«Ի՞նչ ենք անելու «Նաիրիտի» թափոնների հետ, անվերջ փող ենք տալու ու պահե՞նք»,- այսօր ԱԺ մշտական հանձնաժողովներում քննարկվում է 2023-ի պետբյուջեի նախագիծը եւ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանն այս հարցն ուղղեց արտակարգ իրավիճակների փոխնախարար Արտյուշ Գրիգորյանին:
Պարզվեց՝ այս պահին կառավարությունը հանձնարարական է տվել «Նաիրիտում» առկա վտանգավոր նյութերի ոչնչացման. «Մեզ մոտ մրցույթ ենք իրականացրել 35 անուն նյութերի մասով: 34-ի մասով շահել են, բայց մեկ անուն նյութը՝ «լաքէթինոլը», որն ամենավտանգավոր նյութերից է աշխարհում, այս պահին ուսումնասիրության արդյունքում չկա մի երկիր, որտեղ կարող են դրա ոչնչացման մեթոդներն ասել: Դրա համար ՇՄԱԳ (շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում) է պետք, իսկ այն կազմակերպությունը, որը մասնակցել է մրցույթին, չունի ՇՄԱԳ-ը: Կաուչուկի արտադրման հետեւանքով առաջացած նյութն է լաքէթինոլը: Այն տարաների մեջ են լցնում ու երբ չեն օգտագործում, 1 տարի հետո պետք է այրել: Բայց մեր մոտ կա 20 տարվա, աշխարհում նմանատիպ փորձ չկա, թե ոնց պետք է այդ նյութերը ոչնչացնել: Հայաստանի գիտնակաները զբաղվում են այդ հարցով ու տարբեր միջազգային կազմակերպությունների ենք դիմել: Մրցույթը այս պահին իրականացված է, սպասում ենք, եթե ֆիննախը եզրակացությունը տա, 34 անուն նյութը այրման եղանակով կոչնչացվի, իսկ այդ 1 անուն նյութը հավանական է, որ էլի այրման միջոցով կլինի, ուղղակի այրման ձեւն է հարցը: Իսկ երբ լաքէթինոլը ոչնչացնենք, մենք արդեն կունենանք այնտեղ բավականին աշխատակիցների կրճատում: Աշխատակիցները հետեւում են, որովհետեւ 32 աստիճան ջերմաստիճանի դեպքում ինքնայրում է լինում, որը կարող է պայթյուն առաջացնել, իսկ այդ նյութից ունենք 1200 տոննա»:
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հետաքրքրվեց՝ այլ ձեւով այդ նյութի կիրառման տարբերակ մտածե՞լ են՝ ֆանտաստիկ, ասենք: Պատասխանեցին, որ հիմա անգամ չգիտեն, թե տարայի մեջ այդ նյութը ինչ է դարձել՝ հեղո՞ւկ է, պի՞նդ է, որովհետեւ ցանկացած շփում թթվածնի հետ կարող է այրում առաջացնել: Ուստի թե որոշեն այլ տեղ կիրառել, անգամ տեղաշարժել ու տեղափոխել չեն կարող:
Պապոյանն ասաց, որ այստեղ գումարներ խնայելու իրավունք չունեն, պետք է այդ հարցը լուծեն, որովհետեւ այսպես թե այնպես մեծ գումարներ են տալիս հենց այնպես՝ այդ նյութերը պահելու համար, որ միայն պայթյուն չլինի:
Կարդացեք նաև
Արդեն ԵՄ-ից գիտնականների խումբ է եկել, ուսումնասիրություններ են արել ու հույս կա, որ լուծում կգտնեն:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ