Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Մեհրաբյան․«Ես մի քիչ լավ չեմ պատկերացնում, թե Պուտինն ինչպես է Ալիեւին համոզելու, որ Ղարաբաղի հարցը պետք է չլուծվի»

Հոկտեմբեր 31,2022 20:25

«Մոսկվան անում է առաջարկություններ, եւ մի կողմից դա ականջահաճո է հայկական կողմի համար, մյուս կողմից էլ դա պետք է համաձայնեցվի  Ադրբեջանի հետ, ինչը  Ռուսաստանը չի կարող անել։ Այսինքն, ՌԴ-ն իր բերանը մտցնում է ավելի մեծ կտոր, քան նա կարող է ծամել եւ մանավանդ՝ մարսել։ Բայց ճնշումները ուղղված էին Հայաստանի դեմ»,-այսպիսի կարծիք Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանն՝ անդրադառնալով Սոչիիում Փաշինյան-Պուտին հանդիպմանն արած հայտարարությանը։

Այդ հանդիպմանը ՀՀ վարչապետն ասել է՝  Լեռնային Ղարաբաղի հարցում մեզ համար ընդունելի են ռուսական կողմի՝ «Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև միջպետական ​​հարաբերությունների հաստատման հիմնական սկզբունքներն ու պարամետրերը» նախագծով առաջարկված մոտեցումները։

Օրեր առաջ «Վալդայ» ակումբում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել էր․ «Այսպես կոչված վաշինգտոնյան տարբերակը, որքան հասկանում եմ, նախատեսում է Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչում ամբողջ Ղարաբաղի նկատմամբ։ Եթե Հայաստանն այդպես է կարծում, ապա մենք կաջակցենք հայ ժողովրդի ցանկացած ընտրությանը։Եթե հայ ժողովուրդը եւ Հայաստանի ղեկավարությունը կարծում են, որ Ղարաբաղն ունի իր առանձնահատկությունները, որոնք պետք է հաշվի առնվեն ապագա խաղաղության պայմանագրում, դա նույնպես հնարավոր է։

Բայց, իհարկե, պետք է պայմանավորվել Ադրբեջանի հետ։ Անհրաժեշտ է, որ այդ պայմանավորվածություններն ընդունելի լինեն նաեւ Ադրբեջանի համար»։

Ռուբեն Մեհրաբյանն այս առնչությամբ նկատեց՝ վաշինգտոնյան տարբերակ գոյություն չունի, այն ինչ խոսվում է, խոսվում է Բրյուսելում եւ ԱՄՆ-ն սատարում է  այն, ինչ խոսվում է Բրյուսլեում։

Ըստ Մեհրաբյանի, Հայաստանի տված համաձայնությունն, ըստ էության քարտ բլանշ է՝  եթե մեզանից է պահանջվում, խնդրեմ, վերցրեք  գնդակը եւ փորձեք գնալ ու գոլ խփել, եթե ճանապարհին արմունկով ձեր գլխին չհարվածեն․ «Իսկ մենք տեսնում ենք, որ Ռուսաստանն ամբիցիաներից այն կողմ իր հնարավորությունները կարծես լավ չի հաշվարկել, որովհետեւ ես մի քիչ լավ չեմ պատկերացնում,  թե Ալիեւին ինչպես է համոզելու, որ պետք է Ղարաբաղի հարցը չլուծվի։ Հետո ինչպես է լինելու, Արցախում պահանջում են, որ ռուսներն ընդմիշտ մնան, կարծեք թե պիտի Փաշինյանը որոշի ռուսները մնան, թե՝ չմնան։ Դա Ադրբեջանի հետ պետք է համաձայնեցվի։ Ադրբեջանը ռուս խաղաղապահների հինգ տարվա մանդատը նույնիսկ չի ստորագրել,  Ռուսաստանը նույնիսկ այդ հարցը չի կարողանում լուծել։ Այսինքն, այսօրվա խոսակցության արդյունքում երբ կլինի հայտարարություն, մենք ըստ այդ  բովանդակության էլ կհասկանանք, թե որքանով է լուրջ  ընդհանրապես  ՌԴ-ն թե՛ որպես միջնորդ, թե՛ որպես երաշխավոր եւ քանի  ռուսական կոպեկ արժեն այդ բոլոր խոսքերը։ Որովհետեւ,  նույնիսկ  Ռուսաստանը սպառնալիքի լեզվով էր խոսում ՀՀ-ի հետ, իսկ Զատուլիններն  ու զատուլինանմանները նույնիսկ սպառնում էին նոր հոկտեմբերի 27-ով։ Հետեւապես այս իրավիճակում Ռուսաստանը, եթե փորձում է, պատկերավոր ասած, ռեգբի խաղալ, ոտքով, արմունկով խփելով ուզում է գնդակը խլել ու տանել գոլ խփել, Հայաստանը միանգամից  վոլեյբոլի ռեժիմի անցավ՝ գնդակն եք ուզում, վերցեք, գնացեք, տեսնեմ՝ ոնց եք տանում,  մինչեւ հակառակ կողմի դարպասները կհասնե՞ս, թե՞ ոչ։ Հիմա Ռուսաստանի ձեռքում է գնդակը, փորձում է խաղալ»։

Մեհրաբյանն իրավիճակը շատ վտանգավոր գնահատեց։

Ակնհայտ է, որ ՌԴ առաջարկին Ադրբեջանը չի համաձայնելու։ Ապա այս դեպքում ի՞նչ է լինելու։  Մեհրաբյանն այս առնչությամբ ասաց՝ նոյեմբերին լինելու է հանդիպում Բրյուսելում, եւ  խոսակցությունն ընթանալու է առանց Ռուսաստանի․ «Եվ ՌԴ- ին ասվելու է՝ ձեր նախաձեռնություններով գործընթացի մեջ մի՛ ընկեք։ Մենք գնում ենք  խաղաղության Ալմա-Աթայի  հռչակագրի եւ ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքների հիման վրա։ 2-րդը՝ Բաքուն եւ Ստեփանակերտը պետք է առանձին ֆորմատով միջազգային հովանու ներքո խոսեն։ Իսկ դա նշանակում է, որ ռուսներն այն  ձեւով, որով երազում են ներկա լինել գործընթացում, ուղղակի ի վիճակի չեն լինելու, եւ անհամաչափ պահանջները հիմնազուրկ են»։

Այսինքն, ինչպես պարզաբանեց Մեհրաբյանը, իրավիճակը պետք է հանգի համընդհանուր  իրատեսության, համընդհանուր կոնսեսուսի եւ համընդհանուր խաղի կանոնների․ «Եվ առանց խանդի տեսարանների՝ Օթելլոյին բնորոշ, մանավանդ սպառնալիքներով, թե՝ եթե Հայաստանը գնա խաղաղության Անվար Սադաթի ճակատագրին (նկատի ունի Զատուլինի հարցազրույցը, որտեղ նա Փաշինյանին համեմատել է Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթի հետ, որին սպանել են, ըստ պնդումների, արտաքին քաղաքական գիծը փոխելու փորձի համար, Ն․Բ․) կարժանանա։ Էդ ձեր շեֆն է արժանանալու Քադաֆիի ճակատագրին»։

Մեր դիտարկմանը՝ Արցախի խորհրդարանն երեկ հայտարարություն տարածեց՝ Արցախը երբեք չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում, ԱՀ ԱԺ պատգամավորներն էլ ռուսական առաջարկի կողմնակիցն են, Մեհրաբյանն ասաց՝ այդ հայտարարությունն ու Ստեփանակերտում տեղի ունեցած հանրահավաքում հնչած թեզերը բազմաթիվ հարցեր են առաջացնում․ «Պուտինն էր ասել, որ ԼՂ-ն՝ հարակից շրջաններով Ադրբեջանի մաս են, դա ողջունո՞ւմ են,  ինչ-որ բան են խնդրում, որ ի՞նչ լինի, Պուտինն իր դիրքորոշումից հե՞տ է կանգնելու։ Գուցե իրենք ինչ-որ բան գիտեն, որի մասին ես տեղյակ չեմ։  Եվ հետո՝ այդ ինչ խոսելու ձեւ է՝ Պուտինին ինչ-որ բան խնդրում եք, կարծեք Պուտինի ձեռքում է, իսկ Հայաստանից պահանջում եք։ Այսինքն, դուք միայն  ուզողի՞ դերում եք եւ զրո պատասխանատվությո՞ւն այս ուզելու գործընթացի նկատմամբ։ Իրենք փորձում են իրենց քաղաքական մոտեցումները գործիքավորել նաեւ Հայաստանի ներքաղաքական իրողությունների վրա ազդելու համար։ Սա շատ վտանգավոր խաղ է։ Եվ ԱՀ ԱԺ որոշ շրջանակներ ուղղակի ղալաթ են անում, որովհետեւ այսօր մենք տեսնում ենք, որ դա նաեւ ազդակ հանդիսացավ Հայաստանում գործող 5-րդ շարասյան եւ 6-րդ պալատի համար, որպեսզի երեւանյան փողոցներում այդ խորեոգրաֆիայի հաջորդ արարը գործարկեն»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31