելի է ՌԴ-ից նման գնահատական լսելը, որն իրականում Ալիեւի՝ պատերազմ սկսելու որոշման արդարացման հիմք է հանդիսանում, մի հանգամանք, որի մասին ՌԴ-ն երբեք չի խոսում, վստահաբար, նաեւ այն պատճառով, որ 2020թ. պատերազմի, եւ ոչ միայն այդ պատերազմի, բռնկման «դաբրոն» Ադրբեջանն ունեցել է Մոսկվայից:

Ի դեպ, Պուտինի այս յուրօրինակ, բայց ոչ անսպասելի սուտը միակը չէ: Անձամբ Պուտինը, հետո ռուսական պետական-քարոզչական միջոցները 44-օրյա պատերազմից հետո միաբերան «մեղադրում» են Հայաստանին՝ «դե, Հայաստանն էլ չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի» անկախությունը», ասել կուզեն՝ «դուք չեք ճանաչել, մեզնի՞ց եք պահանջում…»:

Ի՞նչ են ձգտում ռուսներն այս անտաղանդ մեղադրանքով հասկացնել աշխարհին… Որ իրենք պաշտոնական Երեւանին հորդորե՞լ են ճանաչել Արցախը ու խոստացե՞լ են, որ Երեւանի ճանաչումից հետո իրենք էլ կճանաչե՞ն… Իհարկե, ո՛չ: Այսպիսի էժանագին «արդարացում», «մեղադրանքները» ռուսական կողմից արդեն պարզապես ամոթալի են, որովհետեւ պարզից էլ պարզ է, որ անգամ մինչեւ 2020թ. ՀՀ բոլոր նախագահների իշխանավարման տարիներին, եթե պաշտոնական Երեւանը ճանաչեր Արցախը, Ադրբեջանը պատերազմ սկսելու «դաբրո» դարձյալ ստանալու էր հենց Մոսկվայից՝ այդ հնարավոր ճանաչումից ընդամենը ժամեր անց:

Եվ եթե Մոսկվայում այդքան ափսոսում են, թե «ինչո՞ւ պաշտոնական Երեւանը չճանաչեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը…», 44-օրյա պատերազմից հետո Ռուսաստանը Արցախի հայկական հատվածը պահելու «ազնիվ» մղումներ ունենալու պարագայում, կարող էին պաշտոնական Երեւանին դրդել ճանաչման, պայմանով, որ ՌԴ-ն Հայաստանի հետ եւս ճանաչելու է Արցախը: Եթե դա չի արվել, ուրեմն ՌԴ-ի հաշվարկներն ու նպատակները Արցախի մասով բոլորովին այլ են:

Իսկ թե ինչպիսին են, կարելի է գուշակել… 44-օրյա պատերազմի թեժ օրերին ռուսական պետական ալիքների թոք-շոուների քննարկումներում կարմիր թելի նման անցնում էր՝ «դե Ղարաբաղը պատկանել է Ռուսաստանի կայսրությանը», «դե ղարաբաղցիներն ավելի մոտ են Ռուսաստանին, ռուսականին, ռուս ժողովրդին, քան հայաստանցիները»… Ակնարկները միանգամայն հասկանալի են, նաեւ ակնհայտ է, որ Արցախում էլ հասարակության մի ստվար զանգված անվտանգության առումով, իսկապես միակ փրկությունը տեսնում է Արցախում ռուսական ազդեցության մեծացման մեջ:

Ինչեւէ, անդրադառնալով կարգավորման տարբերակներին, Պուտինն ասաց՝ Ռուսաստանի դիրքորոշումն այն է, որ այդ պայմանագիրն, իհարկե, անհրաժեշտ է. «Եվ մենք աջակցում ենք խաղաղ կարգավորումը, ինչպես եւ սահմանազատումը եւ սահմանի խնդրի ամբողջական կարգավորումը: Մենք դրա կողմնակիցն ենք, իսկ թե ո՞ր տարբերակն ընտրել՝ դա հայ ժողովրդի եւ Հայաստանի ղեկավարության գործն է: Ցանկացած դեպքում, որ տարբերակն էլ ընտրվի՝ եթե այն կբերի խաղաղության, մենք կողմ կլինենք»: Նա ընդգծեց, որ Մոսկվան այս հարցում մտադիր չէ որեւէ բան պարտադրել կամ թելադրել հայկական կողմին: «Եթե հայ ժողովուրդը եւ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը համարում են, որ պետք է ընտրել խաղաղության պայմանագրի տարբերակներից մեկը, որքան ես գիտեմ, «վաշինգտոնյանը» ենթադրում է Ադրբեջանի ինքնիշխանություն ամբողջ Ղարաբաղի վրա: Դե եթե Հայաստանն այդպես է համարում՝ խնդրեմ: Մենք կսատարենք հայ ժողովրդի ցանկացած որոշմանը: Եթե հայ ժողովուրդը եւ Հայաստանի ղեկավարությունը համարում են, որ Ղարաբաղն ունի յուրահատկություններ, որ հարկ է դրանք հաշվի առնել եւ ներառել ապագա խաղաղ պայմանագրում, ապա դա էլ է հնարավոր, բայց անպայման դա պետք է համաձայնեցնել նաեւ Ադրբեջանի հետ: Դա շատ բարդ, հիրավի, շատ ծանր հարց է»,- ասաց ՌԴ նախագահը:
Ուղիղ հակադրվելով Արեւմուտքին, Պուտինը, նկատենք, որ որեւէ հուսադրող բան, այնուամենայնիվ, չասաց Արցախի կարգավիճակի վերաբերյալ, հակամարտության համապարփակ լուծման մասին, մի փաստ, որ ամերիկյան վարչակազմը մի քանի անգամ հրապարակավ շեշտել է:

Ավելին, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության շրջանակներում գտնվող հարց է, իսկ այս ձեւաչափի գործունեության շարունակությունը նույնիսկ Ուկրաինայում պատերազմի պայմաններում՝ հենց Մոսկվան մերժեց այն բանից հետո, երբ 2 անգամ ամերիկյան վարչակազմից պաշտոնապես հայտարարեցին, որ հանուն Լեռնային Ղարաբաղի՝ պատրաստ են Ռուսաստանի հետ բանակցությունների սեղանի շուրջ նստել: Հետեւաբար, եթե Մոսկվան այդքան «մտահոգված» է Լեռնային Ղարաբաղի «յուրահատկությամբ», ինչո՞ւ Կրեմլը 2 անգամ մերժեց ամերիկյան հրավերներն, ընդ որում՝ անհեթեթ մեկնաբանություններով:

Հայաստանում Ռուսաստանի նկատմամբ ավելի ու ավելի աճող անվստահության մակարդակից բավական անհանգստացած, Պուտինը հարկ համարեց հիշեցնել, որ Հայաստանը հանդիսանում է Ռուսաստանի ռազմավարական գործընկերը եւ դաշնակիցը, ուստի Ռուսաստանը, նկատի առնելով նաեւ Ադրբեջանի շահերը, կողմնորոշված կլինի դեպի այն առաջարկները, որոնք ինքը՝ Հայաստանը կներկայացնի: Սակայն, այս անգամ եւս Պուտինը որեւէ խոսք չասաց Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության հանդեպ ոտնձգությունների մասով, չարձանագրեց ընդդեմ ՀՀ ինքնիշխան տարածքի ադրբեջանական ագրեսիան եւ չդատապարտեց Ադրբեջանի պահվածքը:
Սոչի մեկնելուց առաջ Փաշինյանը պատասխանեց Պուտինի հայտարարությանը՝ շեշտելով, որ Հայաստանը պատրաստ է աշխատել ռուսական առաջարկի շուրջ։ Թվիթերի իր էջում Փաշինյանը գրեց, որ Երեւանը դեռ սեպտեմբերի սկզբին է համաձայնել աշխատել Ռուսաստանի ներկայացրած՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջպետական հարաբերությունների հաստատման հիմնական սկզբունքների եւ պարամետրերի շուրջ։ Նա հավաստիացրեց, որ Հայաստանը պատրաստ է դա հաստատել Սոչիում՝ միաժամանակ հույս հայտնելով, որ Ռուսաստանը կպաշտպանի իր առաջարկները։

Արցախի հարցի կարգավորման երկու՝ ռուսաստանյան ու արեւմտյան ընկալում կա, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարում արդեն հաստատեց Փաշինյանը։ «Վերջին շրջանում հայ հանրության շրջանում փորձ են անում տպավորություն ստեղծել, թե կա ռուսական առաջարկ, որը դրական է մեզ համար, եւ կա արեւմտյան առաջարկ, որը բացասական է մեզ համար, եւ Հայաստանի կառավարությունը մերժում է Ռուսաստանի ծրագիրը եւ ընդունում է արեւմտյան ծրագիրը: Կներեք, սա իրականության հետ ընդհանրապես ոչ մի կապ չունի», – նշեց Փաշինյանը՝ հավելելով. «Որ կա ռուսական ընկալում եւ արեւմտյան ընկալում՝ սա ճիշտ է»։

Ի՞նչ են ենթադրում ռուսական ու արեւմտյան ընկալումները, ի՞նչ է սպասում Արցախին, Փաշինյանը չմանրամասնեց։ «Իսկ Հայաստանի Հանրապետությունը ռուսական ընկալման հետ համաձայնվել է եւ սկզբունքային պայմանավորվածություն ձեռք է բերել 2021թ. հունվարին», ընդգծեց նա: «Եվ այդ պայմանավորվածությունների անկյունաքարային դրույթը եղել է, որ Ռուսաստանի Դաշնությունը Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորն է՝ սա շատ կարեւոր նրբություն է: Եվ մենք պայմանավորվել ենք այդ սցենարի եւ պլանի շուրջ», – ասաց Փաշինյանը, հավելելով, որ պատրաստ է Սոչիում եռակողմ համաձայնությամբ այդ փաստաթուղթը ստորագրել որպես հիմք հայ – ադրբեջանական խաղաղության պայմանագրի համար. «Հույս ունեմ՝ Ռուսաստանի Դաշնությունը իր առաջարկությունները կպաշտպանի»: Ապա հավելեց. «Այո, այնտեղ կա նաեւ ռուս խաղաղապահների մասին: Մենք ուզո՞ւմ ենք, որ ռուս խաղաղապահները շարունակեն իրենց գործունեությունը Լեռնային Ղարաբաղում՝ իհարկե, ուզում ենք: Լեռնային Ղարաբաղի նախագահը հայտարարությամբ է հանդես եկել, ես պաշտոնապես ասում եմ՝ ես պատրաստ եմ Սոչիում ստորագրել փաստաթուղթը եւ ընդունել, որ ռուս խաղաղապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղում անվերապահորեն, առանց պայմանների երկարացվի 10 տարով, 15 տարով, 20 տարով՝ ես պատրաստ եմ այդ թուղթը ստորագրել»:

Նկատենք, որ նախքան Պուտինի հայտարարությունը, արցախցի թե՛ իշխանական եւ թե՛ ընդդիմադիր պատգամավորները հայտարարել էին, որ Արցախի համար ընդունելի են Հայաստան – Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ Ռուսաստանի առաջարկները։ Նրանց խոսքով, ռուսական կողմի առաջարկած փաստաթղթի 15-րդ կետում նշում կա, որ կա Արցախի հարց, որը հետագայում պետք է լուծվի բանակցությունների միջոցով։ Այսինքն՝ խնդրի կարգավորումը սառեցվում է։ Մինչդեռ ամերիկյան փաստաթուղթը, ըստ արցախցի պատգամավորների, մեկընդմիշտ փակում է Արցախի հարցը եւ արցախցիներին դիտարկում է որպես Ադրբեջանում բնակվող էթնիկ փոքրամասնություն։

Շեշտենք նաեւ, որ հայաստանյան խորհրդարանական ընդդիմությունը՝ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի մակարդակով, հստակ ընդգծեց, որ իրենց համար ընդունելի են Ռուսաստանի առաջարկները: Օհանյանն այսպես է մեկնաբանել, որ այսօր, երբ Հայաստանն ու Արցախը ծանր վիճակում են, միանգամից գնալ հայ-ադրբեջանական հարցերի գլոբալ լուծմանը եւ ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը, կնշանակի ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում եւ քար նետել Արցախի ճակատագրի վրա. «Եվ այդ առումով, երբ որ ռուսական առաջարկի մեջ նշվում է, որ Արցախի ճակատագրի հետագա լուծման համար պայմաններ կստեղծի, միանշանակ է, որ կողմ ենք այն ֆորմատին, որը որ քննարկի հայ-ադրբեջանական հարաբերությունները Ռուսաստան – Հայաստան – Ադրբեջան ֆորմատով։ Վաշինգտոնի ֆորմատի հետ մենք առնչություն չպետք է ունենանք, որովհետեւ այն ստորագրելով միանշանակ վերջնականապես Արցախը հայտնվում է Ադրբեջանի տարածքում»։

Իսկ Պուտինը ներկայացրե՞ց Ռուսաստանի առաջարկն ու դրա մանրամասները, երաշխիք տվե՞ց Արցախի ապագայի ու նրա կարգավիճակի հստակեցման մասով… Հայաստանյան խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներին պարզապես հիշեցնենք, որ 1994թ. Զինդադարի կնքումից հետո Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբում ռուսաստանցի բոլոր համանախագահների մակարդակով երկու տասնամյակից ավելի, մի քանի անգամ շեշտել է, որ ՌԴ-ն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

Ամփոփումը՝ վաղվա համարում

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 30.10.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930