Լրահոս
Օրվա լրահոսը

Մի քանի կարևոր պատճառ նախաճաշը, ճաշն ու ընթրիքը դդմի սերմերով հարստացնելու համար

Նոյեմբեր 01,2022 09:30

Հելոուինի՝ առողջության համար թերևս ամենադրական կողմը դդմի «գովազդն» է․ այդ մատչելի ու բոլորին հասանելի բանջարեղենի, որն իր տարատեսակ երանգավորումներով ու ձևերով տաքուկ տրամադրություն է ստեղծում այնտեղ, որտեղ հայտնվում է։ Իսկ այ դդմի սերմերը իզուր չէ, որ սննդային «էլեկտրակայաններ» են համարվում, քանի որ իրենց փոքրիկ «մարմնում» պարունակում են սննդանյութերի հրաշալի համադրություն՝  մագնեզիում, մանգան, պղինձ ու ցինկ, ֆոսֆոր ու երկաթ, սպիտակուցներ ու վիտամիններ։ Դդմի սերմերը նաև հարուստ են բուսական  միացություններով՝ ազատ ռադիկալները չեզոքացնող հակաօքսիդանտներով ու ֆիտոստերոլներով։ Դրանք մեծ քանակությամբ բջջանյութ են պարունակում․ 1000 կկալի դիմաց՝ մոտ 50 գրամ, ինչը շատ լավ ցուցանիշ է օրական նորմային հասնելու համար։

Այնպես որ եթե ուզում եք ինչ-որ համեղ բան ուտել՝ առանց խղճի խայթի, ապա ընտրեք դդմի սերմեր, հատկապես որ՝

Դդմի սերմերը պարունակում են մագնեզիում, որը սրտի առողջության լավագույն բարեկամն է

Դդմի սերմերի մեկ քառորդ բաժակը պարունակում է մագնեզիումի՝ օրական խորհուրդ տրվող նորմայի գրեթե կեսը։ Ինչպես հայտնի է, մագնեզիումը մասնակցում է օրգանիզմի կենսական կարևորության բազմաթիվ գործընթացներին՝ ԱՏՖ-ի ստեղծմանը, ՌՆԹ-ի ու ԴՆԹ-ի սինթեզին, սիրտ-անոթային համակարգի աշխատանքին, ատամների ու ոսկորների ձևավորմանը, աղիների կենսագործունեոււթյանը։ Հաստատվել է, որ մագնեզիումը դրական է անդրադառնում զարկերակային ճնշման վրա։

Դդմի սերմերը հարուստ են ցինկով, որը իմունիտետին շատ է անհրաժեշտ

Դդմի սերմերը ցինկի գերազանց աղբյուր են․ 30 գրամ սերմերը պարունակում են 2 մգ-ից ավելի ցինկ։ Ցինկն առողջության համար կարևոր նշանակություն ունի․ այն ամրապնդում է իմունիտետը, մասնակցում բջիջների աճին ու բաժանմանը, կարևոր դեր ունի քնի, տրամադրության, համի ու հոտի զգացողության, աչքերի ու մաշկի առողջության, ինսուլինի կարգավորման համար։ Դդմի սերմերը հնուց ի վեր բարձր են գնահատվում որպես տղամարդու առողջության համար օգտակար սննդամթերք։ Դա բացատրվում է ցինկի բարձր պարունակությամբ, որը շատ անհրաժեշտ է շագանակագեղձի առողջության համար և որի կազմում էլ օրգանիզմում գտնվում է ամենամեծ խտությամբ։

Ցինկի անբավարարությունը բավականին տարածված խնդիր է, քանի որ գնալով հողն աղքատանում է հանքանյութերից, իսկ շրջակա միջավայրի բացասական ազդեցությունները, դեղամիջոցների չարաշահումը և այլ գործոնները նույնպես խաղում են իրենց բացասական դերը։ Այս հանքանյութի պակասը կապվում է հարբուխով ու գրիպով հաճախակի հիվանդանալու, քրոնիկական հոգնածության, դեպրեսիայի, մաշկային խնդիրների, նորածինների մոտ քաշի ցածր զանգվածի, երեխաների շրջանում ուսման հետ կապված դժվարությունների հետ:

Դդմի սերմերը բուսական ծագման օմեգա-3 ճարպաթթուների լավ աղբյուր են

Հում ընկուզեղենն ու սերմերը, այդ թվում՝ դդմի սերմերը, բուսական ծագման օմեգա-3 ճարպաթթուների ամենալավ աղբյուրներից են (ալֆա լինոլենաթթու՝ ԱԼԱ)։ Ուստի դդմի սերմերը շատ լավ տարբերակ են բուսակերների համար։

Դրանք պարունակում են տրիպտոֆան, որն անհրաժեշտ է լիարժեք քնի համար

Դդմի սերմերը հարուստ են տրիպտոֆանով՝ ամինաթթու սպիտակուցի շինանյութով, որն օրգանիզմում վերածվում է սերոտոնինի, որն էլ իր հերթին վերափոխվում է մելատոնինի՝ քնի հորմոնի։ Քնից մի քանի ժամ առաջ դդմի սերմեր ճաշակելը՝ այն համադրելով ածխաջրային սննդի՝ ասենք որևէ մրգի հետ, կարող է շատ օգտակար լինել։

Դդմի սերմերն ունեն հակաճիճվային ազդեցություն

Մակաբույծներից ազատվելու գործում հիմնական դերը խաղում է դդմի սերմերում պարունակվող կուկուրբիտին ամինաթթուն, որը թունավոր է մակաբույծների որոշ տեսակների համար և անվտանգ՝ մարդկանց համար:
Դդմի սերմերում առկա մանրաթելերը նույնպես օգնում են աղիները մակաբույծներից մաքրելու գործում, քանի որ դրանք կարգավորում են աղիների գալարակծկանքը, ինչի շնորհիվ թունավոր նյութերը, մակաբույծներն ու դրանց կենսագործունեության արգասիքները հեշտությամբ դուրս են գալիս օրգանիզմից․ այսպիսով դդմի սերմերը կարևոր դեր ունեն աղիների առողջ միկրոֆլորայի պահպանման համար։

Դդմի սերմերն ունեն հակադիաբետիկ ազդեցություն

Կենդանիների վրա հետազոտությունները ցույց են տվել, որ դդմի սերմերը նպաստում են կարգավորել ինսուլինի արտադրությունը և կանխարգելել դիաբետիկ բարդություններն օքսիդացման սթրեսի նվազեցման ճանապարհով։

Օգտակար են դաշտանադադարի շրջանում գտնվող կանանց համար

Դդմի սերմերում պարունակվող յուղը հարուստ է բնական ֆիտոէստրոգեններով, և հետազոտությունները ցույց են տվել, որ դրանք  նպաստում են օգտակար խոլեսթերոլի ավելացմանը, զարկերակային ճնշման իջեցմանը, առլեցումների նվազեցմանը, գլխացավերի, հոդացավերի և այլ ախտանշանների վերացմանը։

Ունեն հակաբորբոքային ազդեցություն

Ապացուցված է, որ դդմի սերմերի յուղը հակաբորբոքային ազդեցություն ունի։

Որպեսզի պահպանվեն դդմի սերմերի բոլոր օգտակար հատկությունները, դրանք պետք է օգտագործել հում վիճակում՝ համոզվելուց հետո, որ դրանք թարմ են ու նորմալ են բուրում։

Պետք է նշենք, որ ընդեղենի ու սերմերի մեծամասնությունը նաև պարունակում է հակասննդարար նյութեր, օրինակ՝ ֆիտինաթթու, որը կարող է նվազեցնել թվարկված սննդանյութերի կենսահասանելիությունը, ուստի խորհուրդ է տրվում ընդեղենից ու սերմերից առավելագույն օգուտ քաղելու համար դրանք օգտագործել կանոնավոր կերպով՝ նախապես թրջելով կամ ծլեցնելով։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Նյութը պատրաստելու համար օգտագործվել են հետևյալ աղբյուրները՝ 1, 2

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930