Պուտինի, Փաշինյանի եւ Ալիեւի Սոչիում կայացած հանդիպման արդյունքները այսօր կամ վաղը չեն երեւալու: Դրանք կերեւան մոտակա մեկ, երկու ամիսների ընթացքում: Իրական արդյունքների մասին հնարավոր կլինի դատել ոչ թե հայտարարություններով, կամ անգամ փաստաթղթերով, այլ՝ կոնկրետ գործողություններով: Իսկ գործողությունները, մեր դեպքում, ցավոք սրտի, ծավալվում են հիմնականում ռազմաճակատում: Այն բանից՝ կլինե՞ն նոր սադրանքներ սահմանին, թե՞ ոչ, պարզ կդառնա, թե ինչի մասին են պայմանավորվել ոչ թե Փաշինյանն ու Ալիեւը, այլ՝ Պուտինը եւ Էրդողանը:
Աշխարհաքաղաքական խաղերի վրա Հայաստանի ազդեցությունը գրեթե զրոյական է: Կարելի է ասել, որ այդ ազդեցությունն էլ ավելի է նվազեցնում մեր երկրի վարչապետի, մեղմ ասած, ոչ հստակ դիրքորոշումը, որի հետեւանքով նա ստիպված է լինում տրամագծորեն հակառակ ուղղություններով խաղեր տալ: Տեսեք, օրինակ, թե ինչպես էր նա ՀԱՊԿ-ում արդարանում, թե ինչու էր հայ-ադրբեջանական սահմանի մոտ ԵՄ դիտորդական առաքելություն հրավիրել: Այս մասին նա պատմել է իր կուսակցության համագումարում:
Միջազգային ասպարեզում, մի խոսքով, Հայաստանի դիրքերը թույլ են: Եվ հակառակը՝ Հայաստանի ներսում Փաշինյանի դիրքերն ամուր են: Դրա վերջին ապացույցն է այն ատելությունը, որով իշխանության ընտրազանգվածն արձագանքում էր կիրակի օրը Ստեփանակերտում տեղի ունեցած բազմամարդ հանրահավաքին: Ըստ իշխանության կողմնակիցների՝ հանրահավաքը կազմակերպել է Պուտինը՝ իրենց առաջնորդին տապալելու համար: Ընդ որում՝ մեկ օր հետո, Փաշինյանը գնաց նույն Պուտինի մոտ, եւ այդ հանդիպումից ցանկացած չնախապաշարված մարդուն պետք է միանգամայն պարզ դառնար, որ Կրեմլը Հայաստանում իշխանափոխություն անելու որեւէ մտադրություն այս պահին չունի:
Բայց ինձ հետաքրքրում է արցախցիների հանդեպ այդ վերաբերմունքի ոչ այնքան քաղաքական, որքան բարոյա-հոգեբանական բաղադրիչը: Արցախում տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ կանգնած են ոչնչացվելու կամ տնից, ունեցվածքից զրկվելու միանգամայն ռեալ վտանգի առջեւ: Բնական չէ՞, որ նրանք հնարավորություններ են փնտրում փրկվելու համար: Այդ մարդիկ աջակցության, զորակցության, կարեկցանքի, էմպատիայի արժանի չե՞ն: Արժե՞ արդյոք նրանց ծաղրել եւ վիրավորել, եթե անգամ ձեզ դուր չեն գալիս այնտեղ բարձրացված դրոշներից որոշների գույները:
Կարդացեք նաև
Բայց, կրկնեմ, հակաղարաբաղյան այդ տրամադրությունները կամ գուցե ավելի ճիշտ կլինի ասել այդ հիպնոսը, ներկայիս իշխանության ամրության հիմքն է: Ահա եւ ստացվում է՝ ներսից՝ ուժեղ, դրսից՝ թույլ: Գուցե այդ երկու երեւույթներն իրար հետ կապ ունե՞ն:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ