Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախցիներ. «Գեղ կանգնի՝ գերան կկոտրի: Պիտի հայերով միասնական լինենք»

Հոկտեմբեր 31,2022 23:33

Հոկտեմբերի 30-ին դեռ ժամը 13-ից Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաքվում էին մարդիկ՝ մասնակցելու ժամը 15-ին նախատեսված հանրահավաքին, որն արդյունքում իսկապես շատ բազմամարդ էր: Ի՞նչ հույսերով, ի՞նչ նպատակներով եք հավաքվել այսօր այստեղ՝ երեկ մինչ հանրահավաքի սկսվելը փորձում էի ճշտել հավաքված մարդկանցից ոմանցից: Շատերը չէին ցանկանում զրուցել, ոմանք զրուցում էին՝ չտեսագրվելու պայմանով, ոմանք՝ անգամ չձայնագրվելու… Բայց հիմնական մթնոլորտը, հիմնական ասելիքը, ըստ էության, նույնն էր՝ «Մենք այստեղ հավաքվել ենք՝ մի կողմ թողնելով բոլոր հարցերն ու խնդիրները, որոնք ունենք թե՛ մեր ղեկավարության, թե՛ հայաստանյան իշխանությունների հետ, եկել ենք ասելու, որ մենք տեր ենք մեր երկրին, չենք պատրաստվում ոչ մի տեղ հեռանալ այս մի բուռ հողից, որ մնացել է, եւ չենք պատրաստվում ապրել Ադրբեջանի իշխանության ներքո»:

Ստորեւ ներկայացնենք պատառիկներ հանրահավաքի հավաքված մարդկանց հետ զրույցներից:

«Սա մեր տունն է, մենք մեր տանն ենք ապրում, ուրիշ տեղ չենք: Ուրիշը իրավունք չունի գա մեր տանը ապրի: Հանուն մեր հողի, մեր երեխաների ապագայի մենք պատրաստ ենք ապրելու ու մեռնելու: Բոլորս էլ հայ ենք, թող միասնական լինենք, իրար հետ տեսնենք ինչ ենք անում: Մենք ենք մեր երկրի տերը: Մենք պիտի ապացուցենք դա»: «Արցախը մերն ա, մերն էլ մնալու ա»:

«Որեւէ մեկը թող չփորձի մեզ պարտադրել՝ ապրելու Ադրբեջանի ենթակայության տակ: Մենք չենք մոռացել Սումգայիթը, Բաքվի ջարդերը, մենք տեսնում ենք, թե ոնց են Ադրբեջանում դպրոցներից, մանկապարտեզներից սկսած հայերի հանդեպ ատելություն սերմանում, եւ մեր երեխաների, մեր երիտասարդների ապագան չենք կարող վտանգել՝ ապրելով պոտենցիալ հայասպանների հետ: Սա մեր հողն է, դարերով մենք ապրել ենք այս հողում, երբեք ու երբեք չենք եղել Ադրբեջանի կազմում, որովհետեւ այդպիսի պետություն չկար: Իսկ հետո, երբ սովետական իշխանությունները ինչ-ինչ պատճառներով Արցախը մտցրեցին Սովետական Ադրբեջանի կազմի մեջ, մենք Ինքնավար Հանրապետություն էինք, իսկ հիմա Ալիեւն ասում է՝ Ղարաբաղի հարցը լուծված է… ու էդքանից հետո՝ ո՞նց եք պատկերացնում, որ մենք՝ երեսուն տարի պետականություն ունենալով, թեկուզ չճանաչված, բայց ինքնիշխան երկիր լինելով, հիմա վերանա՞նք»:

«Հայաստան էի գնացել մի ամիս առաջ՝ գործով: Մի քանի տարի չէի գնացել: Շատ բարի էին մարդիկ, շատ լավ էին տրամադրված, ամեն տեղ սիրով, օգնելով… Շատ լավ էր ամեն ինչ: Բայց երկու դեպք եղավ, որ սիրտս փշրեցին: Ծանոթիս հետ կաֆեում նստած զրույց էինք անում, մեր բարբառով էինք խոսում: Մի կին եկավ, հրեց մեր սեղանը, ֆշշացրեց, գնաց, բայց չդիմացավ, էլի եկավ, թե՝ էս կաֆեն հայերի համար ա, ռադ եղեք ձեր Ղարաբաղը… Մեկ էլ մի խանութում երեխու համար կոշիկ էի առնում, որ լսեց երեխի հետ մեր բարբառով խոսացի, կոշիկն առավ, գնաց, ասավ՝ փակվում ա խանութը, գնացեք: Ախր, տենց ո՞նց կլինի: Մի ազգ ենք, մի հայ ենք բոլորս: Էս հողի համար ինչքան լոռեցի, գյումրեցի, հրազդանցի, երեւանցի տղա է զոհվել, բա էդ արյունը ուրանա՞նք: Բա եթե մեզ հիմա ասում են՝ գնացեք, դարձեք թուրքի ստրուկը, բա էդ արյունը իզո՞ւր են թափել էդ տղաները…Մենք հիմա կանգնել ենք ստեղ, որ ասենք, որ իզուր չի եղել էդ ամեն ինչը»:

«Մեսրոպ Մաշտոցը հայերեն տառերը, որ ստեղծել ա, բոլորիս համար ա ստեղծել, մենք բոլորս էլ հայ ենք, հայերեն ենք խոսում, գրում: Բոլորս էլ մեկ ենք: Հայաստանը միշտ մեր թիկունքին ա եղել, մեր կողքին: Հիմա էլ: Բայց դե, ոնց ասեմ… կան, շատ կան մարդիկ, որ սուտ-սուտ բաներ են լսում, հավատում են, ու ասում են՝ պրծնենք Ղարաբաղից էլ, ղարաբաղցուց էլ: Ախր, թուրքի ուզածը հենց դա ա, որ մեզնից պրծնեք, հետո էլ Սյունիքն եք տալու, ասեք՝ պրծնենք Սյունիքից էլ, սյունեցիքից էլ: Դրանից հետո թաթը դնելու ա Սեւանի վրա, ասի՝ մերն ա: Էդ էլ ե՞ք տալու: Հետո ասելու ա՝ Արարատն էլ մերը, Տավուշն էլ ա մերը… տենց տալով ո՞ւր եք հասնելու»,-մեկ այլ զրուցակցիս խոսքերն են:

«Ես երեք պատերազմներին էլ մասնակցել եմ: Միշտ էլ Հայաստանը մեր հետ ա եղել, մեր կողքին: Հայաստան էլ եմ ապրել, չորս տարի, Աբովյանում: Բա ես կմոռանա՞մ, թե առաջին պատերազմի ժամանակ ոնց իմ կողքիս լեննականցին սնայպերով զոհվեց: Բա դա մոռանալո՞ւ բան ա: Բայց որ մեզ ասում են՝ գնա թուրքի հետ ապրի, դա լինելու բան չի»:

«Չպիտի Նիկոլը թուղթ ստորագրի Ալիեւի հետ, որ Արցախը հանձնում ա: Չի կարող: Մենք ստեղ ապրում ենք: Միշտ էլ ապրել ենք ու ապրելու ենք: Ո՞նց կարող ա մի մարդ մի ստորագրությամբ մեր բոլորիս հարցը լուծի: Ո՞վ ա էդ մանդատը տվել իրան…»,- հարցնում է հաջորդ զրուցակիցս:

Հաջորդ զրուցակիցներիս հարցնում եմ՝ այստեղ ռուսական դրոշներ են բարձրացված, քիչ առաջ էլ լսում էի, թե ինչպես են մարդիկ ասում, որ եթե Հայաստանը մեզնից ձեռ է քաշել, պիտի Ռուսաստանին միանանք, դա՞ եք ելք համարում: Պատասխանում են. «Եթե Հայաստանը մեզանից հարյուր տոկոսով ձեռքերը լվացել ա, Ռուսաստանն էլ համաձայն լինի, վերցնի փաստաթղթով, ուրեմն ուրիշ ելք չունենք: Բոլորս էլ կասենք՝ կողմ ենք: Ուրիշ ելք չկա: Ի՞նչ անենք: Հենա՝ էն երեխուն տեսնում ես, մեղքդ չի՞ գա, որ վաղը-մյուս օրը մի հատ սիրենա բարձրանա, տանեն պադվալը… մենք չենք ուզում, էլի…»:

«Մարդը որ ծովում խեղդվում ա, ձեռքը գցում ա ծովի փրփրուրներից, իրան թվում ա, թե կբռնվի, դուրս կգա… Ղարաբաղի 75 տոկոսը չկա, մնացել ա էս մի բուռը: Հայաստանը զորքը լրիվ հանել, գնացել ա: Տեսա՞ք ինչքան երեխա կա ստեղ, հրապարակը երեխեքով են լցված: Բա ի՞նչ անենք, չմտածե՞նք էդ երեխեքի մասին: Պետք լինի՝ Չինաստանին, Ճապոնիային էլ պիտի խնդրենք, ի՞նչ անենք: Էսօր ռուսն ա կանգնած զենքով մեր կողքը, ռուսին ենք դիմում…»,-ասում է մեկ ուրիշը:

«Հիմա մենք հավաքվել ենք, որ ցույց տանք, որ ուժեղ ենք, չենք վախենում թուրքից: Բայց որոշողը ղեկավարությունն ա: Մենք մի հատ կարգին հայրենասեր, հողասեր, մարդասեր ղեկավար չենք ունեցել: Որ էդքան ասում են՝ Ռոբերտը, Սերժը… Չիմանաք, թե ղարաբաղցին նրանց երեսը լվանում ա: Չէ, բոլորն էլ փողասեր են եղել, փողասեր: Թե ասա՝ էդքան փողը ի՞նչ եք անելու, ախր, կերածներդ մի փոր հաց չի՞: Ի՞նչ անենք, թե դուք ամեն օր խորոված եք ուտում, ես՝ վերմիշիլ: Մի փոր բան ա, ուտում ենք, որ չմեռնենք, էլի…: Բա էդ փողով էնքա~ն կարեւոր բաներ կարող էին անել, հիմիկվա ղեկավարներն էլ՝ հետը…»:

Խոսք ու զրույցը հավաքեց Մելանյա Բարսեղյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31