Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Իշխանն էլ, ստացվում է, Տեր-Պետրոսյանի հոգեթոռն է, ով դեռ պետք է մեծանա, աճի, ու սերտի լիքը բաներ». Արման Մուսինյան

Հոկտեմբեր 31,2022 19:25

ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Իշխան Սաղաթելյանն այսօր իր ասուլիսում հայտարարել է. «Պետք է արձանագրել, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հայ ժողովրդի համար այս ճակատագրական փուլում մեկ անգամ ևս վերահաստատեց երկիրը կապիտուլյացիայի տանելու իր նախկին մոտեցումները: Իհարկե, իրենք անընդհատ փորձում են տարանջատվել Նիկոլից, բայց այն գաղափարախոսությունն ու գործողությունները, որ անում են, մեկ անգամ ևս փաստեցին»:

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին, որը նաև պատմական գիտությունների թեկնածու է, հնարավոր է օգտակար լինել մի փոքրիկ պատմական էքսկուրսով: Մնացյալ միջոցները բժշկական ոլորտի են: Եվ այսպես.

1.Հայ Հեղափոխական Դաշնակցությունը իր ողջ խմբակցությամբ քվեարկել է Նիկոլ Փաշինյանին վարչապետ դարձնելու որոշման օգտին, պարզ ասած՝ նրան բերել իշխանության: Միակ բացառությունը եղել է Աղվան Վարդանյանը, որին այդ պատճառով հեռացրել են Դաշնակցությունից: Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը նույնիսկ հրապարակայնորեն քննադատվել է «հեղափոխությունը» չողջունելու համար:

2.Հայ Հեղափոխական Դաշնակցությունը Նիկոլ Փաշինյանի կոալիցիոն կառավարության մաս է կազմել: Իշխան Սաղաթելյանին այդ գործարքի շնորհիվ բաժին է ընկել հայրենի Գեղարքունիքի մարզպետի պաշտոնը:

3.Կոալիցիոն կառավարության մաս կազմելով Դաշնակցությունը պատասխանատվություն է ստանձնել Նիկոլ Փաշինյանի արցախյան քաղաքականության համար:

4.Կոալիցիայից դուրս գալուց հետո Հայ Հեղափոխական Դաշնակցությունը բազում առիթներով ծափահարել է Նիկոլ Փաշինյանի արցախյան քաղաքականությանը՝ գերագույն էքստազ ապրելով նույն Փաշինյանի ոչմիթիզական, հակաբանակցային, հակապետական ու ազգակործան դիրքորոշումներից:

Հիմա Դաշնակցության և ՔՊ-ի միջև ընթացող ներտեսակային ուրացումների սուր շրջան է, և Իշխան Սաղաթելյանը փորձում է ազատվել իրենց «հալալից»: Բայց պատմաբան Սաղաթելյանին պիտի հայտնի լինի, որ փաստերը հաղթում են աղմուկին ու կեղծիքին: Ինչքան էլ Իշխանը փորձի թպրտալ:

Ինչ վերաբերում է Վեհափառի նախաձեռնած գործընթացում նախագահ Տեր-Պետրոսյանի արտահայտած դիրքորոշմանը, պատմաբան Իշխան Սաղաթելյանին հիշեցնեմ, որ պետության ծանրագույն պահերին Տեր-Պետրոսյանը մշտապես որդեգրել է դիրքորոշում, որը բխում է պետության շահերից, անկախ նրանից, թե որ անձը կշահի դրանից: Մասնավորապես՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, երբ կոչ արեց համախմբվել նախագահի շուրջ, 2016-ի ապրիլյան պատերազմից առաջ՝ խորհրդապահական խողովակով, իսկ պատերազմից հետո՝ նաև հրապարակավ:

Եթե հետևենք Իշխան Սաղաթելյանի «տրամաբանությանը», ապա նույն հաջողությամբ Տեր-Պետրոսյանի հոգեզավակներ պետք է հռչակվեն Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը: Մի տեսակ անհարմար բան է ստացվում Իշխան Սաղաթելյանի համար: Նաև այն պատճառով, որ այդ պարագայում Իշխանն էլ, ստացվում է, Տեր-Պետրոսյանի հոգեթոռն է, ով դեռ պետք է մեծանա, աճի, ու սերտի լիքը բաներ: Մասնավորապես սովորի, որ չիմացած բաներից չեն խոսում, որ խայտառակ չլինեն»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31