Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն այսօր հանդիպում է ունեցել Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանի հետ։ Համայնքապետը կարևորեց Ֆրանսիայի հետ ունեցած բարեկամական կապերի ամրապնդումը և ներկայացրեց հնարավոր նոր համագործակցության ոլորտները։
Դեսպան Անն Լույոն իր հերթին ողջունեց Ֆրանսիայի Վալանս քաղաքի և Իջևանի միջև հաճախակի կազմակերպվող փոխայցելությունները։
«Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել ջերմ ընդունելության համար և ասել, որ ողջունելի է Իջևանի և Վալանսի միջև հաստատված ամուր բարեկամական կապը։ Հենց Վալանսի քաղաքապետից տեղեկացա, որ Հայաստանում՝ մասնավորապես Իջևանում, դեռևս մանկապարտեզի տարիքից ուսուցանում են ֆրանսերեն լեզուն։ Մեզ համար կրթությունն այն կարևոր և առաջնային ոլորտն է, որի շուրջ պետք է ձևավորենք մեր համագործակցությունը։ Պատահական չէ, որ այսօր մեր համատեղ ջանքերով Իջևանում կբացվի գյուղատնտեսական քոլեջ։ Այն կնպաստի տեղի երիտասարդների մասնագիտական որակի բարձրացմանը, իսկ գյուղատնտեսության զարգացումը կնպաստի նաև արտագաղթի նվազեցմանը»,-նշեց դեսպանը։
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ