Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթը կմիահյուսի երաժշտությունն ու գրականությունը

Հոկտեմբեր 31,2022 20:07

Առաջին անգամ կանցկացվի Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթը՝ միավորելով տաղանդավոր կոմպոզիտորների աշխարհի տարբեր ծայրերից, ստեղծելով յուրահատուկ հարթակ, որտեղ միահյուսվում են երաժշտությունն ու գրականությունը։

Այսօր կայացած մամուլի ասուլիսում մրցույթի մասին մանրամասներ հայտնեցին կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, մրցույթը նախաձեռնած «Կողբ» հիմնադրամի խորհրդի նախագահ Արման Բարսեղյանը, կոմպոզիտոր, Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթի ժյուրիի նախագահ Արամ Հովհաննիսյանը և Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթ նախագծի պատասխանատու Սոնա Վերդյանը։

Կազմակերպիչները տեղեկացրին, որ մասնակցության հայտերն ընդունվում են հոկտեմբերի 15-ից մինչև 2023թ. ապրիլի 1-ը: Նախաձեռնողները հույս են հայտնում, որ մրցույթը մեծ հետաքրքրություն կառաջացնի ոչ միայն հայ, այլև այլազգի կոմպոզիտորների մոտ։ Առաջին փուլը կկայանա 2023 թվականի մայիսի 1-ին: Առաջին փուլի արդյունքում ընտրված 6 ստեղծագործությունները կկատարվեն եզրափակիչ փուլում, որը կկայանա 2023թ. մայիսին։

Յուրաքանչյուր կոմպոզիտոր կարող է ներկայացնել մեկ վոկալ-գործիքային ստեղծագործություն կամ շարք՝ գրված ձայնի և մեկ կամ երկու գործիքի համար: Բոլոր ստեղծագործությունները պետք է գրված լինեն հայ միջնադարյան, դասական կամ ժամանակակից պոեզիայի հիման վրա:

«Կողբ» հիմնադրամի խորհրդի նախագահ Արման Բարսեղյանը նշեց, որ մեր լեզուն ու մշակույթն առաջ մղելու գործում սա կարևոր նախաձեռնություն է: «Հիմնադրամի կրթական-մշակութային օրակարգից ելնելով՝ մրցույթի կազմակերպմամբ նպատակ ունենք նպաստելու երկրի ներսում որոշակի մշակութային միջավայր ձևավորելուն և դրսում ներկայացնելու մեր պետությունը, մշակութային ժառանգությունը»,- ասաց Արման Բարսեղյանը։

«Վեց ամիս է տրված, որպեսզի ստեղծագործող անձինք ուսումնասիրեն հայ պոեզիան: Ընտրության հարցում սահմանափակումներ չկան: Բոլոր ժամանակների դասական հայ պոեզիան ընդունելի է: Մասնակիցներն ազատ են, հարցերի դեպքում կարող են դիմել մեզ»,-ասաց Սոնա Վերդյանը՝ հավելելով, որ մրցույթին կարող են մասնակցել ժամանակակից ակադեմիական ուղղվածության կոմպոզիտորներ` առանց տարիքային և ազգային սահմանափակումների:

Ժյուրիի նախագահ Արամ Հովհաննիսյանն ընդգծեց, որ կարվի հնարավորը, որպեսզի մրցույթը ճանաչելի դառնա միջազգային ամենալուրջ մասնագիտական հարթակներում։ Նախատեսված է կամերային գործիքակազմ։ Ստեղծագործությունը պետք է գրված լինի վերջին մեկ տարվա ընթացքում: Այն երբևէ չպետք է լինի կատարված, ձայնագրված, հրատարակված կամ հրապարակված: Ստեղծագործության տևողությունը պետք է լինի նվազագույնը 8 րոպե, առավելագույնը` 12 րոպե: Արամ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ժյուրիի կազմն արդեն ձևավորվել է և անհամբեր սպասում են մասնակիցների ստեղծագործություններին:

Ինքը՝ մաեստրո Մանսուրյանը, նկատում է, որ իր համար ուրախալի է մրցույթի անցկացման փաստը, որն ունի հետաքրքիր և խիստ կարևոր ձևաչափ. դա հայ դասական երաժշտություն և պոեզիայի հարաբերությունն է, ինչը, ըստ կոմպոզիտորի, մեր օրերում հատուկ խնամքի կարիք ունի։

Նշենք, որ մրցույթի 1-ին մրցանակակրին կշնորհվի 3.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, 2-րդ մրցանակակիրը կարժանանա 2.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի, իսկ 3-րդ մրցանակի համար սահմանված է 1․000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ պարգևավճար:

 

Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթի թիմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31