Այսօր ԱԺ մշտական հանձնաժողովներում քննարկվում է 2023-ի պետբյուջեի նախագիծը:
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Գագիկ Մելքոնյանը բողոքեց ինքնագլորներից. «Ամեն oր ականատես ենք լինում այդ հեծանիվների, մոտոցիկլետների վթարների՝ առանց համարների, ինձ թվում է վարորդական իրավունք էլ չունեն:
Կարդացեք նաև
Առաջներում, եթե վարորդական իրավունք չունեին, մոտոցիկլետ չէին թողնում վարել, ես հիմա ամեն օր տեսնում եմ վթար: Սրանց վերջը ո՞նց է լինելու:
Փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը պատասխանեց, որ մոտոցիկլետների ու մոպեդների հետ կապված օրենսդրական կարգավորում կա, բայց բաց է էլեկտրական ինքնագլորների հարցը: Նա տեղեկացրեց, որ առաջիկայում նոր նախագիծ են բերելու ու փորձելու են այդ դաշտը եւս կարգավորել. «Սկզբում ներդրվեց այդ ինքնագնացների շահագործումը, հետո մտածվեց կարգավորման մասին»:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ ասաց. «Մեզ մոտ աշխատանքային քննարկում եղավ այդ էլեկտրոնային ինքնագլորների մասին, որոնք շատ վտանգավոր են: Զույգերով են գնում, առանց համապատասխան կահավորման, տարիքների, ոչ մի բան չկա, ընկնում են, ջարդվում են ու ջարդում են նաեւ ուրիշների: Պարոն Մելքոնյան, ձեր բախտը բերել է, որ ձեր կողքով անվտանգ անցել են, Լիոնում տեսել եմ ոնց են քշում, կարան տրորելով անցնեն: Հասարակությունը գտել է ձեւը՝ վերցնում, գցում են ջուրը: Հիմա մենք ջուր չունենք, ո՞ւր գցենք»:
ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանն ասաց, որ ինքը պատրաստվում էր նախագիծ բերել, որ Երեւան քաղաքի տեսախցիկներին ոստիկանությունը հասանելիություն ունենա, խոսքը կարմիր գծերի սարքերի, տեսախցիկների մասին է, բայց ոստիկանությունից ասել են, որ «խելացի քաղաք» եւ «անվտանգ քաղաք» նախագիծ է մշակվում ու ուզում են, որ մեծ օբյեկտներն էլ իրենց տեսախցիկներին հասանելիություն տան ոստիկանությանը:
Նա հետաքրքրվեց, թե որքա՞ն ժամանակում այդ համակարգը կարող են ներդնել, որովհետեւ, ըստ նրա, Երեւանում գողություն ու հանցագործություն կատարած անձինք դուրս են գալիս Երեւանից մարզեր, այնտեղ տեսախցիկները քիչ են ու հանցագործությունը դժվար է լինում բացահայտել: Ֆիդանյանը պատասխանեց. «Նախատեսվում է տարբեր տնտեսվարողներին, մասնավորապես՝ դեղատներն, բանկային եւ վարկային կազմակերպություններին, առեւտրային որոշակի քմ-ից մեծ տարածություն ունեցող կազմակերպություններին, ՏԻՄ-երին, ուսումնական հաստատություններին հորդորեն տեղադրել համապատասխան չափորոշիչներով տեսախցիկներ ու մուտքի հնարավորություն ընձեռեն ոստիկանության տեսանկարահանում իրականացնող ՊՈԱԿ-ին: Դա հնարավորություն կստեղծի դեմքի ավտոմատացված ֆիքսում եւ նույնականացում, տրանսպորտային միջոցի ֆիքսում եւ նույնականացում անելով՝ բացահայտել հանցագործությունները առավել արդյունավետ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ