Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն այսօր գտնվում էր Իջևանում։ Դեսպանը մասնակցեց «Տավուշի Պատրիկ Տէվէճեան տարածաշրջանային քոլեջի» բացման արարողությանը։ Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը։ Քոլեջում ուսուցանումը կիրականացվի «Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում» մասնագիտությամբ, նախնական և միջին մասնագիտական կրթական ծրագրերով։ Հիմնադրամում դասավանդելու են Ֆրանսիայում վերապատրաստում անցած մասնագետները. ուսումնական գործընթացում կներգրավվեն նաև ֆրանսիացի դասախոսներ:
Կրթահամալիրում ուսուցումն իրականացվելու է ՀՀ-ում գործող կրթական չափորոշիչներին համապատասխան, կտեղայնացվեն նաև ֆրանսիական կրթական չափորոշիչներ և ֆրանսիական մանկավարժական մեթոդներ:
Կարդացեք նաև
Հիմնադրամի ստեղծման վայրն ընտրվել է՝ հաշվի առնելով «Ֆրանսիայի հայկական հիմնադրամի» առաջարկը, այն է՝ օգտագործել Իջևան քաղաքում գտնվող Տավուշի տարածաշրջանային քոլեջի շենքային պայմանները և Լուսաձոր համայնքում գտնվող «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի առկայությունը, որը որոշ մասնագիտությունների համար կծառայի որպես ուսումնական բազա:
Հիշեցնենք, որ Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջի վերակազմակերպումից և հիմնադրամ դառնալուց հետո հաստատությունում շարունակվելու է ուսուցանվող մասնագիտություններով կրթությունը՝ ըստ աշխատաշուկայի պահանջարկի:
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ