Ավելի քան երկու տասնյակ գործարարներ, գիտնականներ, հասարակական գործիչներ՝ Հայաստանից, Սփյուռքից եւ Արցախից, նախորդ շաբաթվա վերջին հասարակական-քաղաքական գործիչ Ռուբեն Վարդանյանի հրավերով այցելել էին Ստեփանակերտ, որտեղ ներկայումս բնակություն է հաստատել նախկին ռուսաստանաբնակ գործարարը: Առիթը «Մե՛նք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության առաջին նիստն էր, որը կայացավ հոկտեմբերի 28-20-ը՝ Արցախի կառավարության աջակցությամբ: Իսկ պատճառը՝ Արցախին աջակցելու, հայկական այդ հողակտորի զարգացման համար որեւէ քայլ իրականացնելու ձգտումն էր:
Հյուրերից ոմանք առաջին անգամ էին Արցախում, ոմանք՝ պարբերաբար են այցելում եւ օգտակար լինում, ոմանք էլ տեղափոխվել են այնտեղ բնակության:
Նիստի բացման ժամանակ Ռուբեն Վարդանյանը նկատեց, որ այսօր Արցախը կրկին բազմամարդ է, պատերազմից հետո մարդիկ վերադարձել են իրենց տները, գյուղերը չեն դատարկվում, երեխաներ շատ են ծնվում: «Արցախը դառնում է սուբյեկտ: Սա չպետք է մոռանալ: Պետք է հասկանանք, որ ցանկացած ճգնաժամ նաեւ հնարավորություն է: Հիմա իսկապես ճգնաժամ է, բայց դա նաեւ տարբեր հնարավորությունների դռներ է բացում, եւ մենք պետք է գործենք: Այս իրավիճակում շատ հեշտ է հուսալքվելը եւ փորձել պատասխանատվությունը գցել վրայից: Բայց պետք է ամենքս մեր չափով պատասխանատվություն վերցնենք, տեր կանգնենք, գործ անենք: Տեր եմ, նշանակում է՝ զինվոր եմ, պատասխանատու եմ: Ինչպես գիտեք, ես ընդունեցի Արցախի ղեկավարության հրավերը՝ պետնախարար դառնալու: Կյանքում չեմ մտածել պետական աշխատող դառնալու մասին, բայց եթե պետք է, ուրեմն պարտավոր եմ անել: Մենք զինվոր ենք, չենք կարող ասել՝ չեմ ուզում անել, չեմ կարող անել, այդ բառերը չկան: Դժվար է լինելու, հեշտ չի լինելու, բայց հետո նորից ունենալու ենք վերածնունդ, որը նորից, ինչպես 88-ին, սկսվելու է Արցախից»:
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաեւ հայտնի գիտնական, երկրաբան, ժամանակին ՍՍՀՄ երկրաբանության նախարար, ներկայումս Արցախի Հանրապետության պետական խորհրդատու Գրիգորի Գաբրիելյանցը, որն արդեն 15 տարի է՝ բնակության է տեղափոխվել Արցախ:
Կարդացեք նաև
Նա իր խոսքում հիշեցրեց՝ «Փողը նպատակ չի: Փողը նպատակին հասնելու համար գործիք է, միջոց է: Մենք պետք է մեր առջեւ դնենք նպատակը, եւ աշխատենք այն իրականացնելու ուղղությամբ»: Պարոն Գաբրիելյանցը շեշտեց, որ ցանկացած խնդրի հաջող լուծում կախված է այն բանից, թե որքան հաջող է դրված վերջնանպատակը:
Դեպի 90-ականները հայացք ձգելով՝ գիտնականը նկատեց, որ առաջին պատերազմից հետո, երբ հաղթել էինք, ստագնացիայի մեջ էինք ընկել, ճահճացել էինք. «Մտածում էինք՝ էհ, տունը կա, թեյը կա, խորովածը կա, ամեն ինչ լավ է… եւ մոռացանք ամենակարեւոր բաների մասին՝ անվտանգության, պաշտպանության, վաղվա օրվա մասին… Արդյունքում եղավ 44-օրյա պատերազմը, որի արդյունքում մենք շատ դաժան պարտություն տեսանք, կոտրվեցինք: Մեր ոգին ջախջախվեց, ծանրագույն պարտություն էր»: Պարտությանը, ըստ պարոն Գաբրիելյանցի, հաջորդեց հասարակության շերտավորումը. «Այո, կապիտալը կարող է լինել անբարոյական, եթե չի ծառայում նպատակի իրականացմանը»: Նա նկատեց, որ այս տարիների ընթացքում արտադրության մեջ շատ քիչ ներդրում է արվել: Առանց այդ էլ՝ միջին խավ չկար, բայց հիմա հարուստների եւ աղքատների միջեւ անդունդը դարձավ անտանելի: Եվ բոլոր դժվարությունները դարձան կործանարար:Եվ այդ պատճառով պարտությունը, տարածքների կորուստը, մարդկային ծանրագույն կորուստները կոտրեցին ազգի ոգին. «Ազգի ոգին ամենակարեւորն է, ոչինչ չես կարող անել, եթե ոգին կոտրված է, մարդն ապատիայի մեջ է»:
Այդ ամենից դուրս գալու համար պարոն Գաբրիելյանցը մի դեղատոմս ունի. «Պետք է ձեւավորել մի միավորող նպատակ, որի շուրջ ժողովուրդը կրկին կմիավորվի, ոգին կբարձրանա: Չերչիլը պատերազմի ժամանակ ձեւակերպեց՝ եթե մենք չհաղթենք, ապա կմեռնենք: Շատ պարզ: Մարդիկ հասկացան, թե ինչու պետք է հաղթեն ու հաղթեցին»: Գիտնականը կարծում է, որ այսօր մենք ենք կանգնած այդ երկընտրության առջեւ: Որպես լուծում՝ պարոն Գաբրիելյանցն առաջարկում է զարգացնել իշխանության կառավարման հմտությունները՝ «եթե իշխանությունը կառավարել չգիտե, եթե իշխանության ճյուղերն իրար հետ ներդաշնակ չեն գործում, ինչն էլ հանգեցնում է քայքայման»:
Արդյունքի հասնելու համար, ըստ գիտնականի, հարկավոր է իշխանությունը բաժանել երեք բլոկի՝ 1. Անվտանգության բլոկ, որը կհամակարգի երկրի ներքին եւ արտաքին պաշտպանությունը 2. Ֆինանսական բլոկ, որում ընդգրկված կլինեն ֆինանսական, արտադրական, տնտեսության ոլորտները եւ 3. Սոցիալական բլոկ, որը պատասխանատու կլինի սոցիալական խնդիրների, կրթության, առողջապահության, մշակույթի համար: Եվ այդ երեքը պետք է գործեն համերաշխ՝ իրար չխանգարելով:
Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը ներկաներին պատմեց Արցախի մասին, Արցախի՝ հայ ժողովրդին եւ հայ պատմությանը տված արժեքների մասին: Գալով նորագույն պատմությանը՝ Արցախի պետնախարարը հիշեցրեց, որ հայկական բանակի ստեղծման պատճառը Արցախյան գոյամարտն էր, եւ Արցախը 26 տարի շարունակ՝ 1994-2020 թվականներին վահան եւ պատնեշ է եղել Հայաստանի թիկունքին: Ավելին, այդ տարիների ընթացքում Արցախը նաեւ ներդրում ուներ Հայաստանի տնտեսության մեջ, զորօրինակ՝ տարեկան հարյուր հազար տոննա հացահատիկ էր արտահանում Հայաստան. «Իհարկե, պոտենցիալն ավելի մեծ էր, եւ գյուղատնտեսության եւ հանքարդյունաբերության ոլորտներում»:
Պարոն Բեգլարյանը նշեց, որ ինչպես տարիներ շարունակ է ողջ հայությունը եղել Արցախի կողքին, հիմա էլ ոչինչ չի փոխվել, եւ պետք է միասնականությունը պահպանել: Նա առաջարկեց յոթ կետեր, որոնք կարող են իրականացնել Արցախին աջակցելու ցանկություն եւ կարիք ունեցողները: Մինչ կետերը թվարկելը՝ նա նշեց, որ շատ կարեւոր է, որ հիմա ցանկացած հայ՝ շարքայինից մինչեւ պետական այրեր, եթե որեւէ բանով չեն օգնում, գոնե չվնասեն:
Դիմելով համաժողովի մասնակիցներին՝ պետնախարարն ասաց, որ այս կետերից ցանկացածի կատարումը նպաստ կբերի արցախահայությանը եւ Արցախին:
1.Լինել Արցախի կողքին՝ չվնասել:
2.Ապրել Արցախում (սա վերաբերում է հատկապես արցախցիներին, արցախյան արմատներով հայերին՝ շեշտեց նախարարը)
3.Եթե չեք կարող ապրել, ապա գոնե այցելել Արցախ,հաճախ լինել Արցախում կապեր ստեղծել մարդկանց հետ
4.Կրթել մարդկանց: «Կրթական ծրագրերի կարիքներ ունենք, կրթության ոլորտում կադրային եւ ծրագրային ներդրումների կարիքներ կան»,-շեշտեց նախարարը, հավելելով, որ եթե հնարավոր չէ առկա տարբերակով, ապա, գոնե հեռավար ձեւով պետք է մասնակցել կրթության գործին:
5.Որեւէ բան կառուցել Արցախում՝ ենթակառուցվածքներ, դպրոցներ, բնակարաններ…
6.Որեւէ բիզնես սկսել Արցախում
Եվ վերջապես, եթե այս վեցից որեւէ մեկը չի հաջողվում, գոնե վերջին՝ յոթերորդ կետը անել.
7.Իրազեկել շրջապատում: Պատմել Արցախի մասին, անդրադառնալ արցախյան հակամարտությանը, բացատրել իրականությունը:
Պարոն Բեգլարյանը նկատեց, որ Արցախում շատերն են կրում արժեքային մտածողության շնորհիվ: «Եթե զուտ ռացիոնալ, պրագմատիկ մտածողությամբ առաջնորդվեինք՝ այսօր Արցախում մարդ չէր մնա: Բայց մենք ապրում ենք արժեքային մտածելակերպով, մենք հասկանալով, գիտակցելով եւ արժեքների համար ենք ապրում եւ արարում Արցախում»:
Նիստի բովանդակային քննարկումները փակ էին լրատվամիջոցների համար:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ